«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2006-08-23 | #160, 2006-08-24 | #161, 2006-08-25


«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԿՈՂՄԸ»

Պարզաբանում է Թուրքիայի արտգործնախարարությունը

Օգոստոսի 20-ին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը մեկօրյա աշխատանքային այցով եղել էր Երուսաղեմում: Այցի ավարտին պարզվել է, որ նա այնտեղ գաղտնի հանդիպում է ունեցել «Համասի» եւ «Հզբոլլահի» առեւանգած իսրայելցի երեք զինծառայողի ծնողների հետ:

Այցից հետո, երբ բացահայտվում է հանդիպումը, թուրքական կենտրոնական թերթերը իսկույն արձագանքում են դրան: Որոշ թերթեր իսրայելցի զինծառայողների ծնողների հետ հանդիպումը մամուլից քողարկելու համար դատապարտում են Գյուլին, իսկ մյուսները, հիշեցնելով նրան Պաղեստինում 5 նախարարի, 21 պատգամավորի եւ խորհրդարանի պատգամավորի ապօրինի կալանավորումը, հարց են տալիս. «Ինչո՞ւ իսրայելցի մարդասպան զինվորների ծնողներին կարեկցող Թուրքիայի արտգործնախարարը նույն կարեկցանքը խնայում է պաղեստինցի գործիչների պարագայում եւ անտեսում է նրանց ընտանիքներին»:

Այսպիսով հանդիպման շուրջն անախորժ աղմուկ է բարձրանում երկրում: Դրա ծավալումը ստիպում է արտգործնախարարության խոսնակ Թանին բացատրություններ տալ: Նա օգոստոսի 23-ին հանդիպում է լրագրողների հետ եւ մասնավորապես ասում. «Իսրայելցի ծնողների հետ հանդիպումը մամուլից քողարկելու խնդիր ո՛չ նախարարությունն է ունեցել, ո՛չ էլ հարգարժան նախարարը: Դրա կարիքն էլ չկար: Դա նախապես ծրագրված հանդիպում չի եղել: Ծնողների հանդիպման խնդրանքը մեզ է փոխանցել Իսրայելի արտգործնախարարությունը: Հատկանշական է, որ իսրայելական կողմի պահանջով գաղտնի պահվող այս հանդիպման մասին ինֆորմացիայի արտահոսքը հենց Իսրայելն է կազմակերպել: Կազմակերպիչը Թուրքիայում Իսրայելի դեսպանատանը հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետ է, որին Թուրքիայի արտգործնախարարությունը կանի անհրաժեշտ նախազգուշացումը»:

Օգոստոսի 24-ի համարում «Հուրիեթը», տեղեկացնելով այս ամենի մասին, միաժամանակ նշում է. «Սիրիա կատարած այցի ընթացքում արտգործնախարար Գյուլին ուղեկցել էր Թուրքիայի վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Ահմեդ Դավութօղլուն: Ստացած տեղեկությունների համաձայն, նա Դամասկոսում հանդիպել է «Համասի» առաջնորդ Խալեթ Մաշալի հետ եւ հետաքրքրվել առեւանգված իսրայելցի զինվորներով»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4