Մոսկվայում ավարտվեց բարձր էներգիաների ֆիզիկայի հարցերին նվիրված 23-րդ միջազգային գիտաժողովը (ռոչեսթրյան գիտաժողով): Բարձր էներգիայի եւ տարրական մասնիկների ֆիզիկայով զբաղվող գիտնականների այդ խոշորագույն եւ ամենահեղինակավոր համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ: Ռուսաստանի մայրաքաղաքում հավաքվել էին աշխարհի 50 երկրների հազարից ավելի գիտնականներ:
Մեծ հետաքրքրություն առաջացրեց միջազգային լայն համագործակցության պայմաններում Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի գլխավորությամբ կատարված աշխատանքների շարքը, որտեղ կանխատեսվում եւ ուսումնասիրվում է տաք եւ խիտ ադրոնային նյութի խառը փուլը:
ՌԴ ԳԱ թղթակից անդամ, Դուբայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ Ա. Սիսակյանի խոսքերով, գիտաժողովի ծրագիրը կոչված է ամփոփելու վերջին երկու տարում բարձր էներգիայի ֆիզիկայի գլխավոր ձեռքբերումները եւ նախանշելու դրա հետագա զարգացման ուղիները:
Վերջին տասնամյակում մասնիկների ֆիզիկայի ասպարեզում տեղի են ունեցել իրոք հեղաշրջիչ հայտնագործություններ, որոնք փոխել են մեր պատկերացումները շրջակա բնության վերաբերյալ: Անսպասելիորեն պարզվեց, որ տիեզերքը 96 տոկոսով կազմված է ինչ-որ մութ էներգիայից, մութ նյութից: Վիթխարի արագացուցիչներով պետք է կատարվեն նոր գիտափորձեր, որոնք թույլ կտան լույս սփռել բնության այդ առեղծվածների վրա:
Այսօր տարբեր երկրներում ծրագրվում են նոր սերնդի կայանքներ ստեղծելու նախագծեր (արագացուցիչներ, ստորգետնյա, ստորջրյա եւ տիեզերական աստղադիտակներ` մատերիայի խորքերը 10-16 սանտիմետր մասշտաբից ավելի թափանցելու համար):