Սեպտեմբերի 20-ին անցկացվելիք Հայաստան-սփյուռք երկրորդ տնտեսական համաժողովը կունենա մինչեւ 1000 մասնակից, իսկ 2003 թ.-ին անցկացված համանման միջոցառումն ունեցել է մոտ 800 մասնակից: «Նոյյան տապան»-ի տեղեկացմամբ, հայտնել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նա համաժողովի մասնակիցների թվի աճը բացատրում է Հայաստանի տնտեսական ցուցանիշների, երկրի ներդրումային գրավչության աճով: Տ. Դավթյանի տվյալներով, համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած Հայաստանի եւ սփյուռքի գործարարների հարաբերակցությունը հավասար է: Սպասվում է նաեւ ոչ հայ գործարարների մասնակցությունը մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունքում: Բացի այդ, նախատեսվում է մի շարք միջազգային տնտեսական կազմակերպությունների, այդ թվում` Հայաստանում չգործող, ներկայացուցիչների մասնակցությունը համաժողովին:
Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 22-25-ը կանցկացվի Pan-Armenian EXPO 2006 «Հայաստանի տնտեսությունը անկախության 15 տարիներին» խորագիրը կրող ցուցահանդեսը: