«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2006-08-23 | #160, 2006-08-24 | #161, 2006-08-25


«ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ շրջանում գերազանց է հանդես գալիս Երեւանի «Արարատը»: Նոր գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ արարատցիները մեկը մյուսի հետեւից պարտության են մատնում մրցակիցներինՙ հավակնելով առաջնության պարգեւներին: Հերթականՙ 4-րդ անընդմեջ հաղթանակը «Արարատը» տոնեց Կապանում, որտեղ հյուրընկալվել էր տեղի «Գանձասարին»: Այդ հանդիպումը սկզբունքային նշանակություն ուներ արարատցիների համար, քանի որ 1-ին շրջանում նրանք Կապանում իրենց դարպասին վերջին րոպեին նշանակված վիճելի 11 մ հարվածով ցավալի պարտություն էր կրել (1-2): Եվ ահա արարատցիները ռեւանշի հասան: Արդեն 2-րդ րոպեին թիմի ավագ Արթուր Մինասյանը բացեց հաշիվը: Մինչեւ ընդմիջում «Գանձասարի» ռմբարկու Արթուր Քոչարյանը վերականգնեց հավասարակշռությունը: Այնուամենայնիվ, արարատցիները հանգստի գնացին հաշվի մեջ առաջ լինելով: 1-ին խաղակեսի վերջին րոպեին դաշտի տերերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին կանոնները եւ «Արարատի» նորեկ Նշան Էրզրումյանը հստակ իրացրեց 11 մ հարվածը: Նշանը վերջին 4 հանդիպումներում դաշտից չի հեռանում առանց գոլիՙ իր օգտին գրանցելով 7 գնդակ:

Ընդմիջումից հետո էլ արարատցիների առավելությունը նկատելի էր: Նրանք եւս մի քանի անգամ վտանգավոր պահեր ստեղծեցին մրցակցի դարպասին եւ ի վերջո հանդիպման վերջին րոպեին Վահե Մեհրաբյանը 3-րդ գնդակը խփեց: Այսպիսով, հաղթելով 3-1 հաշվով, «Արարատը» կիճատեց միավորների տարբերությունը 3-րդ տեղում ընթացող «Միկայից» եւ հիանալի հնարավորություն ունի շարունակելու պայքարը մրցանակային տեղերի համար:

Տուրի մյուս խաղում «Հանրապետական» մարզադաշտում մրցեցին առաջնության հետնապահներ «Ուլիսն» ու «Շիրակը»: Առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին ուլիսցիները, որոնց կազմում առանձնանում էր Գեւորգ Նռանյանը: Նրանք մի քանի անգամ սպառնացին «Շիրակի» դարպասին, որոնցից մեկն էլ 45-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով: Աջ թեւից Նավոյանի փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Գոռ Աթաբեկյանը:

Ընդմիջումից հետո շիրակցիները շատ ջանքեր գործադրեցին պարտությունից խույս տալու համար, բայց դա նրանց չհաջողվեց: 61-րդ րոպեին շիրակցի Կարեն Խաչատրյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Կարող էին հաջողության հասնել նաեւ ուլիսցիները, բայց Հայկ Հակոբյանը նպաստավոր դիրքից վրիպեց: Այսպիսով, «Ուլիսին» վերջապես հաջողվեց հաղթանակ տոնել, սակայն թիմը շարունակում է հանգրվանել աղյուսակի վերջին հորիզոնականում:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ18152152-1347
2. Բանանց18121542-1737
3. Միկա18104425-1334
4. Արարատ1893629-2330
5. Գանձասար18521118-4017
6. Կիլիկիա18431122-4015
7. Շիրակ1836911-3715
8. Ուլիս18311417-3310

Ռմբարկուները

Արամ Հակոբյան«Բանանց»16
Նշան Էրզրումյան«Արարատ»12
Արսեն Ավետիսյան«Փյունիկ»11
Արմեն Շահգելդյան«Միկա»10
Արթուր Քոչարյան«Գանձասար»9
Էդգար Սաֆարյան«Արարատ»8

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4