ՏՈՒ-154 ինքնաթիռի սեւ արկղերը կհետազոտվեն Մոսկվայում
ՏՈՒ-154 ռուսական ինքնաթիռի վթարի պատճառների մեկնաբանությունները, ցավոք, դեռեւս առանց օդանավի ինքնագրիչների Մոսկվայում վերծանման, նմանվում են հայկական Ա-320-ի վթարի ժամանակ հակասական ու շահադիտական «եզրակացություններին»: Հակասությունը հիմնականում ոչ թե մասնագիտական որակումների մեջ է, այլ ռուսական եւ ուկրաինական մասնագետների պատճառաբանությունների:
Ռուսաստանի հերոս, փորձառու օդաչու Վլադիմիր Շարապովի` ռուսաստանյան լրատվամիջոցներին փոխանցած կարծիքով, բացառված չէ, որ աղետի պատճառը կարող էր ամպրոպը լինել: Միեւնույն ժամանակ, փորձառու օդաչուն հիմարություն է համարում, թե մայր ցամաքում, 11 հազար մետր բարձրության վրա ամպրոպային ճակատ կարող էր լինել: Ավելին, Ըստ Շարապովի, միայն կայծակը շարքից չէր հանի ինքնաթիռը:
Կրկին հնարավոր բոլոր ռեսուրսները վկայում են, որ վթարի ենթարկված ՏՈՒ-154 ինքնաթիռը գտնվում էր տեխնիկապես սարքին վիճակում, հրամանատարական կազմը գերազանց պատրաստվածություն ուներ: Այս անգամ հստակորեն ընդգծվում է, որ ինքնաթիռի անձնակազմը զգուշացված էր ամպրոպային ճակատի մասին անգամ մինչեւ թռիչքը: Եվ ռուսաստանյան դիսպետչերների վկայությամբ, մինչեւ ուկրաինական սահմանի հատումն արդեն ինքնաթիռը մանեւրել է` փորձելով շրջանցել ամպրոպային ճակատը:
Ուկրաինական կողմն արդեն իսկ տարածել էր տեղեկություն, թե ինքնաթիռն այրվել է օդում եւ վթարի հավանական պատճառ էր նշել կայծակի հարվածը:
Ինչպես ցույց է տալիս փորձը, անգամ, այսպես կոչված, սեւ արկղերն են երբեմն անընդունակ հստակեցնելու իրավիճակը: Մինչդեռ զոհերի թիվն այս անգամ կազմել է 171 մարդ, որոնցից 45-ը մինչեւ 12 տարեկան երեխաներ: Ա. Հ.