Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի երեւանյան առանձնատունը երեկ երեկոյան նախամուտքից սկսած հայկական ժողովրդական արվեստի բույր ու շնչառություն ուներ: Խեցեգործական ու փայտագործական արվեստի ցուցադրված նմուշները իրենց պարզությամբ ու նախնական մաքուր ձեւերով հանդերձ, ստեղծագործ ու որոնող մտքի հարուստ երեւակայությամբ էին օժտված, եւ աչքի էր ընկնում նրանց բազմազանությունը: Սահակ Սահակյանի ստեղծած կերպարների մտացածին աշխարհը իր ձեւերն ու գույները վերցրել է հայ ժողովրդական մտածողության ավանդական ակունքներից, այդ ակունքները տանում են իր մշեցի պապերիՙ քարագործների, բրուտների, նաղաշների հարուստ անցյալը: Ճանաչված ժողովրդական վարպետի աշխատանքներում առկա են ինչպես հայ ավանդական արհեստագործությանը բնորոշ մոտեցումներՙ տեխնիկայի, ընտրված թեմայի, նյութի տեսակետից, այնպես էլ հայ ազգային ավանդազրույցների, ժողովրդական էպոսի, անգամ կենցաղի ու սովորույթների տարրեր: Իր ստեղծագործությունները գերազանցապես ներշնչված են բնությունից, որպես նախնական հումք օգտագործվում է գրեթե ամեն ինչ. հետաքրքրականըՙ որ կարող է ստանալ գեղագիտական արժեք առաջին հայացքից ամենաանպետքական իրից, ասենք սառնարանի կամ տակառի դեն գցված մի կտորից:
Կավը, մետաղը, քարը, փայտը, նաեւ զանազան այլ իրերՙ կտոր, կաշի, թուղթ նրա վարպետ ձեռքերի տակ երեւակայական, հեքիաթային մարմնավորումներ են ստանում: Դեկորատիվ-կիրառական, խեցեգործական աշխատանքներում նկատելի են հայկական ճարտարապետական օրնամենտների, գորգանախշերի, խաչքարային զարդաքանդակների ազդեցություններ, դրանց էլեմենտների կիրառություններ: Վարպետը, չնայած պրոֆեսիոնալ նկարչական կրթություն չունի, սակայն բնածին տաղանդի օժտվածությամբ, գույնի ու նկարչական ձեւերի հարուստ զգացողություններով ու փորձով իր արվեստը հասցրել է պրոֆեսիոնալ մակարդակի: Նա Հայաստանի նկարիչների միության անդամ է: Իր աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Միլանում, Փարիզում, Մարոկկոյում, Հնդկաստանում եւ այլուր: Իր անսովոր երեւակայությունը արվեստի արժեք է ստեղծում մեզ համար խիստ աննկատ երեւույթներից ու նյութերից, ու սրանց մեջ վարպետը ազգային գեղագիտական մտածողություն է ձեւավորում. սա է հետաքրքրություն առաջացնողը եւ օտարին նախեւառաջ գրավողը:
Ուրույն աշխարհ են նրա քանդակային ստեղծագործությունները: Գաղափարները արտահայտություն հաճախ գտնում են որեւէ նշանակալի գրական կերպարի ներշնչումով, որոշ կոմպոզիցիոն աշխատանքներում արտահայտված է նրա քաղաքացիական վերաբերմունքըՙ ժամանակին խորհրդային գաղափարախոսության ընդդիմադրի իր կեցվածքը:
Բնանյութը Սահակյանի տարերքն է, ինքը բնության պարզ մարդն է եւ շրջապատը տեսնում է ամենայն մանրամասներով. իր համար ճանապարհի պատահական քարը ընդամենը ավելորդ մասերից ազատվելով, դառնում է մտածողություն եւ գեղագիտություն: Այս ամենով հանդերձ նրա իրերի կամ նկարների խորքում կյանքի դառնությունն ու ցավը խորապես զգացող մարդն է: Այդ են հուշում գույներըՙ մուգ ստվերներով հագեցված:
Դեսպան Ջոն Էվանսը եւ իր կինը ժողովրդական արվեստի հանդեպ իրենց նախասիրությունից ելնելովՙ երեւանյան հասարակական վայրերից մեկում պատահաբար տեսնում են Սահակյանի գործերից, ուշադրության են արժանացնում եւ կազմակերպում նրա գեղանկարչական եւ դեկորատիվ-խեցեգործական աշխատանքների այս ներկայությունն իրենց առանձնատանը: Հայ վարպետի գործերի հետ ցուցադրվում էր նաեւ ժողովրդական մոտիվներով ստեղծագործող ամերիկյան նկարիչ Էրլ Քանինգհեմի աշխատանքներից: Պարզ, մանկական անմիջականությամբ (պրիմիտիվիզմին հարող) այս նկարների եւ Սահակյանի աշխատանքների զուգադրումը նրանց աշխարհայացքների ու մոտեցումների հարազատությամբ է պայմանավորված:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ