«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ՊԱՅԹՅՈՒՆ ՉԵՐԿԻԶՈՎՍԿԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Երեք կասկածյալներից երկուսը ձերբակալված են

Երեկ առավոտյան Մոսկվայի արեւելքում` Չերկիզովսկի շուկայի մասը կազմող «Եվրասիա» շուկայում ուժգին պայթյուն է որոտացել երկհարկ առեւտրային շարքերի տարածքում: Պայթյունը տեղի է ունեցել սրճարանում, որտեղ, ականատեսների վկայությամբ, երեք անձինք կասկածելի պայուսակ են թողել եւ արագ հեռացել:

Նրանց հեռանալուց հետո տեղի է ունեցել պայթյուն: Երեկ հետմիջօրեին երեք կասկածյալներից երկուսը ձերբակալված էին: Ականատեսներից մեկի վկայությամբ, երեք հանցագործները եղել են սլավոնական արտաքինով երիտասարդներ: Իրավապահ մարմիններն առայժմ չեն հաստատում այս տեղեկությունը, միաժամանակ առաջ քաշելով գազի պայթյունի վարկածը:

Մոսկվայի դատախազ Յուրի Սյոմինն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ պայթուցիկ սարքի հզորությունը տրոտիլային համարժեքով կազմել է 1,2 կգ: Նրա տվյալներով, զոհվել է 8 եւ վիրավորվել 40 մարդ: Քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինի տվյալներով, զոհվել է 10 մարդ: Զոհերից երկուսը երեխաներ են:

Տուժածների եւ զոհերի մեջ կան տարբեր ազգությունների մարդիկ, այդ թվում Հյուսիսային Կովկասի եւ Անդրկովկասի բնակիչներ: Հայկական ազգանունների առկայության մասին տեղեկություններ չկան: Մոսկվայի իշխանությունները փոխհատուցումներ կտան վիրավորներին եւ զոհերի ընտանիքներին:

Իրավապահները քննության են առնում երկու հիմնական վարկած` քրեական հաշվեհարդար եւ ահաբեկչություն:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4