«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ՅԱՆ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ

Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, երեկ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը ծանոթացել է Հայաստանի առաջատար ակումբների ենթակառուցվածքներին: ՀՖՖ գործադիր փոխտնօրենի եւ ՀՖՖ ազգային հավաքական թիմերի տեխնիկական տնօրենի ուղեկցությամբ Յան Պորտերֆիլդը նախ այցելել է «Փյունիկ» ակումբի մարզաբազա, ծանոթացել ֆուտբոլիստների մարզումային հնարավորություններին, հետեւել պատանի ֆուտբոլիստների մարզումներին: Այնուհետեւ մարզչական կազմի հետ քննարկել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու «Փյունիկի» ֆուտբոլիստների պատրաստվածության խնդիրը, ինչպես նաեւ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների օրերին «Փյունիկի» մարզաբազայի եւ խաղադաշտերի օգտագործման հնարավորությունները:

«Բանանց» ակումբում եւս Յան Պորտերֆիլդը ծանոթացել է ակումբի ենթակառուցվածքին, հատկապես խաղադաշտերի վիճակին եւ մասնավորապես պատրաստվող արհեստական խոտածածկով խաղադաշտին, քանզի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման նախապատրաստությունը հնարավոր է իրականացվի հենց այդ խաղադաշտում: Բանն այն է, որ նշված հանդիպումը հենց նմանօրինակ խաղադաշտում է նախատեսվում: Յան Պորտերֆիլդին հաճելիորեն զարմացրել են մարզաբազայի հնարավորությունները եւ հատկապես ակումբի ղեկավարության պատրաստակամությունը` ամեն կերպ աջակցելու ազգային հավաքականի առաջընթացին: Առաջարկվել է օգտվել նաեւ «Բանանցի» բժշկական ենթակառուցվածքից` ֆուտբոլիստների պատրաստվածությունը բարձր մակարդակով ստուգելու համար: Յան Պորտերֆիլդը այստեղ եւս հետաքրքրվել է ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստների պատրաստվածության մակարդակով:

Յան Պորտերֆիլդը եղավ նաեւ «Միկա» ակումբում: Այստեղ նույնպես հավաքականի գլխավոր մարզիչը հիացած էր ֆուտբոլիստների համար ստեղծված հնարավորություններով` հատկապես մարզասրահներից եւ հույս հայտնեց, որ դրանք բոլորը հնարավոր կլինի օգտագործել հավաքականի ուսումնամարզական հավաքները բարձր մակարդակով անցկացնելու, ֆուտբոլիստների պատրաստվածությունը միջազգային հանդիպումներին պատշաճ մակարդակի բերելու համար:

Յան Պորտերֆիլդը կարեւորեց հավաքականի մարզումների անցկացումը տարբեր խաղադաշտերում, տարբեր որակի խոտածածկույթների վրա, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան ցանկացած խաղադաշտում դրսեւորել իրենց տեխնիկատակտիկական հնարավորությունները եւ չընտելանան որեւէ կոնկրետ խաղադաշտի: Նա կարեւորեց նաեւ ակումբների մարզչական կազմերի, ղեկավարների եւ ազգային հավաքականի մարզչական կազմի սերտ համագործակցությունը, բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորումը եւ այն գիտակցումը, որ հավաքականի զարգացումները պայմանավորված են բոլորի պատրաստակամությունից` օգնելու հավաքականին բոլոր առումներով:

Յան Պորտերֆիլդը եղավ նաեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ ծանոթացավ գլխավոր մարզադաշտի ենթակառուցվածքին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4