«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ՉԵՄՊԻՈՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը «Փյունիկի» եւ «Բանանցի» մրցավեճն էր: Այն անցավ բավական հետաքրքրական մրցապայքարում: Մրցանակային տեղերին հավակնող «Բանանցն» այս խաղում իրեն լավագույն կողմերով դրսեւորեց եւ արժանի հաղթանակ տոնեցՙ առաջին անգամ ստիպելով փյունիկցիներին խաղադաշտը թողնել պարտված:

«Բանանցն» ընտրել էր հակագրոհների տակտիկա, ինչը լիովին արդարացրեց իրեն: Արդեն 13-րդ րոպեին արագ հակագրոհի արդյունքում Վահե Թադեւոսյանը սլացիկ անցում կատարեց, գնդակը հասցեագրեց Արամ Հակոբյանին, որը գլխի հարվածով բացեց հաշիվը:

Հայտնվելով պարտության վտանգի առջեւ, փյունիկցիները մեծ ջանքեր գործադրեցին փրկելու խաղը: Սակայն նրանք հանդիպեցին «Բանանցի» հմուտ պաշտպանողական գործողություններին եւ այդպես էլ չկարողացան ճեղքել մրցակցի ամուր պատնեշը: Տարվելով գրոհներով, փյունիկցիները հաճախ աչքաթող էին անում մրցակցի արագաշարժ հարձակվողներին, որոնք մեկ անգամ չէ, որ կարող էին պատժել չեմպիոնին: 65-րդ րոպեին աջ թեւով Սամվել Մելքոնյանի սրընթաց անցումն ավարտվեց «Փյունիկի» դարպասի գրավումով (2-0): Հետագայում էլ կարող էին աչքի ընկնել «Բանանցի» ֆուտբոլիստներ Վահե Թադեւոսյանը, Արամ Հակոբյանը, Սեմյոն Մուրադյանը: Սակայն մի քանի դրվագներում հաջող խաղաց «Փյունիկի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որոշ դեպքերում էլ «Բանանցի» ֆուտբոլիստները վրիպեցին նպաստավոր դիրքերից: Ի վերջո, Արսեն Ավետիսյանին հաջողվեց խփել պատասխան առաջին գնդակը, բայց պարտությունից խույս տալ անհնար էր:

Այսպիսով, «Բանանցն» ընդհատեց «Փյունիկի» անպարտելի խաղերի շարքըՙ չեմպիոնից միավորների տարբերությունը հասցնելով 10-ի: Ինչ խոսք, մրցանակային տեղերի համար պայքարն ավելի հետաքրքրական բնույթ կկրի:

Հաջողությունն ուղեկցեց նաեւ մրցանակային տեղի մյուս հավակնորդ «Միկային»: Վերջինս սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ խփեց «Գանձասարի» դարպասը: Աչքի ընկավ բրազիլացի Կլեբերը:

Վերջապես հաղթանակ տարավ «Շիրակը», որը Գյումրիում շնորհիվ Հենրիկ Բատիկյանի խփած գոլի, պարտության մատնեց «Կիլիկիային»: Արարատցիներն էլ, որ վերջին հանդիպումներում բավական արդյունավետ են գործում, առավելության հասան «Ուլիսի» նկատմամբ: Ճիշտ է, այս անգամ նրանք ընդամենը մեկ գոլ խփեցին, սակայն դա էլ բավական էր հաղթելու համար: Կրկին արդյունավետ խաղով աչքի ընկավ Նշան Էրզրումյանը, որի խփած միակ գոլն էլ հերթական հաղթանակը պարգեւեց արարատցիներին: Նշանը վերջին երեք խաղերում դաշտից չի հեռանում առանց գոլի, դառնալով 6 գոլի հեղինակ:

Խաղից հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նշեց, որ տղաներին տրամադրել էր «Ուլիսի» հետ դժվարին մրցապայքարիՙ քաջ գիտակցելով, որ մրցակիցը լուրջ դիմադրություն ցույց կտա, անմնացորդ կտրվի խաղին: Ճիշտ է, մարզիչը նաեւ նկատեց, որ եթե խաղասկզբում արարատցիներն օգտագործեին գոլային երկու պահերը, խաղի ելքն այլ կլիներ: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանը դժգոհ չէր իր ֆուտբոլիստների խաղից, որոնք պայքարեցին միչեւ վերջ եւ հավասար պայքար մղեցին: Նա գտնում էր, որ հանդիպման օրինաչափ ելքը ոչ-ոքին էր: Սակայն այս անգամ էլ , ըստ մարզչի, մրցակիցը կարողացավ օգտվել «Ուլիսի» սխալից եւ գոլ խփեց, ինչն իր թիմին այդպես էլ չի հաջողվում: Չիլինգարյանը գտնում է, որ մարզական բախտը կարծես երես է թեքել իրենցից:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ17142149-1344
2. Բանանց17111541-1734
3. Միկա17104325-1234
4. Արարատ1783626-2227
5. Գանձասար17521017-3717
6. Կիլիկիա17431022-3715
7. Շիրակ1736811-3615
8. Ուլիս17211416-337

Ռմբարկուները

Արամ Հակոբյան«Բանանց»16
Նշան Էրզրումյան«Արարատ»11
Արմեն Շահգելդյան«Միկա»10
Արսեն Ավետիսյան«Փյունիկ»10
Էդգար Սաֆարյան«Արարատ»8
Արթուր Քոչարյան«Գանձասար»8

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4