«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2006-08-23 | #160, 2006-08-24 | #161, 2006-08-25


ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «ՊԱՀՊԱՆԵԼ ԵՐԿԻՐԸ», ԹԵ՞ «ԱՄԵՆ ԳՆՈՎ»

Ադրբեջանի դիվանագիտության թիվ 1 խնդրի առթիվ

Դեսպան Վլադիմիր Կազիմիրովը 1992-96 թթ. Ռուսաստանի միջնորդական խմբի ղեկավարն էր, Լեռնային Ղարաբաղի գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի մասնակիցն ու համանախագահը: Ներկայումս նա Ռուսաստանցի դիվանագետների ընկերակցության փոխնախագահն է: Հոդվածն արտահայտում է նրա անձնական տեսակետը հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրների վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցներում հոդվածը հրապարակվել է որոշ խեղաթյուրումներով ու կրճատումներով: Ուստի նախընտրեցինք մեր ընթերցողներին ներկայացնել իր նախնական տեսքով:

Ադրբեջանի Հանրապետության բոլոր 46 դիվանագիտական ներկայացուցչություններիՙ օրերս Բաքվում անցկացված խորհրդակցությունում ելույթ ունեցավ նախագահ Իլհամ Ալիեւը: Ամեն երկրում պետության ղեկավարի ցուցումները որոշ նշանակություն ունեն երկրի դիվանագիտական ծառայության համար: Դրանց կենսագործմանն ուղղված աշխատանքը սովորաբար տեւում է տարիներ:

Նախագահը նշեց տնտեսության զարգացման, միջազգային կապերի ընդլայնման ասպարեզում Ադրբեջանի խոշոր հաջողությունները, մյուս պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը, շեշտելով հարեւան երկրների հետ հարաբերվելու առաջնային բնույթը:

Միջազգային իրադրությունը վերլուծելիս եւ Մերձավոր Արեւելքի անցուդարձի լույսով Ի. Ալիեւը ընդգծեց մարդկանց անվտանգության վրա ազդող իրադարձությունների անցանկալիությունը: ԶԼՄ-ները մեջբերումներ են անում. «Մենք պետք է պահպանենք մեր երկիրը», «Մեր արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկն Ադրբեջանում հնարավոր վտանգը նվազագույնի հասցնելն է»: Նախագահի ելույթին եւ խորհրդակցության ընթացքին վերաբերող հաղորդումները հաստատում են Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանձնահատուկ կարեւորությունն Ադրբեջանի համար:

Այս ամենը թերեւս արժե ողջունել որպես պաշտոնական Բաքվի որոշ նախկին դրույթների վերանայում կամ գոնե շտկում: Բայց այդպե՞ս է արդյոք. առայժմ վստահություն չկա, քանզի հակասություններն անչափ շատ են:

Նախագահը ընդգծեց Ադրբեջանի «արտաքին քաղաքականության լավ կշռադատված սկզբունքները»: Եթե խոսվեր երկիրը պահպանելու, վտանգից զերծ պահելու կարեւորության մասին, ապա ոչ ոք չէր վիճի: Բայց հանկարծ կրկին հայտնվում են ծամծմված հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «ամեն գնով» կամ «բոլոր միջոցներով» լուծելու պատրաստակամության մասին: Մինչդեռ առաջինը բնավ չի կապվում երկրորդի հետ: Ուրեմն ո՞րը պետք է լինի դեսպանների ելակետը:

Գուցե ինչ-որ մեկը գտնում է, թե հայերի հետ նոր պատերազմը որեւէ վտանգ չի՞ պարունակում հզոր Ադրբեջանի համար: Բայց առկա են շատ թարմ օրինակներ, որ նույնիսկ ուժային անհամադրելի գերազանցությունը չի երաշխավորում հաջողությունը, մանավանդ` արագ հաջողությունը: Իսկ Ադրբեջանը ոչ Իսրայել է, ոչ էլ ԱՄՆ: Հայկական զորքերն էլ կարծես թե «Հզբոլլահի» կազմավորումների կամ իրաքցի գրոհայինների նման չեն: Բաքվում մի շարք զինվորական փորձագետներ ուղղակիորեն արտահայտվել են այս կապակցությամբ:

Գուցե դեսպաններին տրվող պատվիրանները լուրջ են, իսկ մյուսները թշնամիներին ահաբեկելու եւ հայրենակիցներին հանգստացնելո՞ւ համար: Բայց այդ մյուսները ոչնչով չեն օգնում, այլ լոկ դժվարացնում են հակամարտության կարգավորումը, որը կարծես թե Ադրբեջանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն է:

Ի. Ալիեւը ըստ ամենայնի ընդգծում էր, որ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) կարգավիճակը կարող է քննարկվել միայն գրավյալ տարածքներից հայերի հեռանալուց եւ տեղահանվածների` հարազատ վայրեր, այդ թվում ԼՂ վերադառնալուց հետո: Նույնիսկ քննարկվե՞լ: Ավելի ճիշտ կլիներ ասել «որոշվել»: Նախագահը չբացահայտեց, թե ինչու հենց այդպես ասաց: Իսկ այնտեղ ո՞ւմ է առաջարկվում ամենալայն ինքնավարություն` ԼՂ հայերի՞ն, թե՞ ադրբեջանցիներին: Իսկ եթե ադրբեջանցիներին, ապա ինչո՞ւ:

Նախագահի խոսքերով, կարգավիճակը պետք է քննարկվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով այդ ոլորտի համաշխարհային հաջող փորձը: Բայց դա չափազանց ընդհանրական է: Միջազգային իրավունքի նորմերը բազմաթիվ են: Կոնկրետ որո՞նց մասին է խոսքը: Եթե Ադրբեջանի դեսպանները փաստարկների փոխարեն խոսեն վերացարկումներով, ապա զրուցակիցները հազիվ թե հասկանան նրանց:

Իսկ Միլլի մեջլիսի ղեկավարներից Զիյաֆեթ Ասկերովը հայտարարեց. «Կարեւոր է մեկ սկզբունք` տարածքային ամբողջականության սկզբունքը»: Այդ դեպքում ինչպե՞ս վարվենք միջպետական հարաբերությունների մեկ տասնյակ ուրիշ սկզբունքների հետ: Ըստ երեւույթին հարկ կլինի չեղյալ հայտարարել, քանի որ Ասկերովը դեռ չի հասցրել դրանք ուսումնասիրել: Եվ չգիտե, որ դրանք համարժեք են եւ պետք է օգտագործվեն համատեղ, այլ ոչ թե առանձին. ում ինչ դուր կգա: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե...

Բայց վերադառնանք նախագահի ելույթին եւ ԼՂ ինքնորոշման իրավունքի ապահովմանը ձգտող հայերի հետ նրա բանավեճին: Նկատի ունենալով, որ հայերը շատ են նաեւ ուրիշ երկրներում, Ի. Ալիեւը լսարանին հարց է տալիս. «Ամերիկայում, Ֆրանսիայում, ՌԴ Կրասնոդարի երկրամասում, Վրաստանում նո՞ւյնպես նրանց ինքնորոշման իրավունք է տրվելու» եւ «Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է բացառություն լինի»:

Հռետորական հարցերը հնչեղ են, բայց վտանգավոր. «սատանան» մանրամասնությունների մեջ է: Այդ երկրներում շա՞տ են արդյոք այն վայրերը, որտեղ հայերը բնակչության մեծամասնությունն են կազմում, ինչպես ԼՂ-ում (3/4): Վերջին տասնամյակներում նրանց որտե՞ղ են դուրս մղել այնպես, ինչպես Նախիջեւանում եւ Ղարաբաղում, դաժան հալածանքների ենթարկել այնպես, ինչպես Սումգայիթում եւ Բաքվում: Ուրիշ որտե՞ղ են նրանք գրեթե երկու տասնամյակ դիմակայության եւ ավելի քան երկու տարի կատաղի պատերազմի մեջ եղել: Եվ մի՞թե Ղարաբաղն ու Նախիջեւանը վիճելի չէին դեռ անցյալ դարի սկզբից:

Հայերի եւ ադրբեջանցիների հակամարտության ժամանակաշրջանները լի են ողբերգություններով: Ադրբեջանցիները կարող են արդարացիորեն վկայակոչել Խոջալուի դեպքերի դաժանությունը, Հայաստանից իրենց դուրս մղվելը: Դա նույնպես արդարացում չունի: Բայց ի՞նչ պայմաններում տեղի ունեցան Սումգայիթի, Բաքվի եւ Խոջալուի երեք խոշորագույն ողբերգությունները: Մարտերի թեժ պահին կողմերն անտեսեցին հումանիտար իրավունքի նորմերը, եւ կարող էր տեղի ունենալ ինչ ասես. գրեթե գերի չէին վերցնում, ռմբակոծում եւ գնդակոծում էին քաղաքներն ու գյուղերը, վարձկաններ, այդ թվում մոջահեդներ կանչում, խախտում հրադադարի համաձայնությունները եւ այլն:

Սումգայիթն ու Բաքուն Խոջալուից եւ պատերազմից առաջ էին:

Այնպես որ Ի. Ալիեւի նշած երկրների մեջ հայերի հանդեպ վերաբերմունքով Ադրբեջանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եւ իրոք բացառություն է դարձել: Այս պայմաններում ԼՂ կարգավիճակի խնդիրն իրոք չափազանց կարեւոր է: Բաքուն պե՞տք է արդյոք հաշվի առնի այս ամենը եւ հանդես բերի առավել ճկուն մոտեցում: Թե՞ վերոհիշյալը որեւէ նշանակություն չունի: Գուցե կարելի է բավարարվել պարոն Ասկերովի սովորած միակ սկզբունքով եւ անտեսել մնացյալնե՞րը:

Իսկ Մերձավոր Արեւելքում մեր տեսածը եւս մեկ փաստարկ է հօգուտ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների անվտանգությանը սպառնացող նոր վտանգների անթույլատրելիության, հօգուտ տառապալի եւ արյունալի «ոչ-ոքիից» (Նախիջեւան-Լեռնային Ղարաբաղ) հետո նրանց պատմական հաշտեցման:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4