«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ՌՈՒՍՈՅԻ ԴԵՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՔ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը Մոսկվայում Ավրաամ Ռուսոյի դեմ մահափորձը իրավապահ մարմինները գնահատում են վախեցնելու փորձ: Այն, սակայն, իրականացվել է «Կալաշնիկով» ավտոմատի կրակահերթով, եւ բժիշկները երեկ վերակենդանացման բաժնում գտնվող երգչի առողջական վիճակը գնահատում էին կայուն ծանր: Նախօրեին երգչի գիտակցությունը վերականգնվել է եւ արհեստական շնչառության սարքերից կախված լինելը չի խանգարել որոշակի զրույցին քննչական կազմի հետ: Մինչ այդ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ տեղափոխվելուց հետո առաջին տասը ժամերի ընթացքում Ավրաամ Ռուսոն երկու ծանր վիրահատություն է կրել:

23-ամյա Մորելա Ռուսոյին` երգչի կնոջը, որ չորս ամսից զավակ պիտի աշխարհ բերի, ամուսնու ընկերներն օգնության պատրաստակամություն են հայտնել ու ցուցաբերել: Նրանցից ոմանք ռուսական տարբեր լրատվամիջոցներում Ռուսոյի հետ պատահածում ազգային հիմք չեն տեսնում եւ ավելի հակված են կոմերցիոն հիմքին: Անհավանական, բայց եւ բացառելի չէ երիտասարդական օտարատյաց խմբի ձեռքի գործ համարելու տարբերակը, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի», որը եւս երկու տարբերակ է առաջ քաշելՙ 1990-ականներին Ռուսոյին Ռուսաստան հրավիրած եւ նրա ճանաչման համար 2 մլն դոլար ներդրած գործարար Իոսիֆ Պրիգոժինի վրեժըՙ գումարը չվերադարձնելու համար, երկրորդ, որ Ռուսոյի երաժշտական ստուդիան մեծ կոմերցիայի արտացոլք չէ եւ հազիվ թե գործնական հաշիվների մաքրումը տարբերակ լինի:

Հետաքննության տվյալները չեն հրապարակվում, իսկ փորձագետները նման դեպքերի համար պատճառ են համարում կոմերցիոն կամ չճանաչված անձնական հարաբերությունները: Պատճառների ցանկում փորձագետները չեն բացառել նաեւ երգչին մեկ ուրիշի հետ շփոթելու վարկածը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4