«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ԱՐՈՆՅԱՆԸ ՆՈՐ ՆՎԱՃՄԱՆ ՀԱՍԱՎ

Ավարտվեց Մայնցի շախմատային փառատոնի շրջանակներում անցկացված Արոնյան-Սվիդլեր մրցախաղը, որում վիճարկվում էր Ֆիշերի շախմատի կանոններով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պատվավոր այդ տիտղոսին արժանացավ Լեւոն Արոնյանը` գերազանց ոճով 5-3 հաշվով պարտության մատնելով ռուսաստանցի ուժեղագույն շախմատիստներից մեկին` Պյոտր Սվիդլերին:

Ինչպես նշել էինք նախորդ համարում, Արոնյանը 2 հաղթանակով սկսեց մրցավեճը` մրցակցին պարտության մատնելով սեւ եւ սպիտակ խաղաքարերով: Հաջորդ օրը կայացած հանդիպումներում Սվիդլերը ռեւանշի հասավ` հավասարեցնելով հաշիվը: 5-րդ պարտիան էլ անհաջող էր Արոնյանի համար, որը սեւերով զիջեց մրցակցին` հնարավորություն ընձեռելով Սվիդլերին մրցախաղում առաջին անգամ հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն մրցախաղի վերջին երեք պարտիաներում Լեւոնը կրկին գերազանցեց մրցակցին եւ համոզիչ հաղթանակներ տոնելով, 5-3 հաշվով շահեց մրցամարտը:

Այսպիսով, Լեւոն Արոնյանը նոր, փայլուն նվաճման հասավ` նվաճելով Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հաջորդ տարի նա այդ տիտղոսը կպաշտպանի ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ մրցախաղում: Վերջինս հաղթող էր ճանաչվել Մայնցի մրցախաղում:

Մայնցում անցկացվում էր նաեւ արագ շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտը հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի միջեւ: Այդ մրցախաղում էլ գրանցվել է 5-3 հաշիվ` հօգուտ Անանդի: Ի տարբերություն Արոնյան-Սվիդլեր մրցախաղի, որում այդպես էլ ոչ-ոքի արդյունք չգրանցվեց, Անանդն ու Ռաջաբովը երեք անգամ խաղաղ դաշն կնքեցին: Անանդն էլ մրցակցին զիջում էր 2-3 հաշվով, սակայն գերազանց անցկացրեց ավարտական 3 տուրերը եւ շահեց մրցախաղը: Իսկ արագ շախմատի բաց առաջնությունում 11 հնարավորից 9.5-ական միավորով լավագույն արդյունքի էին հասել Ռուստամ Կասիմջանովն ու Շահրիյար Մահմեդյարովը: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց աշխարհի նախկին չեմպիոն Կասիմջանովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4