Հարգելի խմբագիր.
Կարդացի «Ազգի» սույն թվականի օգոստոսի 17-ի համարում Սերգեյ Գալոյանի «Պարույր Սեւակի սպանության նոր փորձ» հոդվածը եւ անկեղծ ասած, զարմացած եմ Սեւակի վերաբերյալ իմ «Ի հեճուկս» գրքից կատարված մեջբերման նմանօրինակ մեկնությունից: Մտքովս անգամ չէր անցնի, թե կարող էր այդպես ընկալվել, մինչդեռ ես այն ներկայացրել եմ Պարույրի կերպարի միանգամայն ազնիվ նկարագրի միտումով` իր կենսագրության վաղ շրջանի անցողիկ իրողության միանգամայն անկողմնակալ ընկալմամբ:
Երեւույթն ավելի քան արտառոց է, քանզի գրականագետներից ոչ ոք այնքան հիմնավոր չի բացահայտել Պարույրի բանաստեղծական հանճարը, որքան ես: Փաստ է, որ «Մարդը ափի մեջ» գրքի մասին 1964-ի փետրվարին իմ ելույթով ես փաստորեն նոր սկիզբ նշանավորեցի պարույրագիտության մեջ, ցույց տալով նրա պոեզիայի հեղաշրջիչ դերը հայ բանաստեղծության զարգացման պատմության մեջ: Եվ հենց այս իմաստով ես քիչ չեմ ենթարկվել գրական միջավայրի հալածանքին:
Վերջերս լույս է տեսել իմ «Պարույր Սեւակ. բանաստեղծության գիտությունը» գիրքը, որն ընդգրկում է իմ հոդվածներն ու ուսումնասիրությունները բանաստեղծի մասին, ինչպես նաեւ «Պարույր Սեւակը զուգահեռի վրա» հուշագրությունը: Այստեղ է իմ Պարույր Սեւակը եւ ոչ թե պատահական վրիպանքի ու սխալ ընկալված բառակապակցության մեջ:
Ինչ վերաբերում է հոդվածագրի հեգնող բառախաղերին, ապա խորհուրդ կտայի չափավոր լինել ու գիտակցել, որ ես լավ եմ տիրապետում բանավեճի արվեստին: Իսկ խորհրդածության համար կուզեի հիշեցնել, որ ես ունեմ աշխարհի իմ ընկալումը եւ մարդկանց մասին անհատական իմ պատկերացումը, անկախ այն բանից, թե որտեղ է աշխատում նա` ԿԳԲ-ում, շրջկոմում, խմբագրությունում, գրողների միությունում, թե այլուր եւ ինձ համար չափանիշ չէ քաղքենու մակերեսային հայացքը ԿԳԲ-ի եւ նրանում աշխատող մարդկանց մասին: Եվ այն մասին, որ տվյալ պահին իր գրիչը գործում է երբեմնի ԿԳԲ-ի ոճով:
Վերջում կուզեի փարատել հոդվածագրի սրտահույզ տագնապը, ասելու համար, որ Պարույր Սեւակին անհնար է սպանել եւ վեր է ոչ միայն Սերգեյ Սարինյանի, այլեւ նման մահկանացուների ուժերից:
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ