Մեր փոքրիկ հանրապետությունում կենդանիների այնքան տեսակներ կան, որքան ողջ Եվրոպայում
Օգոստոսի երրորդ շաբաթը կամ կիրակին ավանդաբար համարվում է որսասեզոնի բացման օր, որին սրտատրոփ սպասում են թե՛ մոլի, թե՛ սիրող որսորդները: Բացման հանդիսությունը սովորաբար կատարվում է Հրազդանի հանդամասերում: Սեզոնի առաջին կրակոցն արձակելու պատիվը վերապահվում է ամենահարգված որսորդին: Որսն ու որսորդությունն այսօր խորթ են եւ օտար քաղաքականությամբ հագեցած ինֆորմացիոն եւ ընդհանրապես գրասեր դաշտին: Հենց այսպիսի տեղեկատվության բացակայությունն է նաեւ մեղավոր բնության հանդեպ սիրո ու գեղեցկության զգացողության, բնության հետ շփումների պակասի` թե՛ մեծի, թե՛ փոքրի մեջ: Սակայն ոչ վաղ անցյալում մի ամբողջ սերնդի մեջ բնասիրություն դաստիարակեցին հենց Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքները:
Խախտելով կաղապարը, որսաշրջանի բացումից առաջ «Ազգը» որոշեց զրուցել 40 տարվա որսորդ, Որսորդմիության պատվավոր անդամ Սերժ Մանուկյանի հետ, որը ստեպ-ստեպ հոդվածներ է հրապարակում նաեւ բնապահպանական թեմաներով: «Ես բնություն եմ դուրս գալիս ոչ թե արյուն թափելու, այլ գույներ ու բույրեր տեսնելու համար, երբ տեսնում եմ թռչող կաքավ, սիրտս թպրտում է նրա թեւերի թափահարումների հետ, եւ այսպիսի պատկերներն ինձ օրեր շարունակ ուղեկցում են», ասում է նա:
Որսի շրջանը բացվում է լորով, հետո թխակապույտ աղավնի, քարակաքավ, նապաստակ ու ջրլող թռչուններ է թույլատրվում որսալ: Վերջին տարիներին առանց արտոնագրի որսի դուրս գալն անբարոյականության նման մի բան է ընկալվում որսորդների համար, եւ այդպիսի որսորդների թիվը հետզհետե շատանում է: Այսօր մեր որսորդներից շատերն են սրբությամբ պահպանում հնուց եկող գեղեցիկ ավանդույթները: Օրինակ, որսի արդար, հավասար բաժանման սկզբունքը, անկախ մասնակցության չափից: Իսկ եթե որսը քիչ է, օրինակ, ընդամենը նապաստակ, կիսելու փոխարեն տանում, միասին են ուտում:
- Դուք եղել եք Հայաստանի երեւի բոլոր անտառապատ տարածքներում, զուտ հայեցողական դիտարկումներով ո՞ր կենդանիներն են ավելացել կամ պակասել:
- Այդ մասին շատ չի ասվում, սակայն արցախյան ազատամարտի տարիներին մարտական զենքի առկայությունը, զենքը ձեռքին անտառ մտած մարդիկ շատ նպաստեցին կենդանիների ոչնչացմանը: Անտառներում այնքան կրակներ են վառվել, մարտեր, հրաձգություն է եղել, խախտվել է վայրի կենդանիների միջավայրը, խաթարվել ներդաշնակությունը բնության հետ: Վայրի կենդանիները ստրեսների մեջ ընկան, տեղափոխվեցին այլ վայրեր, սպանվեցին ու ոչնչացան միգրացիայի ճանապարհներին, քանի որ թաքստոցներ չունեին: Ինչ խոսք, նաեւ անտառահատումներից շատ տուժեցին: Տիպական մի օրինակ բերեմ: Մի քանի տարի առաջ Ստեփանավանի Գյարգյառ գյուղի անտառներից նապաստակը փախել մտել էր շինարարական լքված մի օբյեկտ, որտեղ ավելի խաղաղ էր, քան անտառում, ուր «դրուժբա» սղոցներն էին աշխատում:
Եղնիկներն են պակասել ու պակասում: Վերջին քարայծյամներին նկատել են Չաթինդաղ լեռան վրա, սրանք մի քիչ ավելի հեշտ որսացվող կենդանիներ են, եւ մարդիկ մինչեւ վերջին ներկայացուցիչը սպանել են: Նույն վիճակում է հայտնվել կովկասյան ազնվացեղ եղջերուն` Թումանյանի նկարագրած պախրան:
- Ասում են, մեր մեծահարուստներից մեկի գնդակին է զոհ գնացել վերջին եղջերուն:
- Չէ, Հայաստանում արդեն չկա, եթե կա էլ, ապա այս կենդանիներն այնքան ծածուկ կյանք են վարում, որ մարդիկ հազիվ հանդիպած լինեն:
Հովազներ մնացել են Եղեգնաձորում եւ Սյունիքի լեռնային որոշ շրջաններում:
Մուֆլոնը կամ հայկական վայրի ոչխարը քիչ քանակով Նախիջեւանում է մնացել, հիմա Վեդիի սարերով անցնում է մեր կողմը: Մի հետաքրքրական պատմություն ասեմ մուֆլոնի հետ կապված: Քանի որ գիտական գրականության մեջ նրան անվանում են հայկական վայրի ոչխար, մեր հարեւան թուրքերը 3 տարի առաջ առաջարկեցին անունը փոխել «անատոլիական»:
Քիչ է մնացել նաեւ կովկասյան արջը: Սրանց որսի արտոնագիր երբեք չի տրվում: Բայց ընդհանրապես, Հայաստանում կենդանիների այնքան տեսակներ կան, որ հավասար է ողջ եվրոպական մայրցամաքի տեսականուն: Միայն կաթնասունների 75 տեսակ կա մեր անտառներում:
- Հայաստանում որտե՞ղ են ամենահարուստ որսահանդակները:
- Վայոց ձորը պիտի առանձնացնեմ, որովհետեւ այստեղ տասնամյակներ շարունակ կենդանիների պահպանությունը լավ հիմքերի վրա է: Նորավանքի լեռնամասերում այսօր դուք կարող եք ե՛ւ կաքավների, ե՛ւ այծերի հանդիպել: Ես մի քանի անգամ այստեղ տեսել եմ մայր այծին իր ուլիկների հետ: Ցավոք, վերջին տարիներին որոշ արտոնյալ մարդիկ օգտվում են այստեղ որսի առատությունից:
Հայաստանում ամենասիրվածը լորի որսն է: Եթե տարին բարենպաստ է, կարկուտ չկա, արտերում վարուցանք է արված, լորերը շատանում են: Բայց կան սեփականաշնորհված հողեր, ինչպես Շիրակի հարթավայրում, Ապարանի սարահարթում, Արմավիրում, որոնք վարելու ու ցանելու հնարավորություն մարդիկ չունեն: Դրանից տուժում են նաեւ լորերը, որոնք զրկվում են ձվադրելու եւ բազմացման պայմաններից: Եվ եթե մեքենայական հունձի ժամանակը համընկնում է նրանց ձագադրման շրջանին, մեքենան հաճախ տրորում, անցնում է:
- Հայաստանում կա՞ն տարածքներ, որոնք անմատչելի են նույնիսկ որսորդների համար, ինչպես մինչ օրս մնում է Մթնաձորը:
- Ես քանի որ Հայաստանի բոլոր անկյուններում լինելու նպատակ եմ դրել, եղել եմ նաեւ այդտեղ: Ուզեցի աչքովս տեսնել Բակունցի նկարագրածը: Եվ Մթնաձոր անվանումն այնքան դիպուկ թվաց ինձ. ես նկատեցի, որ արեւն այստեղ կեսօրին կես ժամից ավելի չի լուսավորում: Ամենաանարատ, անաղարտ տեղը երեւի դա էր իմ եղած վայրերից:
Մոտ 5-6 կմ ճանապարհ գնացինք, մարդկային ներկայության ոչ մի հետք չհանդիպեց: Մի տեղ մի կենդանի անցավ, այնքան արագ, չկարողացանք զանազանել, եղնի՞կ էր, ա՞րջ, չիմացանք: Ես եղնիկ խփելը սրբապղծության նման մի բան եմ համարում: Փամփուշտները հանել էի, որ եթե հանկարծ պատահի ու որսորդական կիրքը գլուխ բարձրացնի իմ մեջ, չկրակեմ ու զղջամ, ինչպես հիմա զղջում եմ իմ բոլոր խփած կենդանիների համար:
- Բնական է, որ որսորդները սիրում են բնությունը, եթե սիրում են, ինչո՞ւ են սպանում, կենդանին էլ բնության մասնիկ է:
- Սպանելը մարդու մեջ նախնական ժամանակներից նստած բնազդային բան է: Նախամարդիկ համայնքով որսի են գնացել, համայնքով սպանել: Վայրի կենդանիների որսը հիմա դարձել է մի տեսակ հոբբի, նախասիրություն: Դա նաեւ սպորտի լավագույն ձեւ է, որ կոփում է կամքը, մարդուն մոտեցնում բնությանը: Որսորդները նաեւ պոտենցիալ լավ զինվորներ են: Ղարաբաղյան կռվի ժամանակ շատ որսորդներ քաջ մարտիկներ են եղել: Այնպես որ բնությունն իմանալն ու բնության մեջ լինելը նաեւ նպաստում են ռազմական ունակությունների դաստիարակմանը:
- Ժամանակին որսորդությունը եղել է հայոց արքաների սիրած զբաղմունքներից: Անկախության շրջանի մեր ներկա ու նախկին արքաները նման զվարճանք սիրո՞ւմ են:
- Լեւոնը չէ, բայց Քոչարյանը շատ հմուտ որսորդ է: Եղեգնաձորի տղաները ինչ-որ տեղ զարմացած, ինչ-որ տեղ հիացած պատմում էին, որ հրացանը բռնած սար էր բարձրանում, ձոր էր իջնում առանց հեւոցի եւ շատ դիպուկ կրակում է: Քարակաքավը շատ դժվար որսացվող է, քարակաքավ է խփել, վարազ: Ժամանակին որսորդությունը հրապուրել է նույնիսկ հայ հոգեւորականներին: 1166 թվականին Ներսես Շնորհալին կաթողիկոս ընտրվելուց հետո նույնիսկ հատուկ շրջաբերական կոնդակ է հրապարակել որսորդության վերաբերյալ:
- Մեր պաշտոնատարներից ովքե՞ր են որսի սիրահարներ:
- Նախարարներից Վարդան Այվազյանը եւ Դավիթ Հարությունյանը որսորդական տոմսեր ունեն: Էլի կան, քանի որ ինչ-որ տեղ հաշվի են առնում, որ հանրապետության առաջին դեմքը որսորդ է, իրենք էլ են որսի գնում: Մեր վարչապետն էլ սիրում է որսորդական զենք նվեր տալ տարբեր առիթներով:
- Այսօր կա՞ն անվանի որսորդներ, այնպիսիք, որոնց նկարագրում էր Վախթանգ Անանյանը:
- Չէի ասի, թե շատ են: Ես ճանաչում եմ, օրինակ, Սահակ Պետրոսյանին: Օրինապահ, շատ գրագետ որսորդ է, ավիացիայում է աշխատում: Ծանոթ է համաշխարհային որսորդության պատմությանը, մի ժամանակ հենց որսորդության մասին «12 տրամաչափ» կոչվող հաղորդումն էր վարում: Նա երբեք արգելված ժամանակ, որսի սեզոնից դուրս, որեւէ կենդանի, որեւէ թռչուն չի խփի: Որսորդի բարոյականությունն իր մեջ արմատացած է:
Պարադոքսալ թող չհնչի, եթե ասեմ, որ որսորդները գթասիրտ մարդիկ են: Ամեն կենդանի արարածի վրա չէ, որ կրակում են, ի տարբերություն որսագողերի: Որսագողը անգամ ծանրացած կենդանուն կարող է խփել: Եվրոպական երկրներում որսորդները ոչ միայն սպանում, այլեւ պահպանում ու բազմացնում են կենդանիներին: Ցավոք այս փորձը մեզ մոտ դեռ չկա: Օրինակ, ձկներ, թռչուններ աճեցնենք, մեր աճեցրածի մի մասը խփենք: Երբ անընդհատ սպառում ես, մի օր էլ դրանք իսպառ կանհետանան:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ.- Որպես կարեւոր լրացում ավելացնենք, որ դեռ վաղ ժամանակներում հայ որսասեր թագավորներն ու իշխանները վարվել են այնպես, ինչպես այսօր եվրոպացիները: Տիգրան Մեծը հատուկ անտառներ է հիմնել, տեսակ-տեսակ կենդանիներ լցրել այնտեղ, նույնկերպ Երվանդ արքան, Խոսրով Կոտակն ու նրան հաջորդած Խոսրով թագավորները: Այնպես որ մեր նախնիներն արդեն մեզնից շատ առաջ հասել էին կեցության... եվրոպական ստանդարտներին: