Կանադահայ բեմադրիչ Ատոմ Էգոյանի երկյուղած սերն ամերիկահայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու հանդեպ առաջին անգամ դրսեւորվել է 1993-ին, երբ նա իր նորածին որդուն անվանել է Արշիլ: Այդ սերը գեղարվեստական մարմնացում է ստացել երկու տարի անց Ատոմի նկարահանած «Արշիլի դիմանկարը» վիդեոինստալացիայում, ինչպես նաեւ «Արարատ» շարժանկարում, որտեղ Գորկին հանդես է բերված որպես կենտրոնական կերպարներից մեկն է: Եթե այս ստեղծագործությունը բավական հայտնի է հայությանը, ապա «Արշիլի դիմանկարը» գործին ծանոթ է վիդեո-արտով հետաքրքրվող մի սեղմ շրջանակ:
Ատոմ Էգոյանի եւ Արսինե Խանջյանի Արշիլ որդին այսօր 13 տարեկան է: Նա տակավին չծնված արդեն «հանդես է եկել» հոր «Էկզոտիկա» ֆիլմում, որտեղ Արսինե Խանջյանը նկարահանվել էր հղիության վերջին ամիսներին: Լրջմիտ, կազմակերպված, խելացի այս մանչուկը ծննդյան օրից ծնողների հետ մասնակցում է միջազգային կինոփառատոների, նրանց հետ հանդես է եկել «Արշիլի դիմանկարը» վիդեոինստալացիայում, իսկ ութ տարեկանում նկարահանվել «Արարատ» ֆիլմումՙ ցուցահանդեսում գտնվող երեխայի փոքրիկ դերով: Արշիլ Էգոյանը հաճախում է հայերենի դասերի, երկու անգամ արդեն ծնողների հետ եղել է Հայաստանում եւ ապրել ոգեւորության բազմաթիվ պահեր: Նրա ցանկությունն է դառնալ բեմադրիչ, դերասան կամ գիտնական: Անձնական զրույցի ժամանակ Ատոմն ասաց, որ Արշիլն օժտված է գրական ձիրքով, «ինձնից շատ ավելի լավ է գրում», նույնիսկ հասցրել է հրատարակել իր գրական գործերի մի ժողովածու:
Ներկայացնում ենք Ատոմ Էգոյանի «Արշիլի դիմանկարը» գործը, որը հրատարակվել է Նյու Յորքի «Արարատ» հանդեսում (1999, աշուն, թ. 160):
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ
Արշիլի դիմանկարը
Դու կրում ես մի մարդու անունը, որը պատկերել է իրեն եւ իր մորը:
Դու կրում ես մի մարդու անունը, որն իր դիմանկարը հիմնել է մի լուսանկարի վրա, որ ստեղծվել է 1912-ին, Վանում, Հայաստանում: Լուսանկարի տղան ութ տարեկան է: Նրա ջերմեռանդ հավատացյալ մոր անունը Շուշանիկ Տեր-Մարտիրոսյան-Ադոյան էր: Նրա որդին, այն մարդը, որի անունն ես դու կրում, անվանակոչվում էր Ոստանիկ: Քո անունն Արշիլ է:
Դու կրում ես մի մարդու անունը, որը պաշտում էր իր մորը եւ ներշնչված էր բնության հանդեպ նրա սիրուց եւ հայ մշակույթի ու հայոց լեզվի հանդեպ ունեցած նրա հպարտությամբ:
Դու կրում ես մի մարդու անունը, որը լուսանկարը ստեղծվելուց յոթ տարի անց իր բազուկների մեջ պիտի առներ մորը, որը մահացել էր սովից: Դա 1919 թվականին էր: Երեւան քաղաքում: Տղան 15 տարեկան էր:
Դու կրում ես մի մարդու անունը, որը նայում էր իր մոր դեմքին, որ անքթիթ նրան էր նայում 1912-ին ստեղծված լուսանկարից, եւ որը վախենում էր, թե կհիասթափեցնի նրան, ամոթ կբերի իր անունով: Այդ պատճառով Ոստանիկ Ադոյանն իր անունը դարձրեց Արշիլ Գորկի:
Դու կրում ես մի մարդու անունը, որն իր անունը փոխեց այն բանի համար, թե ինչ կզգար ինքը, երբ նա հիշեր իր մոր դեմքը: Իր մոր դեմքը, որն այժմ անքթիթ նայում է պատկերասրահի պատից դեպի մի երկիր, որի մասին նա երբեւէ չէր երազել:
Նախաբանը եւ թարգմանությունն անգլերենիցՙ
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ