«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2006-08-17 | #156, 2006-08-18 | #157, 2006-08-19


«ՆԱԻՐԻՏԸ» ՎԱՃԱՌՎԵԼՈՒ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին` թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ առաջարկով եւ համապատասխան առուվաճառքի պայմանագրերի կնքմամբ ձեռք բերել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մյուս բաժնետերերին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերը` այն հաշվով, որ գործարքի արդյունքում «Հայգազարդ» ՓԲԸ-ն կդառնա ընկերության մինչեւ 90 տոկոս բաժնեմասի սեփականատերը:

Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ներկայումս «Հայգազարդ»-ը սեփականության իրավունքով տնօրինում է «Նաիրիտ գործարան» ընկերության 56,2% բաժնեմասը:

Հաշվի առնելով բրիտանական «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպության (գնորդ) առաջարկությունը` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու եւ անհրաժեշտ ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ, ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի նախարարին հանձնարարել է նաեւ թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «Նաիրիտ գործարան»-ի կանոնադրական կապիտալի 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր շուկայական արժեքով 90 տոկոս բաժնեմասը ուղղակի վաճառքի եղանակով օտարել գնորդին:

ՀՀ էներգետիկայի նախարարին հանձնարարվել է նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան առքուվաճառքի պայմանագիր` վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասը օրենքով սահմանված կարգով գնահատված 13 մլրդ 600 մլն դրամ (մոտ 34 մլն ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով ձեռք բերելու վերաբերյալ:

Նույն որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ կառավարության եւ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» կազմակերպության (գնորդի) միջեւ կնքվող համաձայնագրի նախագծին: ՀՀ էներգետիկայի նախարարին լիազորվել է ՀՀ կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4