Մինչ սեպտեմբերի 7-ին Մ. Նահանգների Սենատում քվեարկության կդրվի Հայաստանում նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, «Հայ արիական միաբանության» գերագույն խորհուրդը երեկ տարածած «Համասեռական դեսպանը մերժելի է ու զազրելի» հայտարարությամբ բողոք ու վրդովմունք հայտնեց Հոգլանդին Հայաստան ուղարկելու փորձերի դեմ: Տարօրինակ համարելով ներկայիս դեսպան Ջոն Էվանսի հետկանչման պատրվակըՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հայտարարությունը, արիները կարծում են, որ «սա լուրջ ահազանգ է, որպեսզի, ըստ դեսպանափոխության բովանդակության, մենք նույնպես փոխենք մեր վերաբերմունքը ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ»:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ ըստ տաջիկական ու հայկական զանգվածային լրատվամիջոցների, Հոգլանդը համասեռամոլ է, ինչը «պարզապես խեղկատակություն է, անհարգալից վերաբերմունք ավանդապաշտ հայ ազգի նկատմամբ: Այսպիսով, Մ. Նահանգների իշխանությունները փորձում են Հայաստանին հասցնել 2 նպատակային հարված, ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյահոգեբանական: Եթե դա հաջողվի, հայ հանրությանը մնում է բոյկոտել դեսպանատան աշխատանքներըՙ այդպիսով ստորացնելով մեզ ստորացնել փորձողներին»:
Արիները կոչ են անում հնարավոր բոլոր միջոցներով բողոքի ալիք բարձրացնել համասեռական դեսպանի հնարավոր նշանակման դեմ: