«Ֆրանսպրես» լրատվական գործակալության թղթակից Դանիել Սիլվան Լիսաբոնից գրում է, որ չնայած Պորտուգալիան նավթ չի արտադրում, նավթային հարստությունից այնուամենայնիվ օգտվում է վերջին հիսուն տարիների ընթացքում: Այդ հարստությունը մեծ դեր է կատարել երկրի տարբեր բնագավառների զարգացման գործում:
Հոդվածը, որ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն արտատպել է իր օգոստոսի 12-ի համարում, անդրադառնում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամին: 1956-ին ստեղծված այդ հիմնադրամը ներկայի հաշվարկներով երկու միլիարդ եվրոյի (կամ 2,5 միլիարդ դոլար) օգուտ է տվել երկրին, ֆինանսավորելով մի քանի վերականգնողական կենտրոններ, երկրի գլխավոր սիմֆոնիկ նվագախումբը, գրադարաններ եւ կրթական հիմնարկներ:
«Այդ հիմնադրամը արտակարգ բարեբախտություն էր մեր երկրի պատմության մեջ», ասել է անցյալ ամիս 50-ամյակի տոնակատարությունների առթիվ սոցիոլոգ Անտոնիո Բարետոն, որը գիրք է գրում երկրի վրա հիմնադրամի ունեցած բախտորոշ ազդեցության մասին:
Յոթանասուներեք տարեկանին փախչելով նացիստական գրավման ենթարկված Ֆրանսիայից, Գյուբենկյանն իր կյանքի վերջին 13 տարիներն անցկացրել է Լիսաբոնի հյուրանոցներից մեկում եւ որպես երախտագիտություն մահվանից երեք տարի առաջ իր հարստությունն ու արվեստի գործերի հսկայական հավաքածուն կտակել է երկրին` բարեգործական մի հիմնադրամ ստեղծելու ակնկալիքով: Սկզբնական 14 միլիոն եվրոյի համարժեք գումարի ակտիվները, հիմնադրամի գործադիր մարմնի ճիշտ աշխատաոճի շնորհիվ հասել են երեք միլիարդ եվրոյի, որն ամբողջ Պորտուգալիայի համախառն ներքին արտադրանքի երկու տոկոսն է կազմում:
Դրանով հիմնադրամը համարվում է Եվրոպայի 6-րդ մեծագույն բարեգործական կազմակերպությունը: Նրա հոլդինգների թվում է «Պարտեքս» նավթային ընկերությունը, որը տարեկան 13,5 միլիոն բարել նավթ է արտադրում եւ առաքում Աբու Դաբի, Անգոլա, Ալժիր, Բրազիլիա, Ղազախստան եւ Օման: Բարեգործական միջոցառումների համար հիմնադրամի տարեկան բյուջեն կազմում է ակտիվների 4 տոկոսը, որն այս տարի հավասար է 113 միլիոն եվրոյի: Այդ գումարի 80 տոկոսը ծախսվում է Պորտուգալիայում, 20 տոկոսը` երկրի աֆրիկյան նախկին գաղութներում:
Հիմնադրամի առաջին նախաձեռնություններից է եղել «շրջիկ գրադարանների» ցանցի ստեղծումը, որը Պորտուգալիայի աջակողմյան բռնատիրության ժամանակաշրջանում 156 մշտական գործող գրադարաններին զուգահեռ 61 շրջիկ ավտոբուսներով գրականություն է հասցրել երկրի ամենախուլ անկյունները: Մյուս կարեւոր գործը եղել է ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելը: Ցարդ 65 հազար հոգի է օգտվել դրանից, այդ թվում Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակո Սիլվան, որն այդ կրթաթոշակով տնտեսագիտության գծով իր դոկտորականն է պաշտպանել Անգլիայում:
«Կարծում եմ, մենք երբեք չենք կարող բավարար չափով երախտապարտ լինել նրան իր առատաձեռնության համար», ասել է «Ջեյ Էլ» (JL) գրական հանդեսին տված իր հարցազրույցում հիմնադրամի պրեզիդենտ Ռուի Վիլարը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ