«Լոգոս էքսպո սենթր» ցուցահանդեսային կազմակերպության, իրանական «Մաքսիբիթ» ընկերության եւ հայկական «Մաքսիբիթ»-ի ներկայացուցիչ «Սայե Ռոշա»-ի նախաձեռնությամբ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացվեց «Maxhibit Build» մասնագիտացված ցուցահանդեսը, որը ներկայացնում է իրանական շինանյութեր, շինարարական գործիքներ, մետաղապլաստե եւ բնակարանի ներքին հարդարման պարագաներ, սանտեխնիկա, խողովակներ: Ցուցահանդեսին մասնակցում էին երկու ընկերություններ Արաբական Միացյալ Էմիրություններից, մոտ 26-ն էլ Իրանից: Ցուցահանդեսը, որը կփակվի օգոստոսի 27-ին, նպատակ ունի հայկական շուկայում ներկայացնել իրանական արտադրանքի որակը, որը, կազմակերպիչների համոզմամբ, լավ համբավ չունի մեզանում:
«Իրանական արտադրանքը, ցավոք, Հայաստանում լավ չի ներկայացվել, եւ ժողովուրդը հեռու է կանգնել, բայց այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք հակառակը փաստել», ասաց «Մաքսիբիթ» ընկերության նախագահ Կարեն Մարգարյանը` հավելելով, որ այժմ իրանական շատ ընկերությունների արտադրանքը կարելի է տեսնել անգամ եվրոպական շուկայում: Մեր հետաքրքրությանն ի պատասխան, ընկերության նախագահն ասաց, թե Հայաստանում իրանական արտադրանքի ոչ լավ համբավը պայմանավորված է նրանով, որ մինչ այժմ էժանության համար անորակ ապրանք են բերել, սակայն այսուհետեւ այդպես չի լինի: Ընկերությունը նախատեսում է եկող տարվա սկզբին սննդի ցուցահանդես կազմակերպել, հաջողության դեպքում` նաեւ մյուս բնագավառները ներկայացնել: «Մինչ այս ցուցահանդեսը ի՞նչ ծավալներով է իրացվել իրանական շինարարական արտադրանքը հայկական շուկայում եւ ի՞նչ եք ակնկալում ցուցահանդեսից հետո», «Ազգի» հարցին Կարեն Մարգարյանը պատասխանեց, որ իրացումն այնքան էլ մեծ ծավալներ չի ունեցել, բայց հույս ունեն, որ ցուցահանդեսից հետո շինարարական ապրանքների վաճառքի ծավալը կմեծանա:
«Լոգոս էքսպո սենթր» կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը հայտնեց, որ սա առաջին իրանական մասնագիտացված ցուցահանդեսն է, իսկ ընտրվել է զուտ իրանական շինարարական ապրանքների ցուցադրություն այն պատճառով, որ Հայաստանում օր-օրի զարգանում է շինարարությունը:
Չցանկանալով ստվեր գցել ցուցահանդեսի վրա` անդրադառնանք մի տհաճ հանգամանքի, որում երեկ հայտնվել էին ցուցահանդեսի կազմակերպիչները: Նրանք եւ լրագրողներս մոտ մեկ ժամ սպասում էինք հրավիրյալներին, որոնց մասնակցությամբ պետք է բացվեր ցուցահանդեսը, սակայն նրանք այդպես էլ չերեւացին: «Լոգոս էքսպո սենթր» կենտրոնի մամուլի քարտուղար Յանա Ջանգիրովան զարմացած մեզ ասաց, թե իրենք բոլոր նախարարություններին հրավիրատոմս ուղարկել են եւ անհասկանալի է, թե ինչու նրանցից գոնե մեկը չի եկել: Հատկապես քաղաքաշինության եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունների ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն առնչվում են ոլորտին: Չհասկանալով եւ մեկնաբանություններ չունենալով` կազմակերպիչները ձեռնունայն սպասում էին: Ժամը 16-ին «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում Յանա Ջանգիրովան ասաց, որ իրենք դեռ սպասում են հյուրերին, խոստացել է գալ Շինարարների միության նախագահը: Միամիտ կազմակերպիչները երեւի չգիտեն, որ նման միջոցառումներին պաշտոնական հյուրերի ներկայությունն ապահովելու համար կամ պետք է անձամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել, որ նախարարներն ու պատգամավորներն էլ «շտապ» գան, կամ էլ վարչապետին` գոնե կառավարության ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու համար:
1ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ