Այս օրերին Հայաստանում գտնվող ամերիկացի գործարար, հայտնի բարերար Ջոն Հանթսմանը երեկ առավոտյան, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ այլ ուղեկիցների հետ կարճատեւ այց կատարեց Գյումրի: Նա եղավ երկրաշարժից հետո քաղաքի կենտրոնում իր տրամադրած միջոցներով հիմնված թաղամասում, կանգ առավ այդտեղ վեց տարի առաջ առաջինը շահագործման հանձնված Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ բարերարին ողջունեցին կրթօջախի մանկավարժներն ու շնորհալի սաները, այցելեց քաղաքի այլ նորակառույցներ:
«Ես ուրախ եմ տեսնելու, որ Գյումրին վերակառուցվում ու գեղեցկանում է»,- նախորդ այցից հետո կատարված փոփոխությունները նկատի ունենալով` գոհունակությամբ նշեց պրն. Հանթսմանը: Այցին միացած նրա որդին` Պիտերը, հավաստեց մեր երկրի մասնավորապես կրթության ոլորտին աջակցելու իրենց պատրաստակամությունը, այդտեղ տեսնելով Հայաստանի լավ ապագան: