Ինչպիսի՞ն կլինի այն Յան Պորտերֆիլդի համար
Հայաստանի ազգային հավաքականի 14-ամյա կենսագրության ընթացքում շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդը 11-րդ մարզիչն է, որ ստանձնում է մեր ընտրանու ղեկը: Իհարկե, բոլորս էլ երազում ենք, որ նա չարժանանա իր նախորդների դառը ճակատագրին, մինչեւ պայմանագրի ավարտը կատարի իր պարտականությունները եւ ցույց տված արդյունքներով ստիպի ՀՖՖ ղեկավարությանը երկարաձգելու իր առաքելությունը Հայաստանում: Այսօր, իհարկե, դժվար է գուշակել, թե ինչպիսի՞ ճակատագիր է սպասում շոտլանդացի մասնագետին ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ հարցի պատասխանը ժամանակին կտրվի:
Ֆուտբոլասերները հաճախ են վիճաբանում, թե ո՞ր մարզչի գլխավորությամբ է ՀՀ հավաքականն առավել հաջող հանդես եկել: Կարծում ենք, ստորեւ ներկայացվող վիճակագրական տվյալներն ու փաստերը որոշակիորեն կպատասխանեն հուզող հարցերին:
Ազգային հավաքականն առաջինը գլխավորելու պատիվն ունեցել է Էդուարդ Մարգարովը: Նրան օգնում էին նախկին թիմակիցներ Սամվել Պետրոսյանն ու Նորայր Մեսրոպյանը, իսկ հավաքականի պետը Ալեքսանդր Կովալենկոն էր: Բնականաբար, նորաստեղծ ազգային հավաքականի համար շատ դժվար էր հավասար պայքար մղել մրցակիցների հետ: Ուստի պատահական չէ, որ ընտրական մրցաշարի մեկնարկային 3 հանդիպումներից հետո Էդուարդ Մարգարովը պաշտոնանկ արվեց: Նրան փոխարինած Սամվել Դարբինյանին նույն ճակատագիրը սպասում էր ընտրական մրցաշարի ավարտին: Այժմ անդրադառնանք մի շարք փաստերի, որոնք լրացնում են աղյուսակներում բերված ցուցանիշները:
Էդուարդ Մարգարովի օրոք հավաքականն իր անդրանիկ հաղթանակն է տոնել (Մալթա` 1-0)` միաժամանակ բացելով գոլերի հաշիվը (Արսեն Ավետիսյան): Ընտրական մրցաշարում հավաքականին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին:
Սամվել Դարբինյանի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները բացել են իրենց գոլերի հաշիվն ընտրական մրցաշարում (Ռազմիկ Գրիգորյան` Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում` 2-2) եւ տոնել առաջին հաղթանակը, այն էլ մրցակցի դաշտում (Մակեդոնիա` 2-1): Իսկ ահա ընկերական հանդիպումներում հավաքականին չի հաջողվել գոլ խփել:
Խորեն Հովհաննիսյանի օրոք ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարերում հասել է լավագույն արդյունքի: 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Գերմանիայի, Ուկրաինայի, Պորտուգալիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ մրցավեճում մեր ընտրանին գրավել է 4-րդ տեղը` վաստակելով 8 միավոր (+1=5-4, 8-17): Միաժամանակ հենց Հովհաննիսյանի գլխավորությամբ է մեր հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունները կրել` 0-7 (Չիլի, Վրաստան), 11 խաղ անընդմեջ հաղթանակ չի տոնել (5 ոչ-ոքի, 6 պարտություն):
Սուրեն Բարսեղյանը միակն է, որն իր նորամուտը հավաքականում նշել է 2 անընդմեջ հաղթանակով (Լիբանան` 1-0, Անդորրա` 3-1): Նրա գլխավորությամբ հավաքականն ընտրական մրցաշարում 2 հաղթանակ է տոնել (Անդորրա` 3-1, 3-0): Միեւնույն ժամանակ 7 խաղ շարունակ (որից 5-ն ընտրական մրցաշարում) հավաքականը չի կարողացել գեթ մեկ անգամ գրավել մրցակիցների դարպասները` կրելով 4 անընդմեջ պարտություն:
Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հավաքականը բոլորից շատ (17) հանդիպումներ է անցկացրել` ընկերական խաղերում հասնելով դրական հաշվեկշռի: Իսկ ահա ընտրական մրցաշարում հավաքականն այդպես էլ չճաշակեց հաղթանակի քաղցրությունը:
Օսկար Լոպեսի ու Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ հավաքականն ընդամենը 2-ական խաղ է անցկացրել:
Միխայ Ստոյկիցային էլ բախտ է վիճակվել նորամուտը հավաքականում նշել հաղթանակով, այն էլ ընտրական մրցաշարում (Հս. Իռլանդիա` 1-0): Սուրեն Բարսեղյանից հետո միայն Ստոյկիցային է հաջողվել իր սաների հետ ընտրական մրցաշարում 2 հաղթանակ տոնել, ընդ որում կրկին միեւնույն մրցակցի` Հս. Իռլանդիայի նկատմամբ (1-0,1-0): Ընկերական մրցախաղերում Ստոյկիցայի արդյունքը լավագույնն է: Ընդհանուր ցուցանիշներով էլ փաստորեն լավագույն արդյունքը Ստոյկիցայինն է, քանի որ միավորների տոկոսային հարաբերությամբ նրան գերազանցող Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ հավաքականն ընդամենը 2 ընկերական խաղ է անցկացրել ոչ այնքան ուժեղ մրցակիցների հետ (Անդորրա` 2-0, Իսրայել` 0-2):
Ֆրանսիացի Բեռնար Կազոնին տխուր ռեկորդ է սահմանել` հավաքականը նրա գլխավորությամբ ընտրական մրցաշարը սկսել է չորս անընդմեջ պարտությամբ, վեց խաղ անընդմեջ ընթացել է առանց հաղթանակի:
Հոլանդացի Հենկ Վիսմանն էլ կրկնեց Կազոնիի տխուր ռեկորդը` ընտրական մրցաշարը սկսելով չորս անընդմեջ պարտությամբ: Ընկերական մրցախաղերում հավաքականն այդպես էլ չկարողացավ գեթ մեկ գոլ խփել:
Ստորեւ ներկայացվող աղյուսակներում բերված են միայն ազգային հավաքականների մակարդակով մեր ընտրանու անցկացրած հանդիպումների ցուցանիշները: Հաշվի առնված չեն 1994 թ. ԱՄՆ-ի օլիմպիական (0-1), 1995 թ. Իրանի օլիմպիական (1-2) եւ 2006 թ. Գերմանիայի երիտասարդական (1-3) հավաքականների հետ անցկացրած ընկերական մրցախաղերը:
Ընդհանուր ցուցանիշներ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | % | |
1. Վարուժան Սուքիասյան | 17 | 3 | 7 | 7 | 17-27 | 16 | 31,3 |
2. Սուրեն Բարսեղյան | 14 | 4 | 2 | 8 | 11-19 | 14 | 33,3 |
3. Միխայ Ստոյկիցա | 10 | 4 | 1 | 5 | 11-17 | 13 | 43,3 |
4. Խորեն Հովհաննիսյան | 16 | 2 | 5 | 9 | 10-41 | 11 | 22,9 |
5. Էդուարդ Մարգարով | 6 | 1 | 2 | 3 | 1-5 | 5 | 27,7 |
6. Հենկ Վիսման | 8 | 1 | 1 | 6 | 5-14 | 4 | 16,6 |
7. Բեռնար Կազոնի | 8 | 1 | 1 | 6 | 5-18 | 4 | 16,6 |
8. Սամվել Դարբինյան | 9 | 1 | 1 | 7 | 5-21 | 4 | 14,8 |
9. Անդրանիկ Ադամյան | 2 | 1 | 0 | 1 | 2-2 | 3 | 50,0 |
10. Օսկար Լոպես | 2 | 0 | 1 | 1 | 2-4 | 1 | 16,6 |
Ընտրական մրցաշարեր
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | % | |
1. Սուրեն Բարսեղյան | 10 | 2 | 2 | 6 | 8-15 | 8 | 26,6 |
2. Խորեն Հովհաննիսյան | 10 | 1 | 5 | 4 | 8-17 | 8 | 26,6 |
3. Միխայ Ստոյկիցա | 6 | 2 | 0 | 4 | 5-12 | 6 | 33,3 |
4. Վարուժան Սուքիասյան 10 | 0 | 5 | 5 | 7-19 | 5 | 16,6 |
Ընկերական մրցախաղեր
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | % | |
1. Վարուժան Սուքիասյան | 7 | 3 | 2 | 2 10-8 | 11 | 52,3 |