«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ԱՅՍՊԵՍ ԵՆ ԵՐԿԻՐԸ ՈՒՐԻՇ ԵՐԿՐԻ ՆՎԻՐՈՒՄ

Մի քանի խոսք Վեներա Գասպարյանի մասին

Այս կինը զարմացնում է իր շռայլությամբ: Բնությունը նրան առատորեն շնորհել է հոգեւոր արժեքներով: «Ազգ» թերթի խմբագրատանը կարճատեւ մի զրույց ունեցանք իր եւ իմ լավ բարեկամ, Հայաստանում եւ սփյուռքում ճանաչված մշակութային գործիչ Ժակ Հակոբյանի նախաձեռնությամբ: Եվ ես մի անչափ հետաքրքրական մի հայուհի եւս հայտնաբերեցի:

Ինքըՙ Մոլդովայի Հանրապետությունում հայ համայնքի ղեկավար, «Տաթեւիկ» հոգեւոր-մշակութային կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Վեներա Գասպարյանն իր մասին քիչ բան պատմեց: Նրա մասին տեղեկություններ քաղեցի իր բերած մոլդովական մամուլից: Իսկ արեւավառ ու գինեվետ այս երկրի մամուլը պարզապես հիացմունքով է արտահայտվում մեր հայրենակցուհու մասին: «Մոլդովական երկնակամարում փայլող հայ Վեներան», ըստ թերթի հաղորդագրությունների, իսկապես հիացրել է այս հիանալի երկրի մարդկանց: Մոլդովացիները եւ Մոլդովայի բնակիչները նրան տեսնում են համապետական տոների ժամանակ, Մոլդովային նվիրված նրա երգը մեծ հաճույքով ունկնդրել են երկրի նախագահ Վլադիմիր Վորոնինն ու նրա մերձավորները: Որեւէ տոն ու տոնակատարություն չի լինում Մոլդովայում, որտեղ չփայլի մեր այս հայուհինՙ կանանց միջազգային օրՙ մարտի 8 ու փետրվարի 23, Ամանոր ու ընթացիկ տոներ: Դաշնակահարուհի, երգչուհի, բանաստեղծուհի, խմբավար Վեներա Գասպարյանը ամեն անգամ մի հաճելի անակնկալ է պատրաստում: Ու դա է պատճառը, որ նրան սիրում ու հարգում են ոչ միայն Մոլդովայի հայ համայնքում (իսկ համայնքի անդամների թիվն այսօր 10-12 հազարի է հասնում), այլեւՙ տեղացիները:

Վեներայի կենսագրությունը հետաքրքրական դեպքերի եւ իրադարձությունների մի շարան է: Արցախում ծնված ու ապրած աղջիկը շատ բանով պարտական է հորը: Ստեփանակերտի եւ Շուշվա գլխավոր ինժեներ-շինարար Մուշեղ Գասպարյանն իսկապես շատ բան է արել աղջկան մշակույթի, հոգեւոր դաշտում պահելու համար:

- Ես երախտապարտ եմ հորս,- ասում է Վեներան:- Նա շատ կիրթ եւ հոգեւոր հարուստ մարդ էր: Երեք ինստիտուտ էր ավարտել, եւ մեզՙ իր վեց երեխաներին, տվել է այն ամենը, ինչ կարողացել է: Բայց նա իր հիմնական հույսը, չգիտես ինչու, կապում էր ինձ հետ...

Պրոֆեսիոնալ դաշնակահարուհի դառնալու համար Վեներան նույնպես պարտական է հորը...

...Հինգ տարեկան փոքրիկ աղջնակը տան բակում, ասֆալտի վրա նկարել էր դաշնամուրի ստեղներ եւ «նվագում էր»: «Հենց վաղը դու դաշնամուր կունենաս», ասել էր հայրը եւ կատարել խոստումը: Աղջիկը Ստեփանակերտում երաժշտական որակյալ կրթություն ստանալուց, տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, սովորել է Երեւանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանում, ստացել պրոֆեսիոնալ դաշնակահարուհու մասնագիտություն, որից հետո ստեղծել ու ղեկավարել է եռաձայն բազմամարդ երգչախումբ, որում ընդգրկված էր... 300 մարդ:

Հրաշալի, թեթեւ ապագա էր խոստանում կյանքը նրան: Սակայն սկսվեցին արցախյան իրադարձությունները: Նա իր ընտանիքի հետ ապաստան գտավ համեմատաբար խաղաղ Մոլդովայում, ուր կարելի էր շարունակել արվեստագետի իր ուղին: Սակայն մեկ սենյականոց բնակարանում Վեներան ու իր ամուսինըՙ Կարեն Դավթյանը, նրանց զավակներըՙ Տաթեւիկն ու Դավիթը սոսկ իրենց անձնական մի քանի իրերն ունեին: Դմիտրի Կաբալեւսկուն ու Եվգենի Կրիլատովին հիացրած, նրանց բարձր գնահատականին արժանացած Վեներա Գասպարյանը պետք է նորից սկսեր, սկսեր ոչնչից: Ու հենց առաջին գիշերը, կարդալով տեղական թերթում տպագրված հայտարարությունը... գնում են Petroff մակնիշի դաշնամուր: Գիշերվա կեսին էլ դաշնամուրը բերում են իրենց տուն:

Մոլդովայի լավագույն ժուռնալիստներից մեկինՙ Իրինա Ագապկինային ապշեցրել են Վեներայի հոգեւոր հզոր թափը, ամեն ինչում փայլելու նրա տաղանդը:

Սակայն սկզբնական շրջանում ամեն ինչ հեշտ ու հանգիստ չի եղել:

1988 թվականն էր: Հրաշալի, բայց օտար երկրում ապաստանած այս հայերը եւս ամեն օր ամենադաժան ու զազրելի պատմություններ էին լսում հայերի մասին, որոնք խորտակվող Խորհրդային Միության կենտրոնական հեռուստաալիքները մատուցում էին բազմամիլիոնանոց լսարանին:

- Մոլդովայում եղած առաջին տարիներին ես քիչ էր մնում լացեի ամոթից,- հիշում է Վեներան:- Լրատվամիջոցներով, հատկապես հեռուստատեսությամբ եթե խոսում էին մերՙ հայերիս մասին, ապա միայն բացասական շեշտադրությամբ: Ես փորձում էի մարդկանց բացատրել, թե իրականում ինչ է կատարվում իմ հայրենիքումՙ լեռնային Ղարաբաղում: Սակայն համոզվեցի, որ դա արդյունավետ ճանապարհ չէ: Եվ որոշեցի գործ անել, գործ, որի շնորհիվ ես օտարազգիներին կապացուցեի իմ հպարտ ու ազատատենչ ժողովրդի իրական ոգին, նպատակները, իղձերը:

Իսկ Վեներային չնկատել չէր կարելի: Օտարազգիներին նա առաջարկում էր ծանոթանալ հայ հոգեւոր բարձր արժեքներին, հայոց սովորույթներին, տոներին, անգամ հայկական կոնյակին ու խոհանոցին: Նա համերգներ էր կազմակերպում, հրավիրում էր բազմաթիվ երգիչների, երաժիշտների, արվեստի ոլորտի այլ մարդկանց, գիրք գրեց ու հրատարակեց հայերի մասին:

Առավել կարեւոր էր Վեներայի գործունեությունը Մոլդովայի հին հայկական առաքելական եկեղեցու վերաբացման գործում: Մոլդովայի գերեզմանատներից մեկում գտնվող եկեղեցական գեղեցիկ շինությունը տեղացիները միշտ էլ համարել էին լեհական: Քիշնեւցիները հենց այդպես էլ կոչում էին այդ եկեղեցինՙ «լեհական» կամ «կաթոլիկ»: Սակայն Վեներան հստակ գիտակցում էր, որ այն զուտ հայկական է... Բազմաթիվ արխիվներ քրքրեց, վկայություններ ու փաստաթղթեր գտավ, որոնք անժխտելիորեն հաստատում էին Քիշնեւի այդ հնամյա եկեղեցու եւ գերեզմանատան (որտեղ ավելի քան 2 հազար հայ է թաղված) հայկական ծագումը: Պակաս ջանքեր չպահանջվեցին Մոլդովայի եւ Քիշնեւի իշխանություններին այս համոզիչ փաստերը ապացուցելու, պաշտոնական ճանաչումը վաստակելու համար: Եվ, ահա, աշխարհի օտար ճանապարհներին եւս հայ եկեղեցի փրկվեց: Ու մտածում եմ, թե որն է ավելի դժվար ու գնահատելիՙ եկեղեցի կառուցելը, թե՞ այն իր ժողովրդին վերադարձնելը:

Վեներա Գասպարյանը Մոլդովայի էթնիկ մշակութային ընկերությունների վարչության, համակարգող խորհրդի, «Մոլդովայի կանայք» կազմակերպության բյուրոյի անդամ է: Ղեկավարելով Մոլդովայի Հանրապետությունում հայ համայնքի աշխատանքները, նա ղեկավարում է նաեւ Մոլդովայի հայ կանանց միությունը: Նրա անունը գրանցվել է ամերիկյան հանրահայտ «Ով ով է» ժողովածուում, Ամերիկյան կենսագրական ինստիտուտը 2003 թվականին նրան ճանաչել է որպես «Աշխարհի կին»: Մոլդովային ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար երկրի նախագահ Վլադիմիր Վորոնինի հրամանով նրան մոլդովական քաղաքացիություն է շնորհվելՙ պահպանելով հայկականը:

Ինչպես ասում են Մոլդովայումՙ «Վեներան Մոլդովային է նվիրել իր սիրտը, իր հոգին եւ ամենակարեւորըՙ իր հպարտ երկրիՙ Հայաստանի մի կտորը»:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4