ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանին
բանաստեղծ Լեւոն Բլբուլյանից
Հարգարժան նախարար, թվում էր, հանրապետության օրհներգի համար հայտարարված մրցույթի առաջին փուլից հետո հիմնի վերաբերյալ տեւական քննարկումներն ու բանավեճերը եթե ոչ լիովին, ապա հիմնականում ավարտին կհասնեն: Սակայն, որքան նկատել եմ, արդյունքների հրապարակումից հետո հասարակության մեջ տարաբնույթ խոսակցություններ են ընթանում, ու շատերի մեջ դժգոհության, անվստահության զգացում կա կարծես:
Անխուսափելի ու բնական են, անշուշտ, հատկապես մրցույթում պարտվածների անբավականության զանազան դրսեւորումները. չէ՞ որ մեզանում վաղուց ընդունված է, որ, ասենք, ընտրություններում պարտված կուսակցությունները, պատգամավորության կամ որեւէ պաշտոնի թեկնածուները անմիջապես արդյունքները կեղծեն եւ այլ մեղքերի մեջ մեղադրեն հաղթող կողմին: Ես ուզում եմ հուսալ, սակայն, որ մրցույթի վերաբերյալ իմ որոշ նկատառումները (ես էլ պարտված կողմ եմ) նման «բնական» մի ընդվզում չեք համարի պարզապես:
Բոլորովին միտք չունեմ մրցույթի արդյունքները կեղծված համարել: Բայց, ահա, խաչատրյանական հիմնի տեքստի ընտրության օբյեկտիվությանը լրջորեն կասկածում եմ: Նախ` լավագույնը ճանաչված այդ տեքստից հեռուստատեսությամբ ներկայացված 1-2 տողից էլ հասկանալի էր, որ հեղինակը նախորդ հիմներից ծանոթ, ծեծված բառ ու դարձվածքներով է կառուցել իր խոսքը («ազատ ու անկախ Հայաստան», «հայոց ազգի նոր կյանք կերտող ոստան» եւ այլն): Շատ կուզենայի համոզվել, որ սխալվել եմ, որ շարունակության մեջ տեքստը իրոք Հայաստանին նվիրված, հիմնին սազական բանաստեղծություն է դարձել` ազգային մեր ոգու ու նկարագրի, անցած ուղու, երազանքների ու ձգտումների արտացոլմամբ: Բայց ստեղծագործական ու խմբագրական աշխատանքի իմ բազմամյա փորձը միանգամայն այլ բան է հուշում: Ես, իհարկե, փորձեցի ծանոթանալ ամբողջական տեքստին, բայց, ցավոք, չհաջողվեց (չգիտես ինչու դեռեւս գաղտնի է պահվում լավագույնը ճանաչված այդ տեքստը): Այնպես, որ եթե խոսքս ինչ-որ տեղ մերկապարանոց ու հավակնոտ է հնչում, մեղքը բնավ իմը չէ: Իսկ եթե պարզվի` սխալվել եմ, պատրաստ եմ ներողություն խնդրել ե՛ւ հեղինակից, ե՛ւ առաջնությունը նրա բանաստեղծությանը տված իմ ավագ գրչընկերներից:
Բայց պիտի ասեմ, որ ինձ կասկածների մղող առավել լուրջ հանգամանքը տեքստերի վերաբերյալ հիմնական եղանակ ստեղծող հենց այդ բանաստեղծների ներկայությունն է հանձնաժողովում (որ հենց նրանցն է եղել վճռորոշ խոսքը, բնավ չեմ կասկածում, քանզի ինքս էլ առիթներ ունեցել եմ երգի մրցույթների հանձնաժողովներում լինել): Ես ոչ նրանց բանաստեղծական շնորհը, ոչ ճաշակն ու սկզբունքայնությունն եմ կասկածի տակ առնում: Ընդհակառակը` համոզված եմ, որ հենց այդ սկզբունքայնությունը նրանց թույլ չէր կարող տալ Խաչատրյանի երաժշտության համար գրված տեքստերից (որքան գիտեմ 45-ն են եղել) ընտրել ամենահաջողվածը: Չէ՞ որ եւ Դավիթ Հովհաննեսը, եւ Ռազմիկ Դավոյանը հայտարարել են (ինքս եմ անձամբ հեռուստատեսությամբ մի քանի անգամ լսել), որ դեմ են խաչատրյանական հիմնին եւ տվել են իրենց հիմնավորումները: Ուրեմն, այդ ի՞նչ ներքին թելադրանքով ու բարձր պատասխանատվությամբ նրանք այդ երաժշտության համար պիտի լավագույն տողերն ընտրեին: Որպեսզի իրենց կողմից մերժված հիմնը հաղթի՞: Համաձայնեք, որ դա ոչ մի տրամաբանության չի դիմանում: Մարդը մնում է մարդ: Ահա ինչու ես առաջարկում եմ խաչատրյանական տեքստերից առավել հաջողվածները (գոնե մի 10-յակ կամ թեկուզ 5-յակ) տպագրել մամուլում, իհարկե հաղթող տեքստի հետ միասին, եւ հաշվի առնել հասարակության վերաբերմունքը դրանց նկատմամբ: Անշուշտ, հատկապես մտավորականության, հոգեւոր ոլորտի մարդկանց կարծիքը: Այդ գործերի ընտրությունը չպիտի դարձյալ ժյուրիի «գրական թեւին» վստահվի միայն: Իսկ վերջնական վճիռ կայացնելիս հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամենայն բարեխղճությամբ, մանրակրկիտ ընթերցումից հետո միայն պիտի դնի իր «պլյուսը» կամ «մինուսը»:
Ես հաստատ գիտեմ, որ մրցույթի առաջին փուլում նման բծախնդրություն, բարեխղճություն հանդես չի բերվել (մեր փոքրիկ Հայաստանում ոչինչ գաղտնի չի մնում): Բայց չէ՞ որ հանրապետության օրհներգ է ընտրվում եւ ոչ թե հերթական մրցույթի հերթական լավագույն երգ: Եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովի ճնշող մեծամասնությունը (մամուլից եմ տեղյակ) հակված է պահպանելու Խաչատրյանի երաժշտությունը (թեեւ, ինչ խոսք, առաջին փուլում փորձեցին վարկաբեկել այդ հրաշալի երաժշտությունը) առավել եւս այդ տեքստերը կողք-կողքի դնելը, համեմատելն ու ամենահաջողվածն ընտրելը կարեւորագույն խնդիր է: Մնում է պարզապես անհրաժեշտ հետեւողականություն ու սկզբունքայնություն դրսեւորվի:
Սրանք էին իմ նկատառումները, որոնք, հուսով եմ, անուշադրության չեն մատնվի:
Հարգանքներով` ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ