Օգոստոսի 13-ին Շվեյցարիայի Սեւի Գլոքենհոֆ կենտրոնում տեղի է ունեցել «Արմենիա նաու» ինտերնետային կայքի աշխատակից, ծաղրանկարիչ Ագնես Ավագյանի ծաղրանկարների ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ օգոստոսի 20-ը: Իսկ հաջորդ օրվանից մինչեւ սեպտեմբերի 5-ը կենտրոնի նախասրահում շարունակաբար կցուցադրվի հավաքածուի մի մասը:
Ստացված տեղեկության համաձայն, երեկոյան տեղի ունեցած ցուցահանդեսի բացումը ցուցադրվել է «Շվեյցարական աստղեր» հեռուստաալիքով: Ագնեսը ցուցադրել է իր աշխատանքներից մի հավաքածու` թվով 80 ծաղրանկարներ` նվիրված քաղաքականությանը, հայկական ցեղասպանությանը, ամենօրյա Հայաստանին, ապա մի շարք գրքերի ու ամսագրերի իր նկարազարդումները, ինչպես նաեւ յուղաներկով արված մի քանի նկարներ, որոնք պատկերում են Հայաստանի եկեղեցիներն ու բնապատկերները: Իբրեւ հատուկ իրադարձություն` ցուցահանդեսի հուզված այցելուներին երիտասարդ ծաղրանկարիչը ցուցադրում է նաեւ իր երկու ձեռքով նկարելու շնորհքը: Վերնիսաժն այցելուներ է ունեցել ոչ միայն Շվեյցարիայից, Եվրոպայից, այլեւ Հայաստանից ու այլ երկրներից:
ՔՆԱՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ