Կան շնորհաշատ քանդակագործներ, որոնց ստեղծագործությունները հիրավի արվեստի մնայուն գործեր են, որոնք, ինչ խոսք, արժանավույն է գնահատում արվեստասեր հասարակությունը: Սակայն դրանք երբեմն տեղադրվում են այնպիսի վայրերում, որոնք համահունչ չեն միջավայրին, ասել կուզի, թե տեղը ճիշտ չէ ընտրված: Այս իմաստով խոսքս վերաբերում է հանճարեղ նկարիչ Հ. Այվազովսկու քանդակին, որը տեղադրված է միանգամայն անհարմար վայրում: Շրջապատը ճնշում է անդրուն: Հետնամասում կամերայինի շենքն է, չորս կողմը սրճարաններ ու ծեր ծառեր, առջեւը փախստականների գրասենյակի նախկին շենքն է ու չորրորդ պոլիկլինիկան: Ահա այս ճնշող միջավայրում է կանգնեցված քանդակը: Հանճարեղ նկարիչը վրձինը թաթախած ներկապնակի մեջ, ձեռքը պարզած աջ, կարծես ուզում է ասել. «Մի՞թե իմ տեղը այստեղ պիտի լիներ...»:
Կրկնում եմՙ քանդակը միջավայրին անհարիր է, չկա շարժումը, այսինքն կա, բայց չի հնչում շրջապատի ֆոնի վրա: Ինձ թվում է, որ գեղ. խորհուրդը կրկին պետք է անդրադառնա արձանը պատշաճ վայրում կանգնեցնելու հարցին: Ի դեպ, անդրին հաջողված ստեղծագործություն է, միակ թերությունն այն է, որ պատվանդանը շատ ցածր է, որի պատճառով էլ արձանի վեհությունը մթագնվում է: Իմ (եւ ոչ միայն իմ) կարծիքն է, որ արձանը պետք է տեղափոխել եւ տեղադրել Սեւանա լճի ափին, այնտեղ, ուր ճանապարհը մայրուղուց թեքվում է դեպի թերակղզիՙ նախկին «Իշխան» սրճարանի դիմացՙ դեմքով դեպի լիճը, որը կխորհրդանշի մեծ նկարչի կերպարը կապուտակ Սեւանի ֆոնի վրա, որպեսզի հովեկներն ու մայրուղով երթեւեկող տեղացին ու օտարականը դիտելով քանդակըՙ ակամա հիշեն մի այլ հանճարի խոսք-բնութագրականը մեծն Այվազովսկու մասին.
«Կանգնեցեք»,- գոչեց վրձինը ձեռքին...
Հուսով եմ, որ առաջարկս ուշադրության կարժանանա:
ՌԱՖԱՅԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ, Բանասեր-մեմուարիստ