160 ուղեւոր եւ 11 հոգանոց անձնակազմ ունեցող ռուսական Տու-154 ինքնաթիռը երեկ վթարի է ենթարկվել` Անապա-Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ ընկնելով Ուկրաինայի Դոնեցկ քաղաքից 45 կմ հյուսիս: «Պուլկովյան ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը նախ օգնության SOS ազդանշան է տվել ու անհետացել ռադարներից: Ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ինքնաթիռում գտնվել են մինչեւ երկու տարեկան 6 եւ մինչեւ 12 տարեկան 39 երեխաներ:
Ուկրաինական արտակարգ իրավիճակների վարչության համաձայն, մոտ 10 հազար մետր բարձրության վրա ինքնաթիռում հրդեհ է սկսվել: Այնուհետեւ ինքնաթիռն ընկել է: Ամենայն հավանականությամբ, անձնակազմը փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն ինքնաթիռի շասսին չի բացվել եւ ուղղակի ընկել է գետնին: Արդեն գետնին բախվելիս ինքնաթիռը բաժանվել է մի քանի հատվածի: Տեղում առաջացած հրդեհը մարելու համար աղետի վայր են ժամանել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարության 20 միավոր տեխնիկա եւ մոտ 60 հոգանոց անձնակազմ: Գիշերը հրապարակված ցուցակներում հայկական ազգանունների չհանդիպեցինք: