«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2006-08-22 | #159, 2006-08-23 | #160, 2006-08-24


ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Լեւոն Տեր-Պետրոսյանի «Ընտրանին»

Վերջերս «Փրինթինֆո» ընկերության տպագրատնից լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների, հոդվածների, հարցազրույցների ընտրանին, հենց նույն` «Ընտրանի» վերնագրով: «Սույն ժողովածուն միայն հավուր պատշաճի կազմված հոբելյանական հրատարակություն չէ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 60-ամյակի առիթով, գնահատենք ու հարգանքի տուրք` պետական գործչի նրա վաստակին», իրավամբ գրում է հատորի խմբագիր Աշոտ Սարգսյանը 727 էջանոց գրքի առաջաբանում: Այս եւ նման ժողովածուների հրատարակումը խիստ կարեւոր է մոտիկ անցյալն ուսումնասիրող պատմաբանի, հասարակագետի, քաղաքագետի եւ առհասարակ` անցնող խռովահույզ 17 տարիների դեպքերն ու զարգացումները քննական հայացքով ընդգրկելու եւ ըմբռնելու հետամուտ մարդկանց համար: Այստեղ ընդգրկված են առաջին նախագահի կարեւորագույն բազմաթիվ ճառերը, հոդվածներն ու հայկական եւ օտար մամուլին տված հարցազրույցները` բնագրային համեմատությամբ եւ ճշգրտված տեսքով:

Ստորեւ` մեր աշխատակցի տպավորությունը գրքի արագ ընթերցումից: Ավելացնենք միայն երկու դիտարկում: Հատորի խմբագիրն իր առաջաբանում նախընտրել է տեղ-տեղ ընդդիմախոսական ոճն ընդգրկել, մինչդեռ ավելի լավ պիտի լիներ գիտական չեզոք մոտեցումը, ընթերցողին թողնելով սեփական եզրակացության ազատությունը: Երկրորդ` նույնիսկ հատորը առավել ստվարացնելու գնով արժեր կցել հակիրճ ծանոթագրություններ, ընթերցողին օգնելու հարազատորեն պատկերացնելու ազգային այն հանգամանքներն ու մթնոլորտը, երբ արտասանվում կամ գրվում էին ներկայացված նյութերը: Խմբագրի վերջաբանն այս իմաստով հեռու է այդ բացը լրացնելուց: Ամեն պարագայում, «Ընտրանի»-ի հրատարակումը խիստ ողջունելի նախաձեռնություն է: Երանի այն օրինակելի դառնա պետական այլ գործիչների համար եւս (խմբ.):

Հայ քաղաքական գրականությունն արդեն գրեթե հարյուր տարի սահմանափակվել է սոսկ անցած ժամանակների (տասնամյակների ու դարերի) պատմական ակնարկներով: Ներկա ժամանակների պատմական իրադարձությունները հազվադեպ են լուսաբանվել: Եվ դա այն կարծիքն է ստեղծել, թե մենք միշտ ապրում ենք մեր անցյալի կործանումներով կամ փայլատակումներով:

Այս իմաստով բացառիկ առիթ է ընձեռվել մեր ժամանակի, մեր այսօրվա մասին պատկերացում կազմելու համար: Առիթն ստեղծել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա նոր գիրքը` «Ընտրանին» ելույթների, հոդվածների, հարցազրույցների ժողովածու է: Իհարկե, սխալ է ասել, թե այս գիրքը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մտքի ողջ ժառանգությունն է: Սակայն հիանալի հնարավորություն է ՀՀ առաջին նախագահի քաղաքական մտածողությունը եւ քաղաքական գործունեությունն առավել օբյեկտիվ գնահատելու համար: Գրքի առաջաբանում խմբագիր Ա. Սարգսյանը նշում է. «...Հավատացած ենք, որ սույն ընտրանին (...) ունենալու է նաեւ կարեւոր գործնական- քաղաքական նշանակություն»:

Արցախյան շարժումից սկսած մինչեւ հրաժարական: Ահա այն ժամանակամիջոցը (1988-1998 թ.թ.), որ լուսաբանված է ՀՀ առաջին նախագահի գրքում: Այսինքն 10 տարվա մի ժամանակահատված, երբ անկախություն ձեռք բերած Հայաստանում քաղաքական, տնտեսական, լուսավորչական հսկայական փոփոխություններ կատարվեցին, երբ ամեն մի օրը անչափ կարեւոր նշանակություն կարող էր ունենալ (եւ ունեցավ) հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար: Լեւոն Տեր-Պետրոսյանից հաճախ են մեջբերումներ արվում, հաճախ են խոսում նրա այս կամ այն ելույթի մասին: Ու ավելի հաճախ մեջբերումները կտրված են ընդհանուր տեքստից, երբեմն նաեւ խեղաթյուրված են ներկայացվում այդ ելույթները, հոդվածները, հարցազրույցները: Ընթերցողն արդեն հնարավորություն ունի առավել անկողմնակալ դատելու ՀՀ առաջին նախագահի գործունեությունը (եթե, իհարկե կա այդպիսի ցանկություն): Անշուշտ, քաղաքական մեկնաբանները եւ պատմաբանները իրենց մեկնությունը կտան Լեւոն Տեր-Պետրոսյանի այս գրքում եղած ելույթներին: Իսկ «շարքային» քաղաքացին, գրագետ մարդը գոնե իր ձեռքի տակ կունենա բնօրինակը` սեփական կարծիքն ստեղծելու համար:

Ահա, տեսեք: Ե՛վ այն օրերին, ե՛ւ հատկապես հիմա շատ է խոսվում Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ելույթի մասին: Արցախյան հիմնահարցի լուծման նախագահական մոտեցումները բազմաթիվ մեկնաբանություններ են ստացել: 1997 թվականի նոյեմբերի 1-ին այն տպագրվեց մամուլում: ՀՀ առաջին նախագահն արցախյան հիմնահարցի լուծումը հիմնականում պայմանավորում էր հետեւյալ գործոններով.

ա) պատերազմը պետք է բացառվի, ուստի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ բանակցությունների միջոցով,

բ) ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները,

գ) Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ,

դ) Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռք բերված հնարավոր համաձայնություն:

Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականին համոզված էր, որ փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույն եւ ոչ թե հնարավորը ձեռք բերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է: «Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», ասում է նա:

Անչափ պետք է կարեւորել փոխզիջման պահը: «Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռք բերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը,-շարունակում է ՀՀ առաջին նախագահը: -Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են: Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»:

...Ընդհանրապես, հսկայական փաստաթղթեր` ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ են ամփոփված Լեւոն Տեր-Պետրոսյանի «Ընտրանիում», որոնք Հայաստանի նոր ժամանակների պատմությունն ուսումնասիրողների համար շատ կարեւոր նյութեր են: Արժե ոչ միայն կարդալ այս գիրքը, այլեւ ունենալ անձնական գրադարանում:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4