«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2006-08-23 | #160, 2006-08-24 | #161, 2006-08-25


ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԳՈՎԵՐԳՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԸ ԵՎ ՓՆՈՎՈՒՄ ՆԵՐԿԱՆ

Կամ` անցյալի մեջ մնացածները

«Փաստարկ» ակումբում հյուրընկալված ընկեր Ռուբեն Թովմասյանը հակադրում էր անցյալն ու ներկան. «Նոր սերունդը հիմա զարմացած է, թե այդ ինչ երկիր է եղել, որ անվճար բնակարան է տրվել, կամ 7 ռ. 20 կոպեկով մարդիկ հանգստացել են Ջերմուկում, ընդ որում արհմիությունն էլ ասում էր` խնդրում եմ, էս ուղեգիրը վերցրու, որ վրես չմնա»: «Եթե հանրապետությունն ընդունենք մի ընկուզենիՙ ամբողջ բունը ներսից արդեն դատարկ է, որովհետեւ կոռուպցիան, կաշառակերությունը, խնամիությունը, անարժան մարդկանց առաջքաշումը, անարժան մարդկանց երկրի հարստությունները վստահելը շարունակվում են, այդ մարդիկ ժողովրդից խլել են եւ շարունակում են խլել: Մարդիկ, որոնք իրենց կրթական մակարդակով, անցյալով ու ներկայով ոչ մի արժանիք չունեն իշխելու հայ ժողովրդին»: Այս երկրորդը ներկա ժամանակի մասին է, բոլորը տեսնում են այն, ինչ տեսնում են եւ ինչպես տեսնում են, իսկ անցած ժամանակը չհիշող երիտասարդության համար այդ ժամանակը տեսածիս կողմից ասեմ, որ դրանք բոլորովին էլ երանելի ժամանակներ չէին, ամենուր իշխում էին ծանոթությամբ եւ խնամի-բարեկամով հարցերի լուծումը, անարդարությունը, եւ անգամ հանգստյան տան ուղեգիրը տալիս էին միայն ծանոթներին ու «մաղարիչ» անողներին, իսկ եթե ընկեր Թովմասյանն այդ մասին իր պաշտոնի բարձունքներից չի իմացել` հիմա տեղեկացնում եմ:

Բայց, լավ, տեղեկություն տանք Ռ. Թովմասյանի ասուլիսից, ինչը մեր պարտքն է: Թեեւ Ռ. Թովմասյանը համոզված է, որ 2007-ին խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են, բայց իր առջեւ խնդիր է դրել ապագա խորհրդարանում հաղթահարել 5 տոկոսի արգելանքը: Այդ դեպքում կուսակցությունը կունենա հիանալի ամբիոն` արտահայտելու իր մտքերը, կունենա մարդկանց հետ ազատ հանդիպելու հնարավորություն (ինչը հիմա չունի, բոլոր դռները փակում են նրա դիմաց): Մենք էլ կարծում էինք, թե խորհրդարանը նախ օրենք գրելու տեղ է, հետո միայն` խոսելու: Իսկ ընտրությունների այս անգամ կոմկուսը մենակ է գնալու, քանի որ դասեր է առել նախորդ ընտրություններից, երբ 87 տարվա մեջ առաջին անգամ դուրս մնաց խորհրդարանից` համագործակցելով այսուայն ուժի հետ. «Մենք մտադիր չենք մեր ներուժը բերել այլ կուսակցություններին օգնելու, մենք կհամագործակցենք միայն այն դեպքում, եթե այդ կուսակցություններն ընդունեն մեր պայմանները»: Եվ թվեց դրանք` սոցիալական արդարության համար պայքար, հասարակ մարդու ապրելակերպի բարելավում, Ռուսաստանի-Բելառուսի հետ միավորվելու շարժում (այ մարդ, Բելառուսը չի ուզում, չի~ ուզում), կրիմինալի ու կոռուպցիայի դեմ պայքար. «Մեր 50 ռայկոմների ներուժը դնել ուրիշի մեջ, որը տեղի ունեցավ 2003-ին, այդպես ձուլվեցինք եւ չկարողացանք պոկվել առաջ»: Կոմկուսը, սակայն, չի միանա նաեւ արդար ընտրությունների համար այլ կուսակցությունների նախաձեռնություններին, քանի որ իրենց պայքարն ուրիշ է` հո չպիտի՞ անպայման քարով խփեն ու պրեզիդենտի ապակիները ջարդեն. «Որ կոչ անենք` մի քանի հազար մարդ արմատուրայով, գերանդիով, եղանով կլցվի Երեւան, բայց այդ ճանապարհով կոմկուսը չի ուզում գնալ»: Կոմկուսն իշխանության է եկել հեղափոխության ճանապարհով եւ սերնդեսերունդ փոխանցել հեղափոխության ձեւերը, մեթոդները, նպատակները. «Հեղափոխությունը մանկական խաղ չէ, եւ այդ հեղափոխությունն արատավորող մարդիկ, որոնք չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հեղափոխություն, այսպիսի տղայական ձեւով արտահայտություններ են անում, ասում են` այսինչ օրն այսինչ ժամին հեղափոխություն կլինի, իրենք էլ այդ օրը բացակայում են քաղաքից», կեղծ հեղափոխականներին իրենց տեղը դրեց ընկեր Թովմասյանը:

Կոմկուսը բաց է շարքային կոմունիստների, բայց ոչ կուսակցությունից հեռացվածների առջեւ: «Կոմկուսը մասնատված չէ. կան Հայաստանի կոմունիստական կուսակցություն եւ կուսակցությունից հեռացված մարդիկ: Եթե միավորվելու լինենք` ապա մենք կարատավորենք մեր կանոնադրությունը, որի համար դեռեւս 1903 թվականին կռիվ են տվել մեր առաջնորդները»:

Անկախ նրանից, որ Ռ. Թովմասյանը Ռուսաստանի ջատագովն է, դատապարտում է Ռուսաստանում հայերի հանդեպ ահագնացող բռնությունները. «Ո՞վ կմտածեր, որ ֆաշիզմի ջախջախումից հետո Ռուսաստանում կարող են մարդիկ լինել, ովքեր ձեռքերին կկրեն գերմանական խաչը եւ աջ ձեռքը բարձրացրած կասեն «Հայլ Ռոսիա» կամ «Հայլ Հիտլեր. բայց չի կարելի այդ ազգայնամոլությունը վերագրել ռուս ժողովրդի վերաբերմունքին դեպի Հայաստանը»:

Իսկ կրիմինալի, կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարն, ըստ Ռ. Թովմասյանի, ասելով չէ. կոալիցիոն կուսակցություններն էլ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց բոլոր պորտֆելները, նախարարություններն իրենց ձեռքում են. «Նրանք էլ են խոսում կաշառակերության մասին, իսկ ո՞վ պիտի պայքարի, հասարակ ժողովո՞ւրդը: 300 հազար էլ կարծեմ ժամանակին ստացան կոռուպցիայի դեմ պայքարելու համար»: Այսպես խոսեց ընկեր Թովմասյանը:

Ն. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4