«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2006-08-22 | #159, 2006-08-23 | #160, 2006-08-24


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ

Հունաստանում անցկացված շախմատի «Ակրոպոլիսի գավաթի» խաղարկությունում հաջող մրցելույթներ ունեցավ Էլինա Դանիելյանը: Նա հաջող սկսեց մրցաշարըՙ հաղթանակներ տոնելով Ջուլիա Մաքայի եւ Մենակշիի նկատմամբ: 3-րդ տուրում հայ շախմատիստուհին իր անդրանիկ եւ միակ պարտությունը կրեցՙ զիջելով լատվիացի գրոսմայստեր Լաուրա Ռոգուլեին: Հետագայում Դանիելյանը վստահ ելույթներ ունեցավ: Նա հաղթանակներ տոնեց էլի Սպերդոկիի, Վերա Պապոդոպուլոյի եւ Յանա Կրիվեչի նկատմամբ, ոչ-ոքի ավարտեց պարտիաները Մակրոպուլոյի, Պոկորնայի եւ Մելիայի հետ: Արդյունքում Դանիելյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ տեղը 34 մասնակիցների միջեւ: Իսկ հաղթող ճանաչվեց վրաց շախմատիստուհի Սալոմե Մելիան, որը Դանիելյանին գերազանցեց կես միավորով:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Տիգրան Քոթանջյանը: Ընդհանուր առմամբ նա վատ հանդես չեկավ: 9 հանդիպումներում Տիգրանը տոնեց 5 հաղթանակ, 2-ական պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ պարտությամբ: 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, Քոթանջյանը 68 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Իսկ լավագույն արդյունքի հասան վրաց շախմատիստներ Թամազ Գելաշվիլին, Լեւան Արոշիձեն, արգենտինացի Ֆեռնանդո Պերալտան, որոնք վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց Թամազ Գելաշվիլին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4