Անտոնիո Գուտերես. «Ես բավարար զգույշ էի ասուլիսի ժամանակ չօգտագործելու Հայաստան անունը»
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսին երեկ արտգործնախարարությունում ողջունեց Վարդան Օսկանյանը` գոհունակություն հայտնելով ընդհանրապես փախստականների հանդեպ ՄԱԿ-ի ցուցաբերած ուշադրության ու օգնության առնչությամբ: Գերագույն հանձնակատարի խոսքերով, այս այցը Հարավային Կովկաս առաջինն էր այս դերում, եւ Անտոնիո Գուտերեսը ընդգծեց համագործակցության գոհացնող մակարդակը Հայաստանի կառավարության հետ:
Անդրադառնալով փախստականների խնդիրների առնչությամբ վերջին ժամանակների օրենսդրական նախաձեռնությանը` պրն Գուտերեսը իր շնորհակալությունը հայտնեց լիբանանյան դեպքերի ժամանակ հայ եւ ոչ հայ փախստականների հանդեպ Հայաստանի դրսեւորած վերաբերմունքի համար: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանն ու դրա հետ կապված փախստականների հարցին, ապա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը ընդգծեց իր ղեկավարած միավորի ոչ քաղաքական կազմակերպություն լինելն ու ավելացրեց, որ ամեն դեպքում հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում հնարավոր կլինի կազմակերպել փախստականների վերադարձը իրենց բնակության վայրեր: Ի դեպ, Անտոնիո Գուտերեսի խոսքերով, «փախստականների վերադարձը դեպի այդ բարդ տարածք դրական տարր կլինի» կարգավորման հետագա ընթացքի համար:
Հարավային Կովկաս իր այցելությունն Անտոնիո Գուտերեսը սկսել էր Ադրբեջանից: Եվ ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը «հեղինակել էր» մի քանի հետաքրքրական տեսակետ: Մասնավորապես, եթե հավատալու լինեինք ադրբեջանական ինտերնետ կայքէջերի հաղորդագրություններին, ստացվում էր, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նախ դժգոհություն էր արտահայտել Հայաստանում փախստականներին քաղաքացիություն տրամադրելու թվային վիճակագրությունից` այն համարելով բավականին քիչ: Բացի այդ, հարեւան երկրի լրատվամիջոցների բազմաթիվ մեջբերումների համաձայն, Անտոնիո Գուտերեսը հիացած կարծիք էր հայտնել, թե Ադրբեջանը փախստականների թվով առաջին երկիրն է, անում է առավելագույնը փախստականների համար եւ հարաբերություններն էլ ուղղակի իդեալական են: Երեկ ամենայն հստակությամբ պրն Գուտերեսը հայտարարեց, որ նման խոսքեր ինքը չի հեղինակել: Մասնավորապես, Ադրբեջանն առաջինը չէ փախստականների թվով, եւ նման բան ուղղակի չէր կարող ասվել: Երկրորդ, Ադրբեջանում որոշ բաներ արվում են փախստականների համար, սակայն այնտեղ դեռ գործում են փախստականների ճամբարները, պայմանները բավականին վատն են, այնպես, ինչպես, պրն Գուտերեսի խոսքերով, կան վատ պայմաններում ապրողներ նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության հասցեին դժգոհությանը, ապա Անտոնիո Գուտերեսը ընդգծեց, որ նման բան չի ասել, ուստիեւ իմաստ չունի դա մեկնաբանել: «Ես բավարար զգույշ էի (Բաքվում - Ա.Հ.) ասուլիսի ժամանակ չօգտագործելու Հայաստան բառը»: Ամեն դեպքում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշեց, որ, իր կարծիքով, լիարժեք քաղաքացիությունը փախստականների պաշտպանության լավագույն գործիքն է, Հայաստանն էլ այս առնչությամբ ընտրել է իր ուրույն ճանապարհը:
Պատասխանելով Ադրբեջանում հայ փախստականների թողած ունեցվածքի վերադարձման հարցին, Անտոնիո Գուտերեսը նշեց, որ այդ հարցը կարող են քննարկել հակամարտության կողմերը կարգավորումից եւ փախստականների` իրենց բնակության վայրեր վերադարձի խնդրի լուծումից հետո:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ