«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր օգոստոսի 24-ի սյունակում անդրադարձել է անցյալ շաբաթ թուրքական մամուլի կողմից շրջանառության մեջ դրված այն լուրերին, թե իբր Լիբանանի հայկական համայնքն ու շիաների ներկայացուցիչը կողմ են Լիբանանում տեղադրվելիք միջազգային խաղաղարար ուժերի կազմում տեսնելու նաեւ թուրքերին:
Օգոստոսի 18-ի համարում «Հուրիեթ» թերթն, օրինակ, առաջին էջում հայտնել էր, որ լիբանանյան կաբինետի հայ նախարարն անգամ համաձայն էր թուրքական զորքերի տեղակայմանը: Գլխավոր խմբագրի` Էրտուգրուլ Օզկոկի հոդվածը կրում էր սենսացիոն «Նույնիսկ հայ նախարարն է ուզում մեզ Լիբանանում» վերնագիրը: Դրանում նա նկարագրել էր անցյալ շաբաթ ի պատիվ Ֆրանսիայի, Պակիստանի, Մալայզիայի եւ Թուրքիայի արտգործնախարարների Լիբանանի վարչապետ Ֆուադ Սինիորայի տված ճաշկերույթի մանրամասները, որտեղ իմիջիայլոց գրել էր, թե իբր Աբդուլլահ Գյուլի «ինչպես կընդունի լիբանանցի ժողովուրդը թուրք զինվորների ներկայությունը» հարցին Լիբանանի վարչապետը պատասխանել է. «Նույնիսկ հայ նախարարն է ուզում, որ թուրք զինվորներ գան»: Այնուհետեւ իբր վարչապետը կանչել է հայազգի նախարար Ժան Օղասափյանին եւ թեւանցուկ անելով նույն հարցը ուղղել նրան: Հայ նախարարն էլ իբր ասել է. «Այո, մենք ուզում ենք նրանց»: Օզկոկի խոսքերով, ճաշկերույթին ներկա թուրք պաշտոնական այրերը չափազանց զարմացել են, քանի որ այդ օրը առավոտյան ՀՅԴ կուսակցությունը հայտնել էր իր պաշտոնական ընդդիմությունը այդ հարցի վերաբերյալ: Շարունակելով իր հերյուրանքը, Օզկոկն ավելացրել էր, որ նույնիսկ լիբանանյան խորհրդարանի շիա խոսնակ Նեբիհ Բերրին է համաձայն թուրքական զորքերի տեղակայմանը Լիբանանում:
Քանի որ թուրքական մամուլը հայտնի է իր կեղծարարություններով, Սասունյանն անմիջապես կապ է հաստատել նախարար Օղասափյանի հետ, որն ասել է, թե ցնցված է «Հուրիեթի» լրատվությունից: Այնտեղ ամեն ինչ հորինված է: Նա ոչ մի խոսք չի փոխանակել ո՛չ Լիբանանի վարչապետի, ո՛չ էլ Թուրքիայի արտգործնախարարի հետ: Իսկ Նեբին Բերրին ընդհանրապես ներկա չի եղել ճաշկերույթին: Ըստ Սասունյանի, նման հոդվածների նպատակը պարզ է. նախ տպավորություն ստեղծել, որ թուրքերի ներկայությունը ողջունում են բոլորը, եւ երկրորդ` տարաձայնություն ստեղծել հայկական համայնքում:
«Բարեբախտաբար, հայազգի նախարարը ՌԱԿ պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթի օգոստոսի 22-ի համարում պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ «երեւակայական եւ ճշմարտությանը չհամապատասխանող» որակեց «Հուրիեթի» հոդվածը, ավելացնելով, որ վարչապետ Սինիորայի հետ անձնական զրույցներում նա միշտ իր վերապահությունն է արտահայտել Լիբանանում թուրքական զորքերի ներկայության առնչությամբ», այնուհետեւ գրում է Սասունյանը եւ տեղեկացնում հայ եւ օտար համայնքների մյուս ներկայացուցիչների կատարած քայլերը նույն խնդրի վերաբերյալ:
- Հայկական երեք քաղաքական կուսակցությունները հանդես են եկել հայտարարություններով, որոնցում մերժում են թուրքական զորքերի տեղակայումը. նույնը կատարել են նաեւ հայկական երեք հարանվանյալ (ուղղափառ, կաթոլիկ եւ ավետարանչական) հոգեւոր առաջնորդները:
- ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է լիբանանյան առաջնորդների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ճապոնիայի, Բրիտանիայի, Չինաստանի, Իտալիայի, Իրանի եւ Եգիպտոսի դեսպանների հետ եւ հայտնել, որ թուրքերի ներկայությունը «անընդունելի է»:
- Ամերիկայի հայ դատի կոմիտեն նամակ է հղել նախագահ Բուշին:
- Լիբանանյան «Ալ նահար» թերթի համաձայն, «Հզբոլլահը» չի ընդունի թուրքական բանակի ներկայությունը Հարավային Լիբանանում:
- Եվ վերջապես Թուրքիայում ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օնուր Օյմենը դեմ է արտահայտվել զորք ուղարկելուն դեպի «լիբանանյան անորոշ արկածախնդրություն»:
«Թուրքիան գլխացավանքից կազատվի, եթե ինքը հայտարարի, որ հրաժարվում է Լիբանան զորք ուղարկելու մտադրությունից», եզրափակում է իր հոդվածը Հարութ Սասունյանը: