Ամբողջ շաբաթավերջին իսրայելական ռազմական կործանիչներն ու ուղղաթիռները վտանգավոր թռիչքներ կատարեցին խախտելով հրադադարը նաեւ Բեյրութի վերեւում: Բեքաայում անհաջող առեւանգման փորձից հետո Էհուդ Օլմերտն ու Ամիր Պերեցը շարունակեցին սպառնալիքներ տեղալ «Հզբոլլահին» 2-րդ «ռաունդով» կործանելու համար...
Միաժամանակ, Իսրայելի վարչապետը խնդրանքով դիմեց Իտալիային, Ֆրանսիային ու... Թուրքիային, խաղաղարար զորքեր տեղադրելու, որոնց նպատակը լինելու է նաեւ «Հզբոլլահի» զինաթափումը: Եվրոմիությունն այժմ բացասական կեցվածք է ընդունել խաղաղարար զորքեր ուղարկելու հարցում, չցանկանալով խառնվել ԱՄՆ-ի եւ Իսրայելի մութ եւ անորոշ ծրագրերի մեջ, երբ արդեն բարձրաձայն խոսվում է Իրանին ռազմական հարվածներ հասցնելու մասին: Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Մորրը իր կարգին սպառնաց լիբանանյան բանակը հետ քաշել հարավից, եթե չեն հստակեցվելու նրանց առաքելության նպատակները ՄԱԿ-ի եւ Իսրայելի կողմից: Միաժամանակ նա ռազմական ատյանին է հանձնելու որպես Իսրայելի գործակալի բոլոր նրանց, որոնք հրթիռարձակումներ կկազմակերպեն Իսրայելի դեմ:
Լիբանանահայության քաղաքական ղեկավարները հաղորդագրություններով եւ հանդիպումներով մերժեցին թուրքական զորքերի մասնակցությունը խաղաղարար զորքերին: Լիբանանահայ մամուլը անդրադարձավ Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ պետական հեռուստատեսության պատվիրակության բացակայությանը Լիբանանում տեղի ունեցող քաղաքական-դիվանագիտական-մարդասիրական հսկայական եռուզեռից, երբ թուրքական հեռուստատեսությունը իր բազմաթիվ թղթակիցներով ամեն տեղ է Լիբանանում, եւ Թուրքիայի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը կոկորդիլոսի արցունքներ թափելով փորձում են սողոսկել արաբական աշխարհ, լինելով Իսրայելի ռազմավարական դաշնակիցը տասնամյակներ ի վեր: Հետաքրքրական է, որ Հայաստանը խաղաղարար զինված ջոկատ է ուղարկել Իրաք, իսկ «փոքր Հայաստան», պատմական դաշնակից ու «քույր-երկիր» Լիբանանին մարդասիրական օգնությունից բացի ոչ մի ձեւով չի նպաստում:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, «ԱԶԳԻ» ԹՂԹԱԿԻՑԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ԲԵՅՐՈՒԹԻՑ