Պարզվում է, որ կա Սերգեյ Սարինյան անունով գրականագետ, թե՞ գրաքննադատ (չէինք իմացել), որը ոչ միայն գրականագիտական հոդվածներ, ուսումնասիրություններ, գրքեր է տպագրում, այլեւ` հուշագիրք: Ու էս հուշագրքում Պարույր Սեւակի մասին անապացուցելի հայտարարություններ է անում, Բանաստեղծին անվանելով «համապատասխան օրգանների» մարդ: Հասկանալի է, որ այս հայտարարությունը պետք է, որ զայրույթ առաջացներ, ամեն մի նորմալ հայ պետք է ընդվզեր, որովհետեւ մինչեւ Ս. Սարինյանը ուրիշ որեւէ մեկը Պարույր Սեւակին չէր կապել «համապատասխան օրգանի», ասենք` ՀԽՍՀ մեքենատրակտորային կայանների վարչության կամ Հայկոոպի վարչության հետ (մենք կարծում էինք, թե Ս. Սարինյանը հենց այդ վարչությունները նկատի ուներ): Բայց պարզվում է` ոչ:
Ս. Սարինյանը ընդվզել է մեր զայրույթի առիթով եւ մեր նյութի վրայի ներկը դեռ չչորացած` «Ազգի» խմբագրատուն է հասցրել իր բացատրագիրը: Այս նամակ-բացատրագրում նա երեք անգամ շեշտում է ԿԳԲ անունը: Չգիտենք, ինչո՞ւ է դա արել, երբ մեր խոսքում մենք բնավ չենք նշել, թե Ս. Սարինյանը Պարույր Սեւակին համարում է հենց «ԿԳԲ»-ի աշխատող (հայ գրականագետը հավանաբար ցանկացել է ասել ՊԱԿ-ի, բայց ինչպես այս, այնպես էլ «Ի հեճուկս» գրքի մյուս տարրական սխալների մասին չարժե խոսել, ուշ է):
Նամակ-պատասխանում մի նախադասություն կար, որ մեզ հույս էր տալիս, թե Ս. Սարինյանը զղջում է, ասելով, որ «վրիպանք» է թույլ տվել: Եվ եւս մեկ միտք, որ գրում է Ս. Սարինյանը. «... Վերջում կուզեի փարատել հոդվածագրի սրտահույզ տագնապը, ասելու համար, որ Պարույր Սեւակին անհնարին է սպանել եւ վեր է ոչ միայն Սերգեյ Սարինյանի, այլեւ նման մահկանացուների ուժերից»: Եթե սեփական հնարավորության այսպիսի ճշմարիտ հաշվեկշռում ունեիր, էլ ինչո՞ւ էիր «վրիպանք» թույլ տալիս:
Ի դեպ այս «վրիպանքը» կարելի կլինի ուղղել, որովհետեւ որքան մեզ հայտնի է «Ի հեճուկս» գրքի միայն 6 օրինակ է տպագրվել, թեեւ նշված է, որ տպաքանակը 250 է: Խելամիտ մարդիկ խորհուրդ կտան Ս. Սարինյանին գրքից պոկելու-հանելու 268-271 էջերը: Որքան գիտեմ, այդպիսի խորհուրդ էլ է եղել: Բայց դա կփրկի՞: Իհարկե, ոչ: Որովհետեւ այս գիրք կոչեցյալում անվանարկվել են այնպիսի մարդիկ, որպիսիք են Հրանտ Թամրազյանը, Լեւոն Ներսիսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Էդմոն Ավետյանը, Անահիտ Սահինյանը, Վազգեն Գաբրիելյանը...
Մի գրեք, պարոն Սարինյան, Աստծո սիրուն, մի գրեք: Եվ եթե հնարավոր է` վառեք, ոչնչացրեք Ձեր հուշերի գիրքը: Գուցե փրկվի Սերգեյ Սարինյան անունը:
Եվս մեկ խորհուրդ. մի խոսեք նաեւ ՀՀ գրողների միության նախագահի աշխատասենյակում, երբ գիտեք, որ Ձեզ ձայնագրում են:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ