«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2006-08-19 | #158, 2006-08-22 | #159, 2006-08-23


«ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՊՈԼՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ»

Այդ մասին թուրքական թերթում հայտարարում է Պոլսո հայոց պատրիարք Մութաֆյանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Սեփական կարծիքը համայնքին վերագրելն ու մտացածին այդ կարծիքի հիման վրա թուրքական մամուլի էջերում չարաբաստիկ կանխագուշակումներ եւ հետեւություններ անելը, ըստ երեւույթին, սովորություն է դարձել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի համար: Դեռեւս հունիսի կեսերին, երբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը պատրաստվում էր Ստամբուլ այցելել, նա հուշել էր թուրքական թերթերին, թե «պոլսահայ համայնքում տիրող կարծիքի համաձայն, Վեհափառը չգիտի որտեղ, ինչպես արտահայտվել», որպեսզի «այցի օրերին հավանական անախորժությունների» կանխագուշակումներ անի եւ ի լուր աշխարհի հայտարարի համայնքի այս ամենից բխող «մտավախությունների» մասին:

Մութաֆյան պատրիարքի չարաբաստիկ կանխագուշակումները սակայն նպատակին չծառայեցին: Պոլսահայ մամուլի վկայությամբ, համայնքը ոչ միայն գրկաբաց էր ընդունել Ամենայն հայոց կաթողիկոսին եւ ապրել նրան հյուրընկալելու խանդավառությունը, այլեւ զարմացել էր «համայնքում առկա որոշ մտավախությունների արդարացման» մասին Մեսրոպ սրբազանի հետեւություններից: Պոլսահայ մամուլը «Վեհափառի այցելությունը մթագնելու» նախաձեռնությունների համար խստագույնս քննադատել էր Պոլսո հայոց պատրիարքին եւ ընդգծել. «Նորին սրբությունը դեռեւս Ստամբուլից չմեկնած, «Հուրիեթին» տված հարցազրույցով Մութաֆյան պատրիարքը ցույց տվեց, որ ինքը դժվարանում է առաջնորդվել կրոնական գործչին արժանավայել տրամաբանությամբ»:

Տվյալ դեպքում խնդրո առարկան Մեսրոպ սրբազանի «Հուրիեթի» հունիսի 28-ի համարում հրապարակված հարցազրույցն էր, որտեղ նա Վեհափառ հայրապետի մամուլի ասուլիսի վերաբերյալ «պարզաբանումներ» էր տալիս թերթի թղթակից Սեֆա Քափլանին: «Հուրիեթի» օգոստոսի 6-ի համարում ամենապատիվ պատրիարքը, պատասխանելով նույն թղթակցի հարցերին, պարզաբանել է հայաստանցիների նկատմամբ իր վերաբերմունքը, չմոռանալով դա նույնպես վերագրել համայնքին: Ի պատասխան Քափլանի «Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները հայաստանցիների հետ, նրանք որեւէ խնդրանքով դիմո՞ւմ են Ձեզ» հարցին, Պոլսո հայոց պատրիարքն ասում է. «Երկու-երեք տարի առաջ նյութական աջակցության խնդրանքով դիմում էին: Իսկ մենք համոզվելով, որ ճարահատյալ են, օգնում էինք եւ նրանց վճարում Հայաստան վերադառնալու ճանապարհածախսը: Հետո տեսանք, որ նրանք Սամսունից կամ Տրապիզոնից Ստամբուլ են վերադառնում, այլ ոչ թե Հայաստան գնում: Այդ իսկ պատճառով որոշեցինք նրանց այլեւս նյութական օգնություն չտրամադրել: Սակայն եկեղեցին, այնուամենայնիվ, վերջիններիս համար շարունակում է մնալ հանդիպման վայր: Կիրակի օրերը պատրիարքարանի Սբ. Աստվածածին եկեղեցին լցվում է արեւելահայերեն խոսող հայաստանցիներով: Գալիս են նաեւ եթովպացիներն ու աֆրիկյան ծագումով այլ հավատացյալներ: Այնպես որ քարոզելիս ակամա մտահոգվում ես, թե քեզ չեն հասկանում»:

«Ինչպիսի՞ կրթության մակարդակ ունեն նրանք» հարցին պատրիարքը պատասխանում է. «Գրեթե բոլորը ինստիտուտ են ավարտել, սակայն այնտեղ աշխատանք չեն գտել: Նրանց մեջ բժիշկներ էլ կան, թեեւ տներում խնամելով հիվանդներին, աղախնի գործ են կատարում, սակայն ավելի շատ են վաստակում, քան Հայաստանում»:

Թուրքերի հետ հայաստանցիների հարաբերություններին առնչվող հարցին Մեսրոպ Բ Մութաֆյանը հետեւյալ պատասխանն է տալիս. «Բավականին լավ հարաբերությունների մեջ են: Կարծում եմ, եթե երկու երկրների միջեւ ուսանողների, մտավորականների, արվեստագետների եւ մամուլի ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ կատարվեն, ապա զգալիորեն կբարելավվեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունները»:

Հարցազրույցում ուշագրավը թերեւս վերջին երկու հարցերն են: Թղթակիցը հարցնում է. «Լինո՞ւմ են դեպքեր, երբ վատ վերաբերմունքի պատճառով հայաստանցիները բողոքի համար Ձեզ դիմեն»: Պատրիարքը պատասխանում է. «Որքան ինձ հայտնի է, հոյակապ յոլա են գնում, նույնիսկ նրանցից ոմանք թուրքերի հետ են ամուսնացել»:

«Հուրիեթի» թղթակցի «տեղի հայ համայնքը անհանգստացած չէ՞ հայաստանցիների պատճառով» հարցին ահա թե ինչ է պատասխանում Մեսրոպ Բ Մութաֆյանը. «Ցավոք, ոչ այնքան անհանգստություն գոյություն ունի, որքան անվստահություն նրանց նկատմամբ: Տեղի հայ համայնքը, չգիտես ինչու, դժվարանում է վստահել այդ մարդկանց: Համայնքում ձեւավորվել է այն համոզմունքը, թե նրանք «անվստահելի են եւ ոչ խոսքի տեր»: Սա անփառունակ երեւույթ է»:

Նախ պետք է ասել, որ Թուրքիայում աշխատանք որոնող գրեթե բոլոր հայաստանցիները ինստիտուտ ավարտած չեն: Պարզապես պատրիարքը ստում է, տուրք տալու համար քաղաքական այն շրջանակներին, որոնք Հայաստանն ուզում են քայքայված տեսնել: Ինչ վերաբերում է համայնքին, եթե նա իսկապես հայաստանցիներին անվստահելի է համարում, ապա վստահության խնդիրներ պետք է ունենա ինքը, որովհետեւ ամենապատիվ պատրիարքի պնդմամբ, թուրքերը հայաստանցիների հետ հոյակապ յոլա են գնում, նույնիսկ ամուսնանում են:

Եթե հայաստանցիների նկատմամբ այսպես կոչված անվստահությունը համայնքին վերագրում է Մեսրոպ սրբազանը, ապա նա անզգուշաբար անվստահելիի պիտակ է կպցնում վերջիններիս ամուսնության աստիճանի վստահող թուրքերի վրա: Այս դեպքում, պոլսահայ համայնքը պատրիարք հոր ցանկատեսության պատճառով հայտնվում է թուրքերին նույնպես կասկածամտությամբ վերաբերվողի կարգավիճակում:

Ակնհայտ է, որ անվստահելի հայաստանցիների հետ «հոյակապ յոլա գնալու համար» առնվազն խարդախ պետք է լինեն թուրքերը եւ հայրենակիցների նկատմամբ պոլսահայերի կասկածամտությունն ինքնաբերաբար պետք է տարածվի նաեւ թուրքերի վրա: Այլ կերպ, հայաստանցիներին Մութաֆյան պատրիարքի անբարյացակամությունը վերջիններիս մեկուսացնում է պոլսահայ համայնքից, իսկ համայնքինՙ թուրքական հասարակությունից: Մնում է նրան հիշեցնել պատրիարքարանի բանբեր «Լրաբեր»-ի մակագրությունը. «Տերը փորձում է արդարին, սակայն ատում է ամբարիշտին ու բռնություն սիրողին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4