«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2006-08-23 | #160, 2006-08-24 | #161, 2006-08-25


ԱՆՎՃԱՐ ԲԱԺԻՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐԸ 59,1-Ն Է, ԱՄԵՆԱՑԱԾՐԸ` 16-Ը

Նախարարությունից վստահեցրին, որ գրեթե ոչ մի դիմորդ դուրս չի մնա

Երեկ երեկոյան ժամը 7-ին պետք է փակցվեին ընդունելության քննությունների արդյունքները, եւ մինչ սրտատրոփ սպասող դիմորդներն ու նրանց ծնողները կիմանային իրենց հետագա ճակատագիրը, «Ազգ»-ը փորձեց պարզել, թե այնուամենայնիվ ինչպիսի պատկեր է լինելու եւ ի վերջո ովքեր են այս տարի համալրելու համալսարանականների շարքերը:

Ընդունելության քննությունների ընթացքում բազմիցս հնչած կարծիքները, թե ընդունելության միավորների շեմն այս տարի, բացառությամբ «ամենապոպուլյար» բաժինների, խիստ իջել է, իրականացան: Ավելին, ստացվում է, որ երկու 8 ստացողն անգամ ոչ մի կերպ չի կորցնի ուսանող դառնալու հնարավորությունը, քանի որ հնարքներն ու հնարավորությունները, գոնե այս տարի, այնպես են դասավորվել, որ «գոհ կլինեն» ե՛ւ դիմորդները, ե՛ւ ընդունելության քննական գործընթացի կազմակերպիչները: «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում կրթության եւ գիտության նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանն ասաց, որ ընթացող մրցույթները հիմնականում շատ ցածր են եղել եւ, հաշվի առնելով նաեւ առանց տարկետման իրավունքի (ատե) 1000 տեղերն էլ, կարելի է ասել, որ դուրս կմնան միայն «կտրվածները», այսինքն` նվազագույն գիտելիքներ չունեցողները, որոնք չեն հաղթահարել անգամ անհրաժեշտ 8 միավորի սահմանը: Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց նաեւ այս տարվա ամենաբարձր եւ ամենացածր միավորների մասին:

Անդրադառնանք ընդունելության ամենաբարձր միավորներով բաժիններին, որտեղ վերջին տարիների նման այս տարի էլ մեծ մրցություն է եղել: Անվճար անցնելու ամենաբարձր միավորըՙ 59,1, գրանցվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի թարգմանչական գործ (անգլերեն, հայերեն, ռուսերեն) բաժնում: Նույն բաժնի վճարովի համակարգի համար անցողիկը 56,3 միավորն է: Հաջորդ տեղում պետհամալսարանի անգլերեն լեզվի եւ թարգմանչական գործի բաժինն է` անվճարը` 58, վճարովին` 54,6 միավոր, իրավագիտությունը` 57,5 միավոր անվճարի, 55 միավոր էլ վճարովիի համար: Նույն համալսարանի միջազգային հարաբերություններում այս տարի դիվանագետները անվճար կկրթվեն 57,3 միավորով, իսկ 54 միավոր ստացողները ստիպված կլինեն վճարել: Սրանք թերեւս ամենաբարձր միավորներով աչքի ընկած բաժիններն են: Պետհամալսարանի ամենացածր միավորը 16-ն է, որն անցողիկ է ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի բաժիններում: ԵՊՀ-ի ամենացածր անվճարի միավորը 18,1-ն է, որը գրանցվել է քիմիա բաժին ընդունվելու համար: Նույն բաժնի վճարովիի համար գրեթե բավարար է նաեւ երկու 8 միավորը. քիմիա բաժնի վճարովի համակարգում սովորելու համար անհրաժեշտ է 16,3 միավոր:

Տնտեսագիտական համալսարանին, Լիլիթ Գալստյանի վստահեցմամբ, հատկացվել են ամենաշատ ատե-ները, որոնց շնորհիվ ընդունելության միավորի շեմն իջել է: Ամենաբարձր միավորը անվճար անցնելու համար այս բուհում 47,4-ն է` տեսական տնտեսագիտություն բլոկի համար: Մրցույթը ցածր է եղել նաեւ մանկավարժական համալսարանում:

Մամուլի քարտուղարի խոսքերով, վիճակը աղետալի է եղել ճարտարագիտական, ճարտարապետաշինարարական, ագրարային համալսարաններում: «Ընդհանուր դիմորդների վատ պատրաստվածության պատճառով շատ ֆակուլտետներում անցողիկ է եղել 28 միավորը», նշեց Գալստյանը: Ճարտարագիտական համալսարանում ամենաբարձր միավորը` 33,8-ը անցողիկ կլինի կիրառական մաթեմատիկա բաժնի անվճարի համար, իսկ հանրահայտ կոմպյուտերային համակարգերի (վետե) բաժնի անվճար համակարգի համար 33, 3-ն էլ բավարար կլինի: Դիմորդների մակարդակի ցավալի անկման մասին են խոսում նաեւ բժշկական համալսարանի անցողիկ միավորները: Ամենաբարձր մրցույթն այստեղ եղել է ստոմատոլոգիական գործ բաժնում` 37,8 անվճարի, իսկ 35,6-ը նույն բաժնի վճարովիի համար է: Թափուր տեղերի համար մամուլի քարտուղարը չկարողացավ որեւէ կոնկրետ տեղեկություն հաղորդել` նշելով միայն, որ դրանք երեւի չեն լինի:

Եթե նախնական հաշվարկ կատարենք, կստացվի, որ յուրաքանչյուր դիմորդ, ով նվազագույն 8 միավորը ստացել է, «կտեղավորվի» որեւէ բաժնում: Որքանով է դա լավ, դժվար է ասել, քանի որ ցածր միավորներ ստացած դիմորդներով բարձրագույն ուսումնական հաստատությունները «լցնելու» իրողության արդյունքները նկատելի կլինեն մի քանի տարի հետո: Սրան էլ գումարվում են առանց տարկետման իրավունքի հատկացվող տեղերը, որոնք ստեղծված են «ամեն կերպ դիմորդին պահելու», հետեւաբար նաեւ գումար աշխատելու համար: Գուցե այս կարծիքին շատերը համամիտ չլինեն, որովհետեւ շատ ծնողների բաղձալի երազանքը բուհում իր երեխային տեսնելն է, իսկ դրա համար նրանք անգամ սխրանքների են պատրաստ:

Նշենք, որ 2006-07 թթ ուսումնական տարվա համար մեր երկրի բուհերում 9940 տեղ է հատկացվել, որից 4342-ը անվճար, 5998-ը վճարովի համակարգերի համար: Սրան էլ ավելացվում են շուրջ հազար առանց տարկետման իրավունքի տեղերը` հասնելով մոտավորապես 11 հազարի: Հաշվարկի պարզության համար նշենք, որ քննություններին այս տարի մասնակցել է շուրջ 12 հազար 600 դիմորդ, որոնցից մոտ 4 հազար 50-ը «կտրվել» եւ դուրս է մնացել պայքարի շարունակությունից: Ինչ է մնում «տակը», կարող եք եւ ինքներդ հաշվել. գուցե թափուր տեղերի հարցն էլ լուծվի:

Սրանք առաջին տեղեկություններն էին այս տարվա բուհական ընդունելության քննությունների մասին, որոնք բնականաբար միանշանակ չեն ընդունի ոչ դիմորդներն ու նրանց ծնողները, ոչ էլ քննական գործընթացի կազմակերպիչները:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4