«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2006-08-19 | #158, 2006-08-22 | #159, 2006-08-23


ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵԼ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐԻ ՀԵՏ

Քայլում ենք, քայլում առավել քան ծանր: Դեպի ուր: Հասնում ենք մի կետի ու փոս տեսածի պես վախեցած հետ ենք վազումՙ նորից, բայց ավելի անվստահ քայլերով առաջ գնալու վտանգավոր փորձերով: Անհեռանկարային սկզբունք է:

Ահա հենց նման ձեւով կարելի է մեր ֆուտբոլային մարտավարության «բառային գծագիրը» տալ: Հավատացնում եմ, շատերը կհամաձայնեն այս ձեւակերպման հետ, որովհետեւ սա է հայկական ֆուտբոլի իրական պատկերը: Ֆուտբոլասերներին, հայրենի թիմին ոգեւորելու, նեցուկ լինելու համար համոզելու կարիք բնավ չկա, եթե նա իր քայլերն ուղղում է դեպի մարզադաշտ: Գուցե թե այս անգամ բավարարված հեռանա խաղադաշտից... Արժանապատվության վիրավորված զգացողությունն է սակայն սողոսկում հոգիդ արդեն տունդարձի ճանապարհին` կաթիլ առ կաթիլ թունավորելով լավի սպասման հերթապահ ռեզերվները:

Ակումբների խաղամակարդակը միթե՞ կարելի է ապագա ունեցող կամ բավարար համարել: Իհարկե ոչ: Ներքին առաջնությունում որոշ չափով իրենց ցույց են տալիս, թվում է ամեն ինչ նորմալ հունով ընթանում է, իսկ հետո, երբ գալիս է միջազգային ստուգատեսների ժամանակը, պարզվում է, որ համարյա ֆուտբոլային ոչինչ չունենք կամ էլ չենք կարողանում ցույց տալ: Եվ այդ ամենը եւ ուժեղ, եւ միջակ, եւ թույլ մրցակիցների հետ: Համոզված եմ, որ դա ոչ մեկիս` խոսքը երկրպագուներիս մասին է, հույս ներշնչել չի կարող, ինչքան էլ ձեւացնենք իբր լավատես ենք եւ «քարից» համբերություն ունենք:

Հավաքականի մասին խոսելն էլ կարծես ավելորդ է դառնում: Ամեն մի անհաջողությունից հետո միշտ հետեւում են փորձի պակաս, հոգեբանական ընկճվածություն եւ նման` արդեն բոլորիս ձանձրացրած պատճառաբանությունները: Հետաքրքրական է ուղղակի, մինչեւ երբ ենք ուրիշների գեղեցիկ առաջնություններից եւ թիմերից խոսելու: Մեր ֆուտբոլի մասնագետներն անընդհատ նշում են, թե առաջընթացն ու զարգացումն ակնհայտ է, իսկ եթե հարցնենք ինչով է դա արտահայտված, կհետեւեն հայտնի պատասխանները` մանկապատանեկան ֆուտբոլի աշխուժություն, «մի քիչ» ավելացած ներդրումներ, մարզիչների քրտնաջան եւ անմնացորդ աշխատանք եւ այլն:

Ինձ թվում է զարգացող լինելը, դրա արդյունքը տեսնելը եւ մասնագետների վերը նշված պատասխաններն էականորեն տարբերվում են միմյանցից: Դրանք պարզապես էլեմենտներ են, որոնք պարտադիր են յուրաքանչյուր երկրում, որտեղ այս մարզաձեւը կամ ընդհանրապես ֆուտբոլ հասկացությունը կա: Հայաստանում այդ մասնիկները առկա են, բայց ինչ-որ մի բան կա, որ խանգարում է մեզ զարգանալ եւ մեկ-մեկ գոնե լավ արդյունք տեսնել: Համարձակվենք ասել, որ խոչընդոտներից էականն էլ մեր ֆուտբոլի բարձրաստիճաններից ոմանք են, ովքեր չեն տիրապետում հազարավոր սրտեր գերող այս մարզաձեւի գրագետ կառավարման մեխանիզմներին: Իրոք, տպավորություն է ստեղծվում, որ հայտնի «հույսը վերջինն է մեռնում» արտահայտությունը հատուկ հայ ֆուտբոլասերի համար է ասված: Կարելի է եզրակացնել, որ թեկուզ վերջում, բայց այն կարող է նաեւ մեռնել: Պետք է զգույշ լինել ֆուտբոլասերի հետ:

Այնպես որ, բոլորիս անունից խնդրում եմ թե՛ ֆուտբոլային վերնախավին, ե՛ւ թե հատկապես մեր ֆուտբոլիստներին, որ ավելի լուրջ վերաբերվեն իրենց գործին, որ մենք էլ կարողանանք հպարտանալ, որովհետեւ հաղթանակների եւ գոլերի կարոտ ենք:

Այդ դեպքում միայն համոզված եմ, տասներկուերորդ խաղացողի պակաս երբեք չեք զգա:

ԳՈՌ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Ֆուտբոլի երկրպագու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4