«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ԻՍԿԱՊԵՍ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է

«Ցեղասպանության թանգարանի մասին» իրանահայ լրագրող եւ արվեստաբան Ժանեթ Լազարյանի հոդվածն անսպասելի էր եւ անհասկանալի Հայոց ցեղասպանության թանգարանի հազարավոր այցելուների եւ առաջին հերթին թանգարանի աշխատակիցների համար:

Գոյության տասնմեկ տարիների ընթացքում թանգարանը լայն ճանաչում է ձեռք բերել Հայաստանի սահմաններից դուրս: Համբավը տարածվել է առաջին հերթին լավագույն աշխատանքի շնորհիվ:

Թանգարանի աշխատակիցները որոշեցին լռության մատնել Ժ. Լազարյանի անդրադարձը: Սակայն պարզվեց, որ սփյուռքում լայն արձագանք գտավ: Մեզ դիմեցին թանգարանի ազգանվեր աշխատանքը գնահատող տասնյակ սփյուռքահայ մտավորականներ, որոնք վրդովված էին հոդվածի բովանդակությունից: «Ազգը» հրատարակեց Վիեննայում բնակվող հասարակական գործիչ Ռազմիկ Թամրազյան-Հարությունյանի «Առյուծ` հայրենիքում, գառնուկ` արտերկրում» արձագանքը:

Խոր զայրույթով կարդալով Ժ. Լազարյանի հոդվածը, այնուամենայնիվ որոշեցի եւս արձագանքել:

Առիթ եմ ունեցել հանդիպելու նրան իր այցելությունների ժամանակ: Տիկին Ժանեթը թանգարան էր այցելել ոչ թե օտար հյուրի, այլ իր դստեր հետ: Վերջինս նշեց, որ ցանկանում էր թանգարանում նկարահանումներ անել, պատրաստել բուկլետ եւ վաճառել ԱՄՆ- ում: Այսինքնՙ բիզնես: Հետեւաբար տիկին Ժանեթը պետք է ազնվություն ունենա խոստովանելու, որ թանգարանում զոհերի հիշատակով դրամ աշխատելու ցանկությունն ունեին ինքն ու իր դուստրը:

Հայոց ցեղասպանության թանգարանում արգելվում է լուսանկարել այն պարզ պատճառով, որ նման նպատակ հետապնդողները այդ լուսանկարները եւ փաստաթղթերը բազմացնում եւ առանց դրանց ծագման պատմությանը տեղյակ լինելու` սիրողական, ոչ մասնագիտական բացատրություններով տարածում են, իբր թե օգնում են Հայոց ցեղասպանության փաստի տարածմանը, բայց վնաս են պատճառում թեմայով զբաղվող մարդկանց տարիների աշխատանքին: Նրանց տարածած փաստաթղթերը դառնում են կեղծ, եւ թանգարան այցելող շատ թուրքեր մատնանշում են դրանց շինծու լինելը:

Եվ վերջապես, արտասահմանից եկած ոչ մի լրագրողի կամ թեմայով զբաղվող մասնագետի, որն ունի համապատասխան փաստաթղթեր, չի արգելվել մինչ այժմ թանգարանում նկարահանել, նույնիսկ այդ մարդկանց հետ հանդիպում են թանգարանի գիտաշխատողները եւ տրամադրում ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրատարակություններ:

Տիկին Ժանեթի դուստրը ոչ միայն չուներ նման փաստաթղթեր, այլեւ միանգամից նշեց այն հանգամանքը, որ թանգարանը չունի ուղեցույց եւ ինքն ուզում է դա ստեղծել եւ վաճառել ԱՄՆ-ում` համարելով դա Հայոց ցեղասպանության քարոզչություն:

Թանգարանի ցուցադրությունը անցյալ տարի կառավարության միջոցներով 90-ամյակի կապակցությամբ վերակառուցվել եւ համալրվել է: Այժմ հրատարակության է պատրաստվում ներկայիս ցուցադրության գիտական նկարագիրը պարունակող աշխատություն, որի ստեղծմանը մասնակցում են թանգարանի աշխատակիցները: Անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ ուղեցույցը չստեղծվի թանգարանում, այլ անհայտ նպատակներով մի տիկին պնդի, որ ինքը պիտի պատրաստի: Սովորաբար թանգարաններում տվյալ թանգարանի վերաբերյալ ուղեցույց պատրաստում են հենց թանգարանի աշխատակիցները, քանզի միայն աշխատողը կարող է հստակ պատկերացում տալ իր օգտագործած նյութերի եւ դրանց ցուցադրման նպատակների վերաբերյալ:

Աշխարհի բոլոր թանգարաններն ունեն գրախանութներ, որտեղ վաճառվում է տվյալ թանգարանին վերաբերող գրականություն: Երեւի տիկին Ժանեթն ու իր դուստրն իրենց այնքան տաղանդավոր արվեստագետ են համարում, որ նույնիսկ հարկ չեն համարում այցելել թանգարաններ եւ ծանոթանալ թանգարանների աշխատանքային կարգին:

Ինչ վերաբերում է տիկին Ժանեթի դստեր գնած CD-ին, ապա ասեմ, որ այն չի պատրաստել թանգարանը: Հեղինակները հայտնի մասնագետներ են, որոնց մենք նյութեր ենք տրամադրել եւ որոնք իրենց միջոցներով պատրաստել են: CD-ն պարունակում է ավելի քան 1000 լուսանկարներ եւ փաստաթղթեր Հայոց ցեղասպանության, Արեւմտյան Հայաստանի պատմության եւ մշակույթի վերաբերյալ: CD-ն մրցանակներ է շահել մի շարք միջազգային մրցույթներում` համարվելով իր տեսակի մեջ լավագույններից մեկը: Այնպես որ նրա արժեքը լիովին համապատասխանում է որակին: Եվ վերջապես թանգարանի այցելուներից որեւէ մեկին պարտադրված չէ դրա գնումը: Տիկին Ժանեթն իր երկրորդ այցելության ժամանակ ստեց, որ իբր CD-ի մեջ չկան այն լուսանկարները, որոնք ցուցադրվում են թանգարանում, սակայն մենք ապացուցեցինք, որ նրա դուստրը գնել է CD-ն եւ նույնիսկ հարկ չի համարել դիտել մինչեւ վերջ: Նույնիսկ տիկին Ժանեթը առանց անհարմար զգալու լռում է, որ մենք նրան ենք նվիրել 4 կգ քաշ ունեցող «XX դարի առաջին ցեղասպանությունը» նյութերի ժողովածուն, որը նրա դուստրը ծանր լինելու պատճառաբանությամբ հրաժարվել էր վերցնել, այժմ մայրը վերցրեց, նույնիսկ խոսքի մեջ էլ նշեց, թե իբր տանելը թանկ է, բայց ինքը, ոչինչ, այդ գումարը մի կերպ կծախսի: Երեւի այն հույսն ուներ, որ թանգարանի տնօրենը նվիրելուց բացի տեղափոխման ծախսն էլ պետք է հոգար:

Հայոց ցեղասպանության թանգարանը Հայաստանում միակ թանգարանն է, որ գործում է անվճար: Այն անշահախնդիր ծառայում է թե՛ օտարերկրյա, թե՛ տեղացի այցելուներին: Այնպես որ մեծ վնաս չի կրի մեր սփյուռքահայ այցելուն, որն անգամ մեկ լումա չի ծախսում թանգարանը դիտելու, էքսկուրսավարի բացատրությունը անհատույց լսելու համար, եթե թանգարանի գրքերի ցուցասրահ-գրախանութից որեւէ գիրք գնի: Այսպիսով նա կաջակցի ցածր աշխատավարձով տիտանական աշխատանք կատարող գիտաշխատողներին` նոր գրքեր տպագրելու եւ արտերկրում տպագրված նոր աշխատություններ ձեռք բերելու գործում, կօգնի թանգարանին հոգալու ներքին ծախսերը եւ ներկայանալու այնպիսի տեսքով, որը բնորոշ է աշխարհի լավագույն թանգարաններին:

Իր գոյության տասնմեկ տարիների ընթացքում թանգարանը հյուրընկալել է տարբեր երկրներից ժամանած պաշտոնատար անձանց եւ հարյուր հազարավոր օտարերկրացիների, որոնք իրենց հիացմունքն են արտահայտել թանգարանի աշխատանքների վերաբերյալ: Երբեւէ որեւէ մեկի համար ցնցող եւ զարմանալի չի եղել թանգարանում ցեղասպանության թեմայով գրականության վաճառքի փաստը:

Անդրադառնալով Ժանեթի եւ թանգարանի տնօրեն Լ. Բարսեղյանի զրույցին` նշեմ, որ սկզբից մինչեւ վերջ ներկա եմ եղել եւ տեղյակ եմ խոսակցության թեմային: Ոչ մի խոսք կառավարության աջակցության կամ չաջակցելու վերաբերյալ պարոն Բարսեղյանի կողմից չի հնչել: Միայն նշվել է, որ գրախանութում եղած այն գրականությունն է թանկ, որը հրատարակել են հեղինակներն իրենց միջոցներով, այդ կերպ փորձելով լուծել իրենց աշխատանքի հոնորարի եւ հրատարակության ծախսերը: Գաղտնիք չէ, որ գիտնականներն այսօր Հայաստանում ամենացածր վարձատրություն ստացող մարդիկ են, որոնք շարունակում են անդավաճան մնալ գիտությանը եւ իրենց ուսումնասիրություններին: Եթե գիտնականին հաջողվում է իր կատարած ուսումնասիրությունը տպագրելու համար մեկենաս գտնել, ապա գիրքը հրատարակվում է, հակառակ դեպքում հեղինակը ստիպված է լինում միջոցներ հայթայթել կամ լավագույն դեպքում պարտքով տպել իր աշխատանքը, այն պայմանով, որ գրքի վաճառքից գոյացած գումարով կփակի տպագրման ծախսերը:

Կառավարությունը գրականություն հրատարակելու համար Հայոց ցեղասպանության թանգարանին մշտապես գումարներ տրամադրել է: Պետական աջակցությամբ տպագրված գրականությունը բաժանվում է ուսումնական հաստատությունների սովորողներին, գրադարաններին, հիմնականում սփյուռքահայ համայնքների դպրոցներին: Միայն 2001 թվականին թանգարանը իր այցելուներին անվճար նվիրել է շուրջ 40000 միավոր գիրք: Միջին հաշվով տարեկան մենք մեր ացելուներին ենք նվիրում շուրջ 20000 գիրք: Հրատարակված օտարալեզու գրականությունը բաժանվել է նաեւ արտերկրի պաշտոնատար անձանց, կառավարական պատվիրակությունների անդամներին:

Ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի կտավները թանգարանի գիտական ցուցադրության մեջ ժամանակավոր են տեղադրված: Մենք արդեն դիմել ենք կառավարությանը, որպեսզի աջակցի թանգարանին կից պատկերասրահ կառուցելու համար: Այդ պատկերասրահում կցուցադրվեն ոչ միայն Ժանսեմի գործերը, այլեւ ցեղասպանության թեմայով այլ ստեղծագործություններ, որոնց թիվը թանգարանում տարեցտարի մեծանում է: Ցեղասպանությունը ծանր հետեւանքներ է թողել մեր աշխարհայացքի եւ մարդկային փոխհարաբերությունների վրա: Այս ամենն արտացոլվել է արվեստի տարբեր բնագավառներում: Հետեւաբար պատկերասրահի կառուցումը անհրաժեշտ է: Թանգարանի աշխատակազմը վստահ է, որ կառավարությունը հարցին դրական լուծում կտա:

Տիկին Ժանե՛թ, այդքան այցելելով թանգարան, քանի՞ անգամ եք որպես հայ օգնել թանգարանին: Գոնե մեկ անգամ հետաքրքրվեիք, թե ի՞նչ հոգսեր ունի թանգարանը: Բորբոքվեցիք, որովհետեւ թույլ չտվեցինք, խանգարեցինք ձեր դստերը Հայոց ցեղասպանության ոլորտում դրամ վաստակելու: Կառավարությանը եւ երկիրը վարկաբեկելը այսօր շատ հեշտ է, ասաՙ աշխատող, արարող մարդկանց օգնող եւ աջակցող լինի:

ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4