Բացումը հոկտեմբերին կկատարի վարչապետ Էրդողանը
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլլա Քոչը, ինչպես օգոստոսի 20-ին նշել է «Ենի շաֆաքը», Հունաստան ուղեւորվելիս նավում ճեպազրույց է ունեցել թուրք լրագրողների հետ, որի ընթացքում նա անդրադարձել է նաեւ Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
Նա նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող այդ աշխատանքներն ավարտվել են, եկեղեցու դռները այցելուների առջեւ կբացվի առաջիկա հոկտեմբերին, իսկ բացումը անձամբ կկատարի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիան, - ասել է նախարար Քոչը, -կարեւոր նշանակություն է տալիս Աղթամարի եկեղեցու բացմանը, այդ իսկ պատճառով բացման արարողությանը Հայաստանի եւ Ֆրանսիայի գլխավորությամբ հրավիրվելու են բոլոր երկրների մշակույթի նախարարները, ցույց տալու աշխարհին, որ քաղաքակրթությունների երբեմնի օրրան մեր երկիրը հանդուրժողականության կենտրոն է նաեւ, իսկ Աղթամար եկեղեցին` դրա օրինակը»:
Հ. Չ.