Դրանք դարձյալ հեռու են բնակարանների շուկայական գներից
Կառավարությունում ի վերջո որոշվել են Գյումրու երկրաշարժից անօթեւան իրավասու ընտանիքներին այս տարվա ծրագրով տրամադրվելիք` բնակարանի գնման պետական վկայագրերի արժեքները: Դրանք սահմանվել են մեկ քառ. մետրի համար 46 հազար 650 դրամ հաշվարկով, ըստ որի մեկսենյականոց բնակարանի գնման վկայագրի արժեքը կազմելու է 2 մլն 99 հազար դրամ, երկսենյականոցինը 2 մլն 565 հազար, երեք սենյակինը` 3 մլն 32 հազար եւ չորսսենյականոց բնակարանինը` 3 մլն 498 հազար դրամ: Այս մասին երեկ Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց այստեղ հերթական աշխատանքային այցով գտնվող ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Կարլեն Գեւորգյանը: Փոխնախարարը հայտնեց, որ այդ արժեքները որոշվել են ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում քաղաքում բնակարանների միջին շուկայական գների վերաբերյալ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած տեղեկանքի հիման վրա:
Իրականում ակնհայտ է, որ վկայագրերի սահմանված արժեքները ինչպես անցյալ տարի, այս անգամ եւս, մեղմ ասած, չեն համապատասխանում շուկայի գներին: Դա մասամբ ընդունեց նաեւ պրն. Գեւորգյանը, միաժամանակ հիշեցնելով, որ անցյալ տարի այս ծրագրով բնակարանի գնման երկու հարյուրից ավելի գործարք է կատարվել: Իսկ ահա ըստ Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցչի` անցյալ տարվա փորձն իսկ ցույց է տալիս, որ ԲԳՎ ներկա ծրագիրը Գյումրիում չի գործում:
Գ. Մ.