Վկայում են Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի տվյալները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2005 թ.-ին Հայաստանն առաջին անգամ ընդգրկվեց Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցունակության համաշխարհային զեկույցում: Ֆորումը սկսել է հրատարակվել 1979 թ.-ից եւ միջազգային ներդնողների համար ուղենիշի նշանակություն ունի: Զեկույցն անցյալ տարի ընդգրկել էր 117 երկիր: Հայաստանի մրցունակության ցուցանիշներում, որին կարելի է ծանոթանալ ֆորումի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի կայքէջից, բավական ուշագրավ մանրամասներ կան: Որպեսզի ավելի հստակ լինի, թե խոսքն ինչի մասին է, նշենք, որ այս կամ այն երկրի մրցունակությունը որոշվում է այդ երկրի արտադրողականությամբ: Այսինքն, թե որքանով է տվյալ երկիրն արդյունավետ օգտագործում իր մարդկային եւ բնական ռեսուրսները եւ ինչպիսի կենսամակարդակի է հասնում:
Այսպիսով, աճի մրցունակության ինդեքսով 117 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ մեր հարեւաններից Ադրբեջանը զբաղեցնում է 69-րդ, իսկ Վրաստանըՙ 86-րդ հորիզոնականները: Աճի մրցունակության ինդեքսը ներառում է տեխնոլոգիաների կիրառման մակարդակը, մակրոտնտեսական միջավայրը եւ հանրային ինստիտուտները:
Բիզնես մրցունակության ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է ավելի ցածրՙ 88-րդ տեղը, իսկ այդ ինդեքսի մեջ ներառված երկրի բիզնես միջավայրի որակովՙ 87-րդ, ընկերությունների ընդհանուր գործունեությունը եւ ռազմավարությունը ցուցանիշովՙ 90-րդ տեղը: Այս առումով նույնպես Ադրբեջանը գտնվում է Հայաստանից ավելի բարձր, իսկ Վրաստանըՙ ավելի ցածր հորիզոնականներում: Թե ինչպես է Հայաստանը զբաղեցրել վերոհիշյալ տեղերը Համաշխարհային տնտեսական ֆորումի այս զեկույցում, պարզ է դառնում, երբ ծանոթանում ենք արդեն հիշատակված ինդեքսների բաղկացուցիչներին, որոնք մեր առջեւ բացում են հայաստանյան տնտեսության մեզ բոլորիս հայտնի խոցերը:
Սակայն նախ այն առավելությունների մասին, որ ունի հայաստանյան բիզնեսը եւ որոնց ցուցանիշներով առաջատար կամ քիչ թե շատ բարձր տեղեր է զբաղեցնում: Օրինակՙ արտասահմանցիներին հեշտությամբ աշխատանքի ընդունելու գործոնով Հայաստանն 1-ին տեղում է, աշխատակիցներին աշխատանքի ընդունելու եւ ազատելու գործոնովՙ 12-րդ, հանցագործ աշխարհի ազդեցությունը բիզնեսի վրա գործոնովՙ 29-րդ, ընկերություններում գիտնականների եւ ճարտարագետների առկայությամբ 25-րդ, գործատու-աշխատող հարաբերություններով եւ համագործակցությամբ 28-րդ տեղերում է եւ այլն:
Առավել հետաքրքրական են մեր բիզնեսի աչքի ընկնող թերությունները: Ըստ ֆորումի, ընկերություններում մարկետինգի գործոնների օգտագործմամբ Հայաստանը զբաղեցնում է 107-րդ, մարկետինգի գերակայությամբՙ 115-րդ, իսկ պրոֆեսիոնալ կառավարիչների նկատմամբ վստահությամբՙ 105-րդ տեղերը, ինչը միանգամայն արտացոլում է վիճակն այս ասպարեզում: Հայաստանի ընկերություններում կառավարման եւ մարկետինգի ցածր մակարդակի մասին «Ազգը» քանիցս անդրադարձել է: Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ, ինչպես կարելի էր սպասել, նույնպես վերջին տեղերում ենք: Այս ցուցանիշով Հայաստանը 110-րդն է: Ցածր տեղեր ենք գրավում նաեւ ընկերությունների կողմից բնապահպանական օրենքներին հետեւելու (104), հեռախոս-ֆաքս ենթակառուցվածքի որակի (105), փոքր բաժնետերերի շահերի պաշտպանված լինելու (106), ֆինանսական շուկայի զարգացվածության մակարդակի (110) եւ մի շարք այլ ցուցանիշների առումով:
Վերջինՙ 117-րդ տեղում ենք բջջային հեռախոսների մատչելիության առումով, ինչը սակայն արտացոլում է 2004 թ.-ի իրավիճակը, երբ գործում էր «Արմենտելի» մենաշնորհն այս ոլորտում: Ակնհայտ է, որ հաջորդ զեկույցում զուտ այս առումով Հայաստանը զգալի առաջընթաց արձանագրած կլինի: Սակայն, ցավոք, վերեւում հիշատակված մյուս թերությունների առումով չենք կարող ասել, որ 2006 թ.-ի ընթացքում էական առաջընթաց ենք արձանագրել: Ուստի ակնկալել, որ Հայաստանի մրցունակության ընդհանուր ցուցանիշը միայն բջջային կապի մատչելիության բարելավման շնորհիվ մեծ առաջընթաց կարձանագրի Համաշխարհային տնտեսական ֆորումի հաջորդ զեկույցում, չի կարելի: Այս հանգամանքը կարծես թե այնքան էլ չի մտահոգում մեր կառավարությանն ու տնտեսական հատվածի պատասխանատուներին, որոնք առանձնապես չանհանգստացան անցյալ տարվա զեկույցում մատնանշված Հայաստանի համար անմխիթար արդյունքներից: