Մի քիչ զգույշ եղեք
Այն ժամանակ, երբ վրաց-թուրքական սահմանային գոտու անտառներում հրդեհները հանգցնելու ռուսական առաջարկին վրացական մերժմամբ պատասխանելը դիվանագիտական խաղ է հիշեցնում կամ տեղավորվում է ռուս-վրացական հարաբերությունների զարգացման տրամաբանության մեջ, դժվար է հասկանալ ադրբեջանական պրոպագանդայի հիստերիան ազատագրված տարածքներում հայերի կողմից հրդեհումների առնչությամբ:
Հայկական «ծագմամբ» որակվող հրդեհների գաղափարը կարծես Ադրբեջանին շատ է դուր եկել: Այդ կապակցությամբ բարձր ատյաններում հարցեր բարձրացնելու մասին է խոսում ոչ միայն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, այլեւ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Սեիդովը հայտարարում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում «հրդեհումների» հարցը, իսկ Մամեդյարովը խոսում է «հայերի իրականացրած հրդեհումները չդադարեցնելու դեպքում էկոլոգիական աղետի հնարավորության մասին»:
Եվ սա դեռ բոլորը չէ: Ադրբեջանական դիվանագիտության տարբեր հարթակների անհամաձայնության մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք: Հատկապես իրարից անտեղյակ են դուրս գալիս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու վերջինիս տեղակալ Արազ Ազիմովը: Մամեդյարովը, «Ազերի պրես» գործակալության հաղորդմամբ, հայտարարում է, թե ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Երեւանում «հրդեհները հանգցնելու» ադրբեջանական առաջարկները Հայաստանին փոխանցելով` կներկայացնի իր գնահատականը, իսկ պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանը:
Արազ Ազիմովն անմիջապես մեկնաբանում է նույն Կասպրչիկի գնահատականը այն առնչությամբ, որ հրդեհները հիշատակված տարածքներում բնական պատճառներ ունեն: Ըստ Ազիմովի, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գնահատականն արժեք չունի, քանի որ նա էկոլոգ չէ: Հետաքրքրական է, նույն տրամաբանության դեպքում, էկոլոգիա գիտության հետազոտության ի՞նչ աստիճանում են ինչպես Ադրբեջանի արտգործնախարարի, այնպես էլ փոխարտգործնախարարի գիտելիքները:
Ավելին, թերեւս էկոլոգիական մասնագիտացման ինչ-որ որակում էլ պետք է ակնկալել Ադրբեջանը ԵԽԽՎ-ում ներկայացնող Սամեդ Սեիդովից, այլապես, Ազիմովի խոսքերով, եթե ոչ կոմպետենտ է Կասպրչիկը, նույնքան էլ ոչ կոմպետենտ է Սեիդովը` նման հարց ԵԽԽՎ-ում բարձրացնելու համար:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ