«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՍԱԼՈՆԻԿԻ ԳԱՂՏՆԻ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԵՐԻ ԲՆԱՋՆՋՄԱՆ ՄԱՍԻՆ

«1910 թիվ, 10 օգոստոսի

Հոդված 1.- Ընկերակցության օրենքին (երիտթուրքերի կանոնադրության- Հ. Հակոբյան) երրորդ եւ չորրորդ հոդվածներեն օգտվելով բոլոր հայ ընկերությունները խափանել եւ անոնց վարչական մարմիններուն եւ անոնց մեջ ի վաղուց իթթիհատի կառավարության հակառակ աշխատողներուն ամբողջովին ձերբակալելով Մոսուլի, Պաղդատի պես նահանգները ղրկել եւ ճամբուն կամ այլ տեղ փճացնել (սպանել- Հ. Հ.):

Հոդված 2.- Բոլոր հայոց ամեն տեսակ զենքերը հավաքել:

Հոդված 3.- Մասնավոր պատշաճ միջոցներով, իսլամի կարծիքը պարտադրել Վանի, Երզնկայի, Ատաբազարի պես տեղեր, ուր հայերը արդեն իսկ իրենց ընտանիքներովը իսլամներու պժգանքը շահած են. կազմակերպել դեպքեր, ինչպես Ռուսիան ըրավ Պաքուի մեջ: (Նկատի ունի 1905 թվականի Բաքվի հայերի կոտորածը- Հ. Հ.):

Հոդված 4.- Էրզրումի, Վանի, Էլ Ազիզի, Պիթլիսի պես նահանգներու մեջ բնաջնջումի գործողությունը բոլորովին ժողովուրդին թողնելով, զորքերը եւ կարգապահական ուժերը իբր թէ ջարդերը արգիլելու գործածել: Իսկ Ատանայի, Պրուսայի, Նիկոմիդիո եւ Իզմիրի պես տեղերը` ընդհակառակը` իսլամներուն օգնել զինված ուժով:

Հոդված 5.- Բնաջնջումը գործադրել մասնավորապես հիսունեն վար այրերու ու ուսուցիչներու վրա: Աղջիկները եւ մանուկները թողուլ իսլամներու համար:

Հոդված 6.- Փախչելու հաջողածներու ընտանիքը մեջտեղեն վերացնել եւ միջոցներ ձեռք առնել երկրին հետ անոնց կապը բոլորովին խզելու համար:

Հոդված 7.- Կառավարության հայ պաշտոնյաները` պատճառաբանելով, թէ լրտեսություն ըրած են, վտարել բոլոր պաշտոններեն:

Հոդված 8.- Բանակին մեջ գտնվողներուն պատշաճ կերպով իշխանության կողմե բնաջնջում:

Հոդված 9.- Բնաջնջումի գործողությունը ամեն կողմէ միաժամանակ սկսիլ եւ այդպիսով ինքնապաշտպանության ժամանակ չթողուլ:

Հոդված 10.- Այս հրահանգի գաղտնի մնալու եւ միայն մեկ-երկու հոգիի միջեւ մնալուն վերջին ծայր հոգ տանիլ»:

Այս բարբարոս որոշումը հայտնի է դարձել Ռենե Պինոնին, որը դեռեւս 1913 թվականին հրապարակել է իրՙ «L՛Europe et la jeune Turque» հոդվածում` Փարիզում: Այն թարգմանվել եւ տպագրվել է 1965 թվականի հունիսի 11-ին «Ազդակ» թերթում:

Պարզ չէ, թէ ինչու հայերը այդ որոշմանը տեղյակ չեն եղել: Հավանաբար Դաշնակցության ղեկավարները դեռ հավատում էին 1909 թվականին երիտթուրքերի հետ կնքած համաձայնագրին:

Այսօր այս որոշումը պետք է լինի մեր մեծ կռվանը` հաստատելու, որ հայերի կոտորածները պլանավորվել են կառավարական մակարդակով:

Դեռ նոր էր ընդունվել սահմանադրությունը: Դեռ չէր չորացել երիտթուրքերի եւ Դաշնակցության միջեւ կնքված համաձայնագրի թանաքը, թե միացյալ ուժերով պիտի նպաստեն օսմանյան երկրի զարգացմանը, եւ այն բառերը` թե դաշնակցականներն անկախանալու հարց չպետք է դնեն, դեռ չէին մոռացվել:

Մինչեւ 1914 թվականը Դաշնակցությունը դեռ հավատում էր իր կնքած համաձայնագրի զորությանը, չնայած 1908 թվականից սկսած Օսմանյան կայսրության խորհրդարանում եւ Հայ ազգային խորհրդի նիստերում հայերի նկատմամբ բռնություններն ու հարստահարությունները քննության առարկա են դարձել: Հայտնի է, որ զինաթափման հարցը Գրիգոր Զոհրապը հատուկ քննարկման է դրել, չնայած թուրքերը, ինչպես միշտ, ժխտել են հայերի նկատմամբ ոտնձգությունները:

Եղած բազմաթիվ արխիվային փաստաթղթերի մեջ այս գաղտնի որոշումը պատասխան է թուրքերի ժխտողական քաղաքականությանը եւ պետք է մեր արտաքին քաղաքականության մեխը լինի` կառավարական մակարդակով ցեղասպանության ճանաչման մեջ:

ՀՈԿՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ, Ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի ու աշխատանքի վետերանների միության փոխնախագահ

Աղբյուրը` Ստեփան եւ Կարո Պողոսյան, «Թուրքերը թուրքերի մասին», 2000 թ., Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4