«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


«ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾԸ» ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՆԱԽԱԳԾՈՒՄ Է ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԻՆՔՆ ԻՐԵՆ

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն անդրադարձավ Երեւանի գլխավոր հատակագծին

Երեւանի գլխավոր հատակագծի իրացման խնդիրներին երեկ քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա հայտնեց, որ այս տարի նախագծային աշխատանքների համար հատկացվել է 570 մլն դրամ: Բոլոր նախագծերը մրցութային են եղել եւ մրցույթները գրեթե ամբողջությամբ արդեն տեղի են ունեցել: 2007 թ.-ի համար նախագծային աշխատանքներին հատկացված գումարը կկազմի 1 մլրդ 117 մլն դրամ:

Գլխավոր ճարտարապետն առանձնացրեց հատկապես մայրաքաղաքի կենտրոնի գոտեւորման նախագիծը, որտեղ կարեւորվելու են երկու ուղղություններ: Առաջինը բակերի վերանորոգումն ու բարեկարգումն է: Այդ ծրագիրն արդեն մշակված է եւ երկու բակերի («Զեփյուռ» խանութի եւ Կինոյի տան հարեւանությամբ) վերաբերյալ արդեն մրցույթներ են հայտարարվել: Հաջորդը փոքր կենտրոնից դուրս արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչությունների, բանկերի, գրասենյակների համար առանձին տարածք հատկացնելն է, քանի որ Երեւանի փոքր կենտրոնի տարածքն այլեւս հնարավորություն չունի այդ գործառնություններն իրականացնելու համար:

Եկող տարի նախատեսվում է իրականացնել Աջափնյակ, Արաբկիր, Դավիթաշեն եւ Նորք-Մարաշ թաղամասերի գոտեւորման նախագծերը:

Առաջիկա ամիսներին կավարտվեն Տիգրան Մեծի, Կոմիտասի, Իսակովի, Մյասնիկյան փողոցների բարեկարգման աշխատանքները: Սամվել Դանիելյանը առանձնացրեց նաեւ Կորյուն-Հերացի-Չարենց փողոցների նոր հանգույցի ստեղծումը:

Գլխավոր հատակագծի մոնիտորինգ իրականացնելու նպատակով նույնպես մրցույթ է հայտարարվել, եւ ինչպես պարզվեց Սամվել Դանիելյանի խոսքից, շահել է «Երեւաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն: Ընդ որում, ինքըՙ գլխավոր ճարտարապետը արտառոց չհամարեց այն փաստը, որ «Երեւաննախագիծը» միաժամանակ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի հեղինակն ու դրա իրականացման վերահսկողն է: Այլ խոսքերով, նույն կազմակերպությունը վերահսկում է իր իսկ նախագծի իրականացումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4