Չնայած խրախուսանքներին, Թուրքիան չի շտապում կողմնորոշվել խաղաղարար ուժերի հարցում
Օգոստոսի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Բեյրութ: Այնտեղ նա հանդիպել էր Լիբանանի վարչապետի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաեւ մտքեր էր փոխանակել նույն օրը Բեյրութ ժամանած Մալայզիայի, Պակիստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հետ:
Այս երկրները Հարավային Լիբանանի համար նախատեսվող ՄԱԿ-ի խաղաղարար բազմազգ ուժերին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Քանի որ միջազգային ասպարեզում լայնորեն քննարկվում է նաեւ այդ ուժերին Թուրքիայի մասնակցության հարցը, ուստի միանգամայն տրամաբանականորեն Գյուլը վերջիններիս արտգործնախարարների եւ Լիբանանի ղեկավարների հետ կենտրոնացել էր հենց այդ հարցի վրա:
Օգոստոսի 20-ին, ինչպես նախօրոք տեղեկացրել է «Ազգը», աշխատանքային այց է կատարել Իսրայել եւ Պաղեստին, իսկ այսօր կայցելի Սիրիա: Երուսաղեմում Գյուլը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Ամիր Պերեցի, արտգործնախարար Ցիպի Լիվնիի եւ վարչապետ Օլմերտի հետ, իսկ Ռամալլայում նրան ընդունել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը:
Թուրքական հանրային հեռուստատեսության տվյալներով, հանդիպմանն Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնապես Գյուլին է ներկայացրել ՄԱԿ-ի խաղաղարար բազմազգ ուժերի կազմավորումներին թուրքական ստորաբաժանումների մասնակցության իր կառավարության պահանջը: Դրան ի պատասխան Աբդուլլահ Գյուլը ասել է, որ խաղաղարար ուժերի մասնակցության հարցում Թուրքիան դեռեւս կողմնորոշման փուլում է, վերջնական որոշումը կընդունի հանդիպումների արդյունքում:
Իսրայելի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ Գյուլը հիշեցրել է տարածաշրջանում կատարվող ահավոր ավերածությունների եւ մեծ թվով սպանությունների մասին, ապա եւ ավելացրել` «Մնայուն խաղաղության համար մեզ նոր առիթ է տրված: Կատարվածից պետք է դասեր քաղել: Նախ պետք է ազատվեն առեւանգված իսրայելցի զինծառայողները: Անհրաժեշտ է նաեւ ազատ արձակել ընտրություններով իշխանության եկած պաղեստինցի պետական գործիչներին»:
Լիվնին Գյուլին է փոխանցել Լիբանանի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշման առնչությամբ Իսրայելի ժողովրդի մտահոգությունները, թե դա չի կիրառվում, այդ հարցում Թուրքիայից աջակցություն է պահանջել եւ ընդգծել է «Հզբոլլահի» անհապաղ զինաթափման անհրաժեշտությունը: Օլմերտը մատնանշել է տարածաշրջանի կայունության համար թուրքական կառավարության որդեգրած դիրքորոշման կարեւորությունը, շարունակելով. «Իսրայելը գոհունակությամբ է ընդունելու այն դերը, որը կկատարի Թուրքիան խաղաղարար բազմազգ ուժերի ձեւավորման գործում»:
Ինչ վերաբերում է Մահմուդ Աբբասի հետ հանդիպմանը, ապա դրա ավարտին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է. «Տարածաշրջանում բուն խնդիրը Պաղեստինն է: Տեղի ունեցածի հետեւանքով չպետք է երկրորդ պլան մղվի պաղեստինյան հիմնախնդիրը: Այս ամենը ցույց տվեց, որ միմիայն ուժի գործադրումն ու միակողմանի որոշումները որեւէ արդյունքի չեն հանգեցնում»:
Այլ կերպ, Իսրայելում եւս Գյուլի բանակցությունների առանցքը կազմել է ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի հարցը եւ այդ ուժերին Թուրքիայի մասնակցությունը Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինյորայի պես խրախուսել է նաեւ Օլմերտը: Հարցը սակայն այդ խրախուսանքը չէ, այլ միջազգային ուժերի ջանքերով Լիբանանում հաստատված հրադադարի հեղհեղուկ բնույթը եւ խաղաղարար ուժերին «Հզբոլլահի» զինաթափման նպատակին ծառայեցնելու Իսրայելի նկրտումները:
Հրադադարի հեղհեղուկ բնույթի մասին է վկայում օգոստոսի 19-ին Բաալբեքում Իսրայելի իջեցրած դեսանտը, որը «Հզբոլլահի» հետ նոր բախումների պատճառ էր դարձել, խլելով իսրայելցի մեկ զինծառայողի եւ երեք գրոհայինի կյանք: Հատկանշական է, որ մինչ վարչապետ Սինյորան դատապարտում էր դեսանտի իջեցումը, բնութագրելով դա որպես հերթական հարձակում, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը զգուշացնում է Իսրայելին, թե խախտում է Անվտանգության խորհրդի որոշումով հաստատված հրադադարը, իսրայելական կառավարությունը ի դեմս պաշտպանության նախարար Պերեցի, սպառնում է նոր հարվածով:
Ակամա հարց է ծագում` ինչո՞վ է պայմանավորված իսրայելական սպառնալիքը: Դրա պատասխանը միանշանակ էՙ ՄԱԿ ԱԽ-ի որոշումով, որը «Հզբոլլահից» պահանջում է դադարեցնել «բոլոր տեսակի հարձակումները», իսկ Իսրայելիցՙ դադարեցնել «հարձակման բնույթի ռազմական գործողությունները»:
Այս դեպքում «Հզբոլլահի» ինքնապաշտպանական գործողությունն անգամ դիտարկվում է իբրեւ հարձակողական եւ կազմակերպությունը դառնում է ՄԱԿ-ի բազմազգ խաղաղարար ուժերի թիրախ: Հակառակ դրան, Իսրայելի գործողությունները պահանջում են քննարկում ՄԱԿ ԱԽ-ում, ճշտելու համար դրանց բնույթը: «Հզբոլլահի» հետ բախման հավանականությունն էլ կաշկանդում է Թուրքիային եւ նա, չնայած Լիբանանի ու Իսրայելի պահանջին, չի շտապում կոմնորոշվել խաղաղարար ուժերի մաս կազմելու հարցում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ