«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ՕՍԿԱՆՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԵՆ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ նոր առաջարկ դեռ չեն ուղարկել: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի հետ համատեղ ասուլիսում նշեց, որ ներկա պահին միայն խոսակցություն կա արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման առնչությամբ:

Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաեւ Ղարաբաղի հարակից տարածքներում հրդեհների կապակցությամբ ադրբեջանական անհիմն մեղադրանքներին: Ըստ պրն Օսկանյանի, բնական եղանակային պայմանների պատճառով առաջացող նմանօրինակ հրդեհներ լինում են ամեն տարի, ուղղակի այս տարի հրդեհների ծավալն ավելի ընդգրկուն էր եւ հայերին հրդեհումների մեջ մեղադրելու ադրբեջանական շահարկումներն անհասկանալի են:

Եվ մինչ հայաստանյան իշխանությունները կրկին ընդգծում են հրդեհների բնական պատճառները, իսկ ղարաբաղյան հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն իր հերթին հենց Ղարաբաղ այցելությամբ զեկուցում է հայկական կողմի ճշմարտացիության մասին, ադրբեջանական լրատվամիջոցները հայերին «նոր հրդեհումների» մեջ են մեղադրում: «Ազերի պրես» գործակալությունը ապատեղեկացնում է, որ կիրակի երեկոյան ժ. 9-ից «հայերը սկսել են այրել Աղդամի շրջանի անտառային զանգվածները»: Պարզվում է, միայն Աղդամով «չենք բավարարվել»: Ինչ-որ բան «հրդեհում ենք» նաեւ Խոջավենդի շրջանում:

Թերեւս ամենահետաքրքրականը հայերի «հանցագործության» դրդապատճառի ադրբեջանական հորինվածքն է. «այրում ենք», քանի որ չենք կարող շահագործել Աղդամի անտառների բնափայտը ու «թշնամուն` ոչինչ» տրամաբանությամբ ենք գործում: Նման «մոտիվացիան» հատկապես անտրամաբանական է, քանի որ հրդեհը խաղալիք չէ ու ողջ Ղարաբաղը նման «հրդեհումների» ամենասովորական զոհ կարող է դառնալ: Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցների ու պաշտոնյաների դեպքում կարծես գործում է սեփական թերություններն ուրիշի վրա ձեւելու բարդույթը...

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4