«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2006-08-17 | #156, 2006-08-18 | #157, 2006-08-19


ԳԵՎՈՐԳ ԿԱՆԴԱՀԱՐՅԱՆ. ԱՄԵՆՈՒՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ

«Իր մասին, հայտնի բան է, փորձանքը լուր չի տալիս», փորձանքը լուր չի տալիս, բայց փորձանքի լուրը շուտ է տեղ հասնում: Վաղ առավոտի խաղաղության մեջ չար լուրը տեղ հասավ. Բեյրութում իր մահկանացուն է կնքել հայտնի մանկավարժ, երաժիշտ, խմբավար, հանրային, մշակութային ու քաղաքական գործիչ Գեւորգ Կանդահարյանը: Նոր-նոր էինք ազատվում Լիբանանի ու լիբանանահայության համար մեր ծանր տագնապներից, երբ վրա հասավ Բեյրութի հայ գաղթօջախի բացառիկ անձնավորություններից մեկի մահվան բոթը:

...Իրոք բացառիկ անձնավորություն էր Գեւորգ Կանդահարյանը, համայնքի հզոր սյուներից մեկը: Գրեցի անցյալ ժամանակովՙ «էր», եւ սիրելի մարդու հեռացումի եւ անփոխարինելի կորուստի մեծությունը մարմին առավ աչքերիս առջեւ: Հին ու մշակութային հայ մեծ սփյուռքի վերջին մոհիկաններից մեկն էր Գեւորգ Կանդահարյանը: Նա սյուն էր, մեկը այն փառահեղ սյուներից, որոնք կյանքի տանիք ու ծանրություն են պահում: Եվ այսօր հայկական սփյուռքի էն մեծ ու վերջին սյուներից մեկը խոնարհված է...

Գեւորգ Կանդահարյանը իր ողջ էությամբ հայ գրով ու հայ մշակույթով ապրող մարդ էր: Պարզ ու համեստ կենցաղի մարդ, հայ ուսուցչի կյանքով ապրած մարդ, նա անասելի ու անչափելի հարուստ էր իր նուրբ ու զգայուն ներաշխարհով, որ լի էր հայ գրով ու հայ երգով, հայ արվեստով ու մշակույթով: Զարմանալի խորությամբ ու մանրամասնությամբ գիտեր մեր պատմագրությունը, նախնի մատենագիրներին, հրաշալի գրաբար գիտեր եւ տասնյակ ու տասնյակ էջերով արձակ ու չափածո անգիր էր ասում, հրաշալի գիտեր մեր հին գրական ու երաժշտական մշակույթը, մանավանդ մեր հոգեւոր երաժշտությունը: Եկմալյան ու Կոմիտաս լսելն ու երգելը իր համար մեծ, բացառիկ, առանձին բավականություն էին, նույնիսկ կարելի է ասելՙ առանձին հոգեկան վիճակ: Հին չինացիներն ասում էին, որ եթե ուզում եք մարդուն կրթել, նրան երաժշտություն սովորեցրեք: Հիսունից ավելի տարիներ Գեւորգ Կանդահարյանը, ի թիվս այլ առարկաների ու դասընթացների, երաժշտություն եւ մանավանդ հայ երաժշտություն է սովորեցրել տասնյակ սերունդներիՙ հազարավոր հայ պատանիների ու երիտասարդների հոգին ու ներաշխարհը ձեւելով ու հղկելով ըստ հայ լուսավոր երաժշտության:

Իսկական, բացառիկ մանկավարժ էր Գեւորգ Կանդահարյանը: Եղել էր հռչակավոր Շահան Պերպերյանի սանն ու աշակերտը: Իսկական մանկավարժությունը Աստծո տված ձիրք է. սովորական ուսուցիչ-դասախոս կարելի է դառնալՙ կրթություն ձեռք բերելով ու համալսարաններ ավարտելով, բայց Գեւորգ Կանդահարյանի նման մանկավարժ ծնվում են: Դա Աստծո տվածն է, Աստծո շնորհը: Ուսուցիչը ոչ թե նա է, ով սովորեցնում է, այլ նա, ումից սովորում են: Գեւորգ Կանդահարյանից սովորում էին բոլորը ու միշտ: Ասածս պարզ տպավորություն չէ, այլ Բեյրութի Հայագիտական բարձրագույն հիմնարկում եւ Անթիլիասի Դպրեվանքում տարիների համատեղ աշխատանքի ու փորձի վկայություն:

2005 թվականի հունվարի 9-ին Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում Արամ Ա կաթողիկոսի տնօրինությամբ տեղի է ունենում Գեւորգ Կանդահարյանի մանկավարժական եւ մշակութային գործունեության 50-ամյակին նվիրված մեծ ու շքեղ հանդիսություն, որի ընթացքում ըստ արժանվույն գնահատվում է ուսուցչի ու մանկավարժի նրա վաստակը, հնչում են գնահատանքի եւ մեծարանքի հուզիչ խոսքեր, հրապարակվում է Արամ Ա կաթողիկոսի հայրապետական կոնդակըՙ ուղղված Գեւորգ Կանդահարյանին:

Բայց առավել հուզիչ են այն խոսքերը, որ Արամ Ա կաթողիկոսը, իբրեւ Գեւորգ Կանդահարյանի նախկին աշակերտը, ուղղում է իր ուսուցչին. «Անկեղծ, խոնարհ, հեզ, պարզ, բոլորին եղբայրն ու հայրը...»:

Իսկական, ընտիր հայ էր Գեւորգ Կանդահարյանը: Խորապես ապրում էր Հայաստանի կյանքի ամեն մի փաստով ու երեւույթով: Հայաստանի մասին ասելուց ու խոսելուց, խոսք ու զրույցից չէր հագենում: Ես սփյուռքում քիչ մարդ եմ տեսել, ով հոգով-սրտով այդքան կապված լիներ Հայաստանի հետ: Զարմանալի մանրամասնություններով էր հիշում իր այցելությունները, սիրում էր պատմելով վերապրել դրանք, եւ պատմելիս ապրում էր Հայաստանը վերզգալու իր մեծ բավականությունը:

Շատ սիրելի մարդ էր Գեւորգ Կանդահարյանը, նուրբ ու գեղեցիկ հումոր ուներ եւ անսպառ կենսասիրություն: Գիտեր, որ ծանր հիվանդ է, որ շատ բան իրեն այլեւս արգելված է: Տնեցիները, մանավանդ որդինՙ Շահանը, դողում էին իր վրա, իր հոգը չէր: «Սուրճը եկավ, ջանըմ, հադէ, մեկ հատ սիգարեթ չվառե՞նք... նայե, մեր Շահանը չգա հանկարծ...»: Շատ համով զրուցակից էր, Սիրիայի ու Լիբանանի հայ գաղթօջախների քայլող պատմությունն ու հանրագիտարանը:

Տառացիորեն մի քանի օր առաջ, Բեյրութի իրադարձություններից անհանգստացած, հետը խոսեցի հեռախոսով: Սիրով խոսեցինք, զրուցեցինք, ձայնի մեջ վհատություն կարՙ «Ի՞նչ ընենք, մեր ճակատագիրն է»: Իրար հույս տվինք, թե շուտով ամեն ինչ կվերջանա, եւ աշնանը առիթ կունենանք հանդիպելու: Չգիտեի, որ վերջին անգամ եմ խոսում իր հետ...

Մենք, մեր կյանքի պարապ «վազքով տարված ու զբաղված», հաճախ այնպես ենք ապրում մեր կյանքը, որ մեր սիրելի մարդկանց չենք էլ հասցնում սիրո եւ համակրանքի երկու խոսք ասել: Ես, թեպետ բառը տեղին չէ, բայց հոգով խաղաղ եւ ուրախ եմ, որ կարողացել եմ ժամանակին Գեւորգ Կանդահարյանին սիրո եւ հարգանքի երկու խոսք ասել:

Ժան Գաբենի հոյակապ հերոսներից մեկըՙ ծերունի Լեանդր Բրասսակը ասում է, որ ամեն մարդու մահը միայն իր մահն է, որ աշխարհում ամեն մի մարդ մեռնում է միայնության մեջ:

Ժան Գաբենի հերոսը չգիտի, թե ինչ է սփյուռքը, եւ հայկական սփյուռքը: Սփյուռքի մեր եղբայրների միայնությունը կրկնակի, եռակի, քառակի ու անսահման է...

...Եվ հիմա, այսօր, հեռվից հեռու խոր հարգանք ու խոնարհում մեծ մարդու եւ անհատականության հեռացումի առջեւ: Եվ այս մի քանի անպաճույճ տողերը թող լինեն Հայրենիքի մի ափ հողըՙ նետված այլեւս օտար երկնքի տեւելու դատապարտված իր արժանավոր զավակի խնկելի շիրիմին...

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4