«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2006-08-23 | #160, 2006-08-24 | #161, 2006-08-25


«ԿԻԼԻԿԻԱՆ» ՊՏՈՒՅՏ ԿԱՏԱՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՇՈՒՐՋԸ

Եվ սա առաջին դեպքն է աշխարհում

«Կիլիկիայի» նավախելի հետեւում մնաց վերջին (7-րդ)` Ազովի ծովը: Կերչի նեղուցն անցնելով` հայկական առագաստանավը կրկին դուրս եկավ Սեւ ծով: Շուտով, համընթաց քամու պայմաններում նավը հատեց պայմանական այն նավարկուղու պայմանական գիծը, որով 754 օր առաջ (2004 հուլիսի 30-ին) շարժվել էր դեպի օվկիանոս եւ նոր ծովեր: Հենց այդ վայրում նավի վրա հնչեց «բոլորը դեպի վեր» հրամանը: Մենք պարզապես պարտավոր էինք հարգել ծովային ավանդույթը` նշելով մի ամբողջ երեւույթ դարձած իրադարձությունը: Նախ եւ առաջ մենք պետք է միմյանց եւ մեր ժողովրդին խոստովանեինք, որ նպատակն իրագործված է: «Կիլիկիան» պտույտ կատարեց Հին աշխարհի` Եվրոպայի շուրջը: Ահա ծովային նավարկության պատմության նորույթը կազմող աշխարհագրական բաղադրիչները. Սեւ ծով, Բոսֆոր, Մարմարա ծով, Դարդանել, Միջերկրական ծով (սեփական 10 ծովերով), Ջիբրալթար, Ատլանտյան օվկիանոս, Լա Մանշ, Պա դը Կալե, Հյուսիսային ծով, Քիլի ջրանցք, Բալթիկ ծով, Նեւա գետ, Լադոգա, Օնեգա եւ Բելոյե լճեր, Վոլգա-Բալթիկա ջրուղի, Վոլգա, Վոլգա-Դոն ջրանցք, Դոն, Ազովի ծով, Կերչի նեղուց, Սեւ ծով: Եվ այստեղ շրջանը փակվեց:

Մենք մեզ թույլ էինք տալիս հեգնել, Եվրոպան անվանելով արդեն ոչ թե ինչ-որ թերակղզի, այլ կղզի (թեեւ այս կատակի մեջ ճշմարտության մեծ բաժին կա, քանզի գիտական բնորոշման համաձայն, կղզին բոլոր կողմերից ջրերով շրջապատված ցամաքն է): Այն աստիճան կատակեցինք, որ որոշեցինք այսուհետեւ Եվրոպան, ինչպես նաեւ Ասիան անվանել ոչ թե աշխարհամասեր, այլ մայրցամաքներ: Իսկ հերթափոխի կատակասեր պետ Հայկ Բադալյանը եւ ոչ պակաս կատակասեր խոհարար Սամվել Սարգսյանը գտնում են, որ այսուհետեւ հարկավոր է չեղյալ հայտարարել Եվրասիա անվանումը, որը սխալմամբ համարում են Երկրի ամենամեծ մայրցամաքը:

Սակայն ամենից շատ հենց «Կիլիկիան» էր ուրախանում մեր անսպառ կատակներից: Նավի համար որեւէ նշանակություն չուներ, թե մարդկությունը վաղվանից ինչպես կանվանի Եվրոպան եւ Ասիան: Նրա համար անհամեմատ կարեւոր էր այն, որ ինքը շարժվում էր արդեն շատ ծանոթ ուղիով, որն ակնհայտորեն տուն է հասցնելու իրեն: Մենք համաձայն ենք նրա հետ, բայց ընդսմին չենք դադարում միմյանց խոստովանել, որ նպատակն իրագործված է:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4