Շուրջ 10 օր փորձում եմ ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկանալ, թե որտեղ կարող եմ ծանոթանալ մրցութային առաջին փուլն անցած ՀՀ օրհներգի 5 տարբերակների խոսքերին: ՀՀ քաղաքացու մտահոգությամբ պաշտոնյաներին խնդրել եմ դրանք տեղադրել նախարարության ինտերնետային կայքում, տպագրել թերթերից մեկում: Անօգուտ. միակ պատասխանը խորհուրդն էՙ սպասել երգչախմբային կատարումների ավարտին: Թե ինչ է փոխվելու այդ ընթացքում, մնում է անհասկանալի:
Իսկ մտահոգությունս հետեւյալն է: Ծանոթանալով օրհներգ իմաստաբանությանը, թերթելով բառարանները, առարկայանում է այն, ըստ որի օրհներգը առավելապես կրոնական կողմնորոշման արտահայտչաձեւ է: Եվ եթե առաջնորդվում ենք այս մոտեցմամբ, նկատում ենք, որ արդեն հիմնական համարվող տարբերակներից մեկը բոլորովին չի տեղավորվում այդ շրջանակի մեջ: Այստեղ չկա ոչ միայն Արարիչը, այլեւ նրա ոգին: Ավելին. հանրահայտ տեքստում կան բառեր, որոնց չես հանդիպի անգամ սարսափ կինոների հերոսների բառապաշարում:
Չգիտեմ, շարքային քաղաքացուս կարծիքը մեծարգո հանձնաժողովի համար նշանակություն ունի թե՞ ոչ, գտնում եմ, որ Աստծո անմիջական հիշատակումը հայերիս օրհներգում պարտադիր է: Գիտեմ իհարկե, որ այս կարծիքն այսօր համընդհանուր պաշտպանվող չէ, քանզի մեր մարդիկ ապրել են աթեիզմի մի ամբողջ 70-ամյակ: Բայց օրհներգը ստեղծվում է ոչ միայն ապրողների համար եւ ոչ միայն արեւելահայության համար: Այս պայմանը չպահպանելու պարագայում մենք թերեւս շատ շուտով հայտնվենք այն վերանայելու իրողության առաջ, ինչպես վարվում ենք «Մեր հայրենիքի» հետ: Միքայել Նալբանդյանը իր 18 քառյակներից բաղկացած «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունում, որի հիման վրա է կազմվել «Մեր հայրենիք»-ը, հիշատակում է արարչի մասին. 8-րդ քառյակը սկսում է «Գնա՛ եղբայր, Աստված քեզ հույս» խոսքերով, որը, ցավոք, չի երգվում:
Ստեղծագործողը յուրովի արարչագործ է: Պատմությունից հայտնի է, որ մարդու այդ տեսակը այրել, պատռել ու ջարդուփշուր է արել իր տառապանքներով երկնած ստեղծագործությունը, երբ նկատել է իր փոքր-ինչ անուշադրությունը: Մեր օրհներգի պարագայում մտածելու ժամանակ դեռ կա:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ