Երեկ առավոտվանից Աբովյան քաղաքում արտասովոր իրարանցում եւ ուրախություն էր: Շուրջ 62 հազար բնակիչ ունեցող քաղաքի կենտրոնում 1,5 տարում վեր կխոյանա Սուրբ Հովհաննես եկեղեցին` ԱԺ պատգամավոր եւ Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ: Նոր եկեղեցի ունենալու հարցը քննարկվել է դեռեւս 90-ական թվականներից, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: 4 ամիս առաջ միայն Գագիկ Ծառուկյանը որոշեց իր վրա վերցնել այդ կարեւոր նախաձեռնությունը: Քաղաքում հոգեւոր դաստիարակության միակ օջախը եղել է 1851 թ. կառուցված փոքր եկեղեցին, որը չէր կարողանում սպասարկել այդքան բնակչությանը:
Եկեղեցու հիմքերը գցվել են երկու ամիս առաջ, իսկ երեկ տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը` ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: Առաքյալներին, Գրիգոր Լուսավորչին եւ ավետարանչականներին խորհրդանշող 16 քարերը օրհնվեցին, օծվեցին սուրբ մեռոնով եւ դրվեցին եկեղեցու հիմքերում, որոնց վրա վեր կխոյանա Սբ. Հովհաննես եկեղեցին:
Սա Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական գործունեության առաջին դրվագը չէ: Ինչպես իր խոսքում նշեց Ամենայն հայոց կաթողիկոսը, բարերարն առաջին եկեղեցին կառուցել է Առինջ թաղամասում, վերանորոգել է Սբ. Աստվածածին եկեղեցին եւ հիմա էլ նախատեսել է Սբ. Հովհաննես եկեղեցու կառուցումը, որն ավարտին կհասնի 1,5-2 տարուց: «Թող Աստված երրորդության ներքո խաղաղության եւ ապահովության մեջ պահի հայոց աշխարհը», օրհնության խոսքում ասաց Վեհափառ հայրապետը` Տիրոջ օրհնությունն ու հովանավորությունը խնդրելով Ծառուկյան ընտանիքի համար: Կաթողիկոսը իր օրհնությունը բերեց նաեւ եկեղեցաշինության ազնիվ գործընթացում իրենց անգնահատելի ներդրումն ունեցած ճարտարապետին եւ շինարարներին: Գործարար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ եկեղեցու կառուցումը պետք է լիներ դեռ 10 տարի առաջ, սակայն հպարտ է, որ այսօր այդ պատվին ինքն է արժանանում:
Եկեղեցին վեր կխոյանա քաղաքի կենտրոնական մասում` մի բարձունքի վրա, որը տեսանելի է քաղաքի շատ կետերից: Եկեղեցու նախագծի հեղինակ Արտակ Ղուլյանի ներկայացմամբ, կառուցվելու է ազգային ավանդական եւ դասական եկեղեցաշինական ոճի կառույց: «Հավատարիմ ենք մնացել հիմնական սկզբունքներին, եւ եկեղեցին կմարմնավորի հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները»
Հիմնարկեքի արարողությունից հետո, որը տեւեց մոտ մեկ ժամ, հավատավոր ժողովրդին հյուրասիրեցին մատաղ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ