«Զվուկի» ինտերնետային պարբերականը հրապարակել է հարցազրույց մեր հայրենակից, երգահան Միքայել Թարիվերդիեւի կնոջՙ Վերա Գորիսլավովնայի հետ, որը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ իրենց կարծիքներն են ուղարկել խմբագրություն:
Երգահանի կինը հարցազրույցում նշել է, թե ցանկալի կլիներ, որ օգոստոսի 15-ին` Թարիվերդիեւի ծննդյան օրը, համերգ կազմակերպվեր Երեւանում, հատկապես, որ այդ ընթացքում Երեւանում ակտիվ համերգային շրջան է: Այդ մասին երգահանի կինը երկու անգամ դիմել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, սակայն պատասխան չի ստացել:
Ընթերցողներն ընկճվել էին այն բանից, որ Ռուսաստանը ակտիվորեն անդրադարձել է երգահանի տարեդարձին, սակայն մեր հայրենակցին անուշադրության են մատնել հայրենիքում: Մեր երկրի նախագահին ուղղված նամակում տկն. Վերան հիշեցրել է, որ Միքայել Թարիվերդիեւը մեր հայրենակիցն է, եւ որ Ռուսաստանում ամեն ինչ անում են նրա ստեղծագործությունները հնչեցնելու համար: Անցկացվում են համերգներ եւ մրցույթներ, Մոսկվայում կանգնեցվել է հայերեն, ռուսերեն եւ վրացերեն լեզուներով հուշատախտակ: Տիկնոջ խոսքերով, երգահանին անդրադառնում են ռուս նկարիչները, կինեմատոգրաֆները, «իսկ Հայաստանը դուրս է մնացել իր ժառանգությունը սեփականացնելու գործընթացից` թեեւ իրականում Թարիվերդիեւը պատկանում է Հայաստանին»:
Չխոսելով Թարիվերդիեւի ստեղծագործությունների արժանիքների մասին, հրապարակման մեջ հիշեցնում են, որ Թարիվերդիեւը եղել է մեծ հայրենասեր, աշակերտել է Արամ Խաչատրյանին եւ Մոսկվայի հայ համայնքի եզակի հայտնություններից մեկն է:
Գ. Գ.